Պետո Դեմիրճյան. Այս համաժողովը կլինի Հայաստան-Սփյուռք կապերը սերտացնելու եւ կարծիքների փոխանակման համաժողով‏

(armtimes.com, սեպտեմբերի 18) Այսօր վաղ առավոտյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր մեկնարկ կտրվի «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին:

Պաշտոնապես հայտարարվել է, որ համաժողովին իր ներկայությամբ պատվելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկօրյա համաժողովի օրակարգում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող թեմաները, սիրիահայերի եւ արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության հիմնախնդիրները, հայոց լեզվի պաշտպանությանը առնչվող հարցեր, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներ եւ Հայրենիք-Սփյուռք գործակցության կառուցակարգային հարցեր:

Վաղվա օրակարգում են «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության գործընթացի լուսաբանումը» եւ «Հայոց լեզվի իմացության եւ անաղարտ պահպանության խնդիրները» խորագրերով քննարկումները: Համաժողովի մասնակիցները քննարկումներից հետո, երեկոյան այցելելու են ՀՀ Ազգային ժողով, որտեղ սպասվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ընդունելությունը: Համաժողովի օրակարգում ներառված թեմաների եւ մի քանի այլ հարցերի շուրջ երեկ զրուցել ենք համաժողովին մասնակցելու համար Երեւան ժամանած, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանի հետ:

– Պարոն Դեմիրճյան, Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի օրակարգին ծանոթացե՞լ եք եւ ինչպիսի՞ տպավորություն ունեք:

– Ծրագիրը բավական հագեցած է: Հիմնականում խոսվելու է, թե ինչպես պետք է համատեղվեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող աշխատանքները: Սիրիահայերի խնդիրները պետք է քննարկվեն, կա հայկական մամուլի հարցը: Համաժողովը Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին լավ նախաձեռնություն է եւ խանդավառություն է ստեղծում, որ մենք Սփյուռքի մեջ աշխատանքները ավելի ակտիվ եւ կազմակերպված շարունակենք: Ինչեւէ, սա «որոշում կայացնելու» համաժողով չէ, այն, կարելի է ասել, նույն թեմայի շուրջ տարբեր կարծիքներ համադրելու համար կազմակերպված ժողով է: Շատ կարեւոր է, որ սփյուռքյան յուրաքանչյուր կառույց, յուրաքանչյուր ներկայացուցիչ կամ կազմակերպություն գա Հայաստան, Սփյուռքի աշխատանքների մասին խոսի՝ լինի դա տեղի մամուլի, հայկական մամուլին առնչվող հարցերի մասին, Ցեղասպանության ճանաչում, եւ այլն: Այս համաժողովը կլինի Հայաստան-Սփյուռք կապերը սերտացնելու եւ կարծիքների փոխանակման համաժողով:

– Նույն միջոցառմանը մասնակցելու համար Երեւան ժամանած ձեր գործընկերներից ոմանք էլ հայտնում են, որ համաժողովի օրակարգը Սփյուռքի հետ համաձայնեցված չէ: Հայաստան-Սփյուռքի տեսակետները ինչքանո՞վ են համընկնում, ինչպիսի՞ տարաձայնություններ կան այս հարցում:

– Բնականաբար, պետությունը իր ուղին ունի, եւ Սփյուռքի մեջ գործող, հատկապես ոչ կառավարական կազմակերպությունները ուրիշ մոտեցում ունեն: Միշտ տարբեր քաղաքական նրբություններ կան, պետք է կարողանանք ճիշտ ալիքին դեմ շարժվենք, գոնե Եվրոպայի մեջ: Կարող ենք ասել, որ, անշուշտ, տարբերություններ կան աշխատանքների մոտեցումների վերաբերյալ: Կոնկրետ մենք առաջ ենք տանում ցեղասպանության քաղաքականացման հարցը, այսինքն՝ միայն ճանաչումը չէ, պահանջներ կան հողերի վերադարձի վերաբերյալ: Ուրիշ սփյուռքյան միություններ շատ քաղաքական հարցերով չեն զբաղվում, միայն մշակութային եւ այլ աշխատանքներ են անում: Այդուհանդերձ, տարբեր լինելով հանդերձ՝ նպատակը մնում է նույնը: Մեր տարաձայնությունների մասին խոսելը… Այդպիսի բան չկա:

– Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ի՞նչն է էականորեն փոխվել, եւ մինչ այսօր եղած համաժողովները ինչպիսի՞ արդյունքներ են ունեցել:

– Հինգ համաժողով անցկացնելը տակավին քիչ է հստակ պատկեր ունենալու, թե մենք ուր ենք գնում: Համաժողովի անցկացումը դրական քայլ է այն առումով, որ շատ անհատներ եւ կազմակերպություններ մի հարկի տակ են հավաքվում, ծանոթություններ են ձեռք բերում: Այն նպաստում է Եվրոպայի մեջ մեր համագործակցությանը: Գնահատելի է նման համաժողովի կազմակերպումը, նույնիսկ եթե ոչ մի արդյունք չտա, ուղղակի այստեղ հավաքվելը ինքնին խանդավառություն է ստեղծում:

– Ի՞նչ կփոխեիք համաժողովի օրակարգում:

– Կցանկանայինք, որ ավելի շատ ժամանակ տրամադրվեր որոշ թեմաների քննարկմանը: Կարծում եմ, երկու օրը շատ քիչ է: Երբ մեկ օրվա մեջ երկու օրակարգ է ներառված, դյուրին չի լինի երկուսին միաժամանակ լիարժեք մոտեցում ցուցաբերել: Այս մասին պետք է խոսվի, եւ ապագայում մասնակցությունը պետք է լինի տարբեր սերունդների հետ: Այսինքն՝ լավ կլինի, որ մեկ թեմայի շուրջ ավելի խորը քննարկում լինի, որ արդյունքները ավելի ակնհայտ լինեն: Սփյուռքի կազմը դինամիկ փոխվում է, եւ վերջին շրջանում մեր հայրենակիցներից շատերը հատկապես Եվրոպա են գալիս, ուստի մեր աշխատանքները ավելանում են եւ քննարկումների թեմաները մեծանում, եւ 2 օրը շատ քիչ է դառնում: