«Հայ-ռուսական հարաբերություններում կա չօգտագործված ներուժ»

«Հայ – ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավարի համոզմամբ՝ այսօր էլ Ռուսաստանին պետք է համարել Հայաստանի անվտանգության երաշխավորը:

(azatutyun.am RFE/RL) «Հայ – ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը համարում է, որ հայ – ռուսական հարաբերություններում կա չօգտագործված ներուժ, և Հայաստանի իշխանություններին այսօր անհրաժեշտ է այդ հարաբերությունների նոր օրակարգ մշակել:

«Որ Հայաստանը որոշակի ուշացումով կամ ինչ-ինչ ձգձգումներով բավարարում է Ռուսաստանի այս կամ այն քաղաքական կամ աշխարհաքաղաքական ցանկությունները կամ պահանջները՝ հնարավոր է դա անել ավելի հավասարակշռված կերպով, հայ – ռուսական հարաբերությունների ոգուն համարժեք, հայկական օրակարգ ունենալով և ստանալ դրա դիմաց անհրաժեշտ օգուտները Հայաստանի պետականության ու հայության համար», – «Ազատության» հետ զրույցում ասաց Նավոյանը:

Նա արձանագրում է, օրինակ, որ բոլորովին վերջերս Ռուսաստանը ներել է Կուբայի հսկայական՝ մի քանի տասնյակ միլիարդանոց պարտքը: Մոսկվայից պարբերաբար դիվիդենտներ են ստանում հետխորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Բելառուսը, Ղրղըզստանը: Հայաստանը, ըստ Նավոյանի, այս հարցում պասիվ է:

«Ոչ թե նստել և հաշվարկել, թե ինչու մեր շահը չեն գիտակցում, այլ օգնել այդ շահը գիտակցելու և միշտ սեղանի վրա ունենալ հայկական թարմացվող և այսօրվա պահանջներին բավարարող օրակարգ», – շեշտեց Նավոյանը:

Չնայած Մոսկվան այսօր նաև Բաքվի հետ է կառուցում ռազմավարական հարաբերություններ, հարձակողական հզոր զենք է վաճառում Հայաստանի հակառակորդին, «Հայ – ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավարը համոզված է, որ այսօր էլ Ռուսաստանին պետք է համարել Հայաստանի անվտանգության երաշխավորը:

«Գիտեք, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմական բազան, կա հայ – ռուսական իրոք ռազմական և ռազմատեխնիկական բավական լուրջ համագործակցություն, որը ապահովում է հայկական բանակի մարտունակությունը, և դա չպետք է անտեսել: Կան տնտեսական հարաբերություններ, կան ուղիղ ներդրումներ, որոնց ծավալով Ռուսաստանը գտնվում է գործընկերության առաջին հորիզոնականում Հայաստանի հետ, և, ի վերջո, կա հայկական Սփյուռքի գործոնը՝ Ռուսաստանի հայ համայնքի դերակատարությունը», – ասաց Նավոյանը:

Յուրի Նավոյանը չի կարող պատկերացնել, որ Հայաստանը, այսպես ասած, հետևի Վրաստանի օրինակին և շրջվի Ռուսաստանից․ – «Ես չեմ տեսնում նման հեռանկար՝ ելնելով թե՛ հայ – ռուսական հարաբերությունների զարգացման դինամիզմից և իրացման դաշտից, թե՛ աշխարհաքաղաքական դասավորությունից»:

Ազա Բաբայան