Նավոյան. ՀՀ-ն Պետք Է ԵՏՄ-ում Շատ Ավելի Զորավոր Օրակարգ Ձեվավորի

(iravunk.com) Ինչ նպատակ էին հետապնդում ՌԴ-ի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցները, եւ ինչ ազդեցություն այն կունենա Հայաստանի վրա:

Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք “Հայ-ռուսական համագործակցություն” կազմակերպության ղեկավար ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԻ հետ:

-Ինչ եք կարծում, ո՞րն էր Եվրոպայի բուն նպատակը` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելիս:

– Պատժամիջոցների հարցում մենք նախ գործ ունենք երկու մոտեցման հետ. ՌԴ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգը սահմանում է, որ Ռուսաստանի նպատակն է՝ իր սահմանների երկայնքով բարյացակամ տրամադրված քաղաքականության ձեւավորում իր նկատմամբ` հարեւան երկրների կողմից: Մյուս կողմից` Ռուսաստան-Եվրոպա բավական լավ համագործակցություն, այնուամենայնիվ, կար: Բայց եկավ մի պահ, երբ “Արեւելյան գործընկերության” քաղաքականությունը ՌԴ-ն ընկալեց որպես իր սահմանների երկայնքով հակառուսական հարթակների ձեւավորման փորձ: Այսինքն՝ ՌԴ-ն վտանգ տեսավ իր տնտեսության եւ անվտանգության համար, որովհետեւ այդ գործընթացը հակասում էր հիշատակված հայեցակարգին: Եվ սա պայթեց Ուկրաինայի տեսքով: Նույն վտանգի զգացողությունն էր առաջացնում նաեւ այս ամռանն Ադրբեջանի կողմից սանձազերծած դիվերսիոն պատերազմը, որին ե՛ւ հրապարակային, ե՛ւ ոչ հրապարակային տեսքով, որովհետեւ այդ խնդիրն առնչվում է “փակ” դիվանագիտությանը: ՌԴ-ն նույնպես բավական խիստ գնահատականներ տվեց: Դա դրսեւորվեց նաեւ երեք երկրների նախագահների Սոչիի հանդիպմանը, որտեղ ՌԴ-ի նախագահը հստակ ազդանշաններ հնչեցրեց:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այն հակառուսական քաղաքականության մեջ մտավ, եւ այսօր տեսնում ենք դրա արդյունքները` մասնավորապես պատժամիջոցների տեսքով: Այնուամենայնիվ, ցանկացած իրավիճակում, կան երկխոսության խողովակներ. տեսնում եք, որ նույն Ուկրաինայի քաղաքական իրավիճակի հետ կապված` Բրյուսել-Մոսկվա կամ Վաշինգտոն-Մոսկվա խողովակներն աշխատում են:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջինիս շանսը գլոբալ երկխոսությունն է աշխարհում, որովհետեւ մենք այդքան ռեսուրս չունենք, իսկ հայության աշխարհասփյուռ վիճակն էլ, մեզ թույլ չի տալիս կենտրոնանալ բացառապես մեկ համակարգում: Եվ կարծում ենք, որ այս փուլում Հայաստանը հնարավորություն կունենա բոլոր ուղղություներով զարգացնել ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական հարաբերությունները:

– Ի՞նչ ազդեցություն կունենան ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները` Հայաստանի վրա:

– Բնականաբար՝ համաշխարհային տնտեսությունը գլոբալ է, փոխհամակցված: Ինչպես գիտեք՝ Ռուսաստանը վերջին երկու տասնամյակի ընթացքում աստիճանաբար քայլեր էր անում` համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու, եւ դրա համար էլ, իհարկե, այս պատժամիջոցները բավական լուրջ ազդեցություն ունեն ՌԴ-ի վրա: Թեեւ դրան զուգահեռ` Ռուսաստանը ներքին ռեսուրսների վերաբաշխում է կատարում, որպեսզի կարողանա համարժեք չեզոքացնել եւ փոխհատուցել իր տնտեսության կորուստները: Եվ այս պայմաններում զգայուն են դառնում նաեւ Հայաստանի տնտեսության համապատասխան ոլորտները, որոնք փոխկապակցված են ՌԴ-ի այն ճյուղերի հետ, որոնք այս պատժամիջոցների պատճառով կարող են որոշակի կորուստներ ունենալ: Դրա համար Հայաստանը նույնպես պետք է կարողանա հաշվարկել այն ուղղությունները, որտեղ հայ-ռուսական տնտեսական հարաբերություներում կարող են Հայաստանի համար ճեղքումային լինել, որպեսզի կարողանա այդ ուղղություններում` զարգացումների հաշվին, նվազեցնել սպասվող ռիսկերը: Ամեն դեպքումª Հայաստանի համար ՌԴ-ի շուկան եղել եւ մնում է բավական գրավիչ: Օրինակª այս սանկցիաների արդյունքում ՌԴ-ն անդրադարձավ այն խնդրին, որ ունենալով գյուղատնտեսական հսկայական պոտենցյալ, ոչ թե արտադրում կամ վերամշակում է, այլ նույնիսկ սեփական կարիքների համար գյուղատնտեսական մթերքներ է ներկրում: Արդյունքումª Ռուսաստանը մտածում է իր գյուղատնտեսության զարգացման մասին, բայց մինչ այդ, ռուսական շուկայում միանգամից պահանջված դարձան Հայաստանի, ԱՊՀ-ի կամ ՌԴ-ին հարակից այլ երկրների գյուղատնտեսական ապրանքները: Իսկ սա հնարավորություն Է Հայաստանի համար, թեեւ, իհարկե, իր մեջ որոշակի մարտահրավերներ է պարունակում: Այսինքնª գլխապատառ առաջ նետվելու փոխարեն` միշտ պետք է ճիշտ հաշվարկել արտահանման քաղաքականությունն ու ուղղությունները, եւ, ըստ իրավիճակի, ճկուն վերադասավորում անել:

