Կիրո Մանոյան. Հայկական եկեղեցու պայթեցման գործում Թուրքիայի մեղսակցության հավանականությունը մեծ է

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքում գտնվող հայկական եկեղեցու պայթեցմանը, նշեց, որ բավական հիմքեր կան, որ Թուրքիան մեղսակից է այդ բարբարոսությանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե Թուրքիան որևէ կապ չունի եկեղեցու դեմ կատարված ահաբեկչության հետ, ապա անհապաղ պետք է համապատասխան դատապարտող հայտարարությամբ հանդես գա, Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ Վիգեն Սարգսյանի հայտարարությունը ճիշտ էր, որովհետև, հաշվի առնելով Թուրքիայի առնչությունն այդ կազմակերպությանը, նաև հաշվի առնելով տեղի բնակչության դրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, պարզ է դառնում, որ դա դրսից հրահրված քայլ էր, որում Թուրքիայի մեղսակցության հավանականությունը շատ մեծ է:

Մեր զրուցակիցը նշեց, որ վստահ չէ, թե ինչպես կարձագանքի այդ փաստին միջազգային հանրությունը, մասնավորապես` վստահ չէ, որ կտեսնի Թուրքիայի մեղսակցությունը ` հաշվի առնելով Թուրքիայի հետ որոշ գործարքների փաստը:

Կիրո Մանոյանը չի բացառում, որ Դեյր էզ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին պայթեցրել են դրսի ուժերը

(tert.am) Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի համար առավել քան կասկածելի է, որ Դեյր էզ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը տեղական ուժերի կողմից արված գործ լինի։ «Որովհետև Դեյր էզ Զորում նաև տեղի արաբները ցեղասպանության ժամանակ դերակատարություն ունեցել են վերապրողներին փրկելու գործի մեջ և տպավորությունն այն է, որ սա դրսից եկած ուժերի գործն է»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։

Կիրո Մանոյանը չի բացառում նաև Թուրքիայի դերակատարությունը. «Ընդհանրապես հաշվի առնելով Թուրքիայի կապը այդ կազմակերպության հետ և ոչ վաղ անցյալում Սիրիայի այլ քաղաքներում Թուրքիայի ունեցած դերը՝ այդ արարքների մեջ չի կարելի ոչ մի ձևով բացառել Թուրքիայի դերակատարությունը»:

Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենի խոսքով՝ նման վայրագությունը փորձ է վախի միջոցով ազդելու միջազգային հանրային կարծիքի վրա։ «Միջազգային հանրությունը պետք է այս արարքը դատապարտի, ինչպես որ դատապարտում է այս կազմակերպության բազմաթիվ այլ վայրագ արարքներ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է «Իսլամական պետություն», ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: