‹‹Թեվանիկ›› -ը՝ հաջողության ճանապարհին

(ԱՊԱՌԱԺ) ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հրավերով՝ հոկտեմբերի 23-31-ը Բելգիայի, Հոլանդիայի եւ Շվեդիայի մի քանի քաղաքներում ցուցադրվեց Ջիվան Ավետիսյանի ‹‹Թեվանիկ›› ֆիլմը:

Ցուցադրություններին ներկա էին ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Բրյուսելյան ցուցադրությունների ժամանակ դահլիճում ներկա էին նաեւ կինոգետներ, պրոդյուսերներ, որոնք հետաքրքրված էին ֆիլմով եւ Ջիվան Ավետիսյանի աշխատանքներով:

Ջիվան Ավետիսյան Շվեդիայի ՀՄԸՄի անդամներով
Ջիվան Ավետիսյան Շվեդիայի ՀՄԸՄի անդամներով

Բացի ֆիլմի ցուցադրությունից, տեղին են ունեցել նաեւ հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, անդրադարձել Արցախի մշակութային կյանքին:

Aparaj.am-ի հետ զրույցում ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ ֆիլմը մեծ հուզմունքով է ընդունվել թե հայ, թե օտարերկրացի հանդիսատեսի կողմից, նրա համոզմամբ՝ սա լավ առիթ էր, որպեսզի կարողանանք Արցախը ներկայացնել նաեւ այլ տեսանկյունից:

‹‹Կարծում եմ՝ ֆիլմի ցուցադրությունից հետո կմեծանա թե հայ, թե օտարազգի հանդիսատեսի հետաքրքրությունը Արցախի նկտամամբ››,– նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը:

Փոխնախարարի կարծիքով՝ ֆիլմի հաջողության գրավականներից մեկն այն է, որ բացի պատերազամից՝ այն նկարագրում է 1990-ականների արցախյան կենցաղը.

‹‹ֆիլմում ներկայացվել է ավանդական Արցախը: Ֆիլմի արցախյան բարբառով լինելը, գյուղական տեսարանները, ապրելակերպի նկարագրությունները նույնպես հանդիսատեսի մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել: ֆիլմում միայն պատերազմի տեսարաններ չեն, այլ նաեւ առանձին ներկայացվում են մի քանի մարդկային ճակատագրեր. այս ամենը ֆիլմին հաջողություն բերեց:

‹‹Թեվանիկ››-ը դիտվեց եւ սիրվեց թե հայ, թե օտարերկրյա հանդիսատեսի կողմից››,- նշեց նա:

‹‹Թեվանիկ›› ֆիլմը հայ-լիտվական համատեղ արտադրանք է, այն արդեն արժանացել է բավականին մրցանակների, ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Վերջերս Չինաստանի Սիան քաղաքում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնի ժամանակ ստացավ «հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Այն արժանացել է նաև այլ մրցանակների:

Նկար՝ Ջիվան Ավետիսյան (ռեժիսոր), Պետո Դեմիրջյան (Եվրոպայի Հայ Դատի գրասենյակ), Թաթուլ Մարգարյան (Բելգիայում ՀՀ դեսպան), Լեռնիկ Յովհաննիսյան (ԼՂՀ փոխ նախարար)