– Պարոն Նավոյան, թերեւս Հայաստանն արդեն ստորագրել է Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը, բայց մեկ էª էլի պարբերաբար շրջանառության մեջ են մտցվում խոսակցություններ, թե արտաքին ճնշումների ներքո, ի վերջո, Հայաստանը հունվարի 1-ին այդպես էլ չի անդամագրվի ԵՏՄ-ին:Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք նման խոսակցությունները:

– Նման դեպքերում միշտ ասում ենք, որ կա գործընթաց, եւ կա որոշակի մանիպուլյացիա, որը չի ազդում գործընթացի վրա: Այլ կերպ ասածª այդ կարգի մեկնաբանություններից ձիու եւ կառքի տեղերը չեն փոխվում: Բոլորը նախ պետք է ընդունեն, որ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Հայաստանն իննսունականների սկզբից իտեգրված էր այն տնտեսական եւ ռազմաքաղաքական միավորումներում, որտեղ ՌԴ-ն կորիզային դերակատարություն ուներ: Եվ հիմա, երբ մեր գործընկերը գնում է որոշակի բյուրեղացման` տարածաշրջանային միավորի ստեղծման, բնականաբար, ՀՀ-ն անմասն չէր կարող մնալ: Այլ հարց է, թե ինչ մակարդակով, ինչ հարթությամբ կարող էր դրան մասնակցել: Եվ մեզ համար խնդիրը հիմնականում հետեւյալն էր` Հայաստանը կարո՞ղ էր ներկայիս ձեւավորված անվտանգության եւ տնտեսական համակարգը քանդել եւ շատ արագ նորը ձեւավորել: Մենք տեսանք, որ նորի ձեւավորման հնարավոր այլընտրանքը հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումն էր. չէ՞ որ այդ գործընթացը գնում էր “Արեւելյան գործընկերության” ծրագրին զուգահեռ: Մենք տեսանք, նաեւ որ Թուրքիայի քաղաքականության պատճառով ՀՀ-ն գնաց բոլոր հնարավոր տարբերակներին. այս իմաստով` Հայաստանի դիրքերը շահեկան են նաեւ նրանով, որ բոլոր ուղղություներով քաղաքականություն վարելիս բաց են ու ազնիվ: Բայց մենք, ի վերջո, տեսանք, որ Թուրքիան պայման դրեց` ԼՂՀ-ի զիջումը Ադրբեջանին, եւ Հայաստանի համար մեկընդմիշտ հասկանալի դարձավ, որ ներկայիս անվտանգության համակարգը քանդելու եւ նորը ձեւավորելու համար պայմաններ չկան: Արդյունքումª տրամաբանական էր, որ Հայաստանը գնար ՌԴ-ի հետ տնտեսական, իսկ հետո նաեւ ռազմաքաղաքական հարաբերությունների մի նոր մակարդակի ձեւավորման, որը ԵՏՄ-ին անդամագրումն է: Դա հասկանում են նաեւ եվրոպական քաղաքական գործիչները, որովհետեւ իրենք է, որ Հայաստանին այլընտրանք այդպես էլ չկարողացան առաջարկել: Իհարկեª Ռուսաստանն էլ իր հերթին է հասկանում, որ Հայաստանը, անդամագրվելով ԵՏՄ-ին, չի փակում դռները մյուս աշխարհի հետ, ճիշտ այնպես, ինչպես ՌԴ-ն: Մեզ մնում է միայն, որ հիմա մտածենք, իրացնենք եւ ստանանք ԵՏՄ-ի բոլոր առավելություններից հնարավոր օգուտները: Հին հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում, հիմա նաեւ ԵՏՄ-ի բազմակողմ հարաբերություններում Հայաստանը պետք է շատ ավելի զորավոր օրակարգ ձեւավորի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