Էրդողանից անակնկալներ ակնկալելի են. Կիրո Մանոյան

(յուլիսի 4, yerkir.am) Թուրքիայում օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններից ու նախագահի հիմնական ֆավորիտ թեկնածուի’ գործող վարչապետի ընտրվելուց Հայաստանի հետ հարաբերություններում ոչ մի փոփոխություն չի կարելի ակնկալել. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա մանրամասնեց, որ հատկապես ընտրությունների նախօրեին հաստատ ոչինչ չի լինի, իսկ 2015-ի նախօրեին Թուրքիայի կողմից չի լինի Հայատանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով որեւէ լուրջ քայլ: «Բայց պետք չէ զարմանալ, որ կլինեն շատ ավելի ձեւական քայլեր’ ցույց տալու, թե իբր ինչ-որ գործընթաց կա, որ իբր Թուրքիան փորձում է ինչ-որ դրական քայլեր ցույց տալ հայության եւ Հայաստանի նկատմամբ:

Բայց դրանք ընդամենը շղարշներ են, եւ ոչ մի լուրջ փոփոխություն էլ պետք չէ ակնկալել: Ընդհակառակը’ մենք պետք է պատրաստ լինենք, թե նման անակնկալներին ինչպես հակադարձենք, որ աշխարհը ճիշտ հասկանա, թե Թուրքիան իրականում ինչ է անում»,- նշեց բանախոսը:

Լրագրողների ճշտող հարցին’ այսինքն’ Էրդողանը ապրիլի 24-ին չի՞ գա Երևան, ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին այցելել Ծիծեռնակաբերդ, Մանոյանը պատասխանեց. «Չեմ կարող վստահ ասել’ ոչ, որովհետեւ Էրդողանից կամ այս իշխանություններից անակնկալներ ակնկալելի են: Բայց եթե նույնիսկ ընդունի ՀՀ նախագահի հրավերը’ այցելել Ծիծեռնակաբերդ, ապա ոչ այն ձեւով, ինչպես Սերժ Սարգսյանն էր ցանկանում, որ ընդունի»:

Իր միտքը Մանոյանը պարզաբանեց` պատմության այն օրինակով, երբ մինչեւ 90-ականների սկիզբը աշխատանք էր տարվում, որ Թուրքիայի ազգայնականների’ «Գորշ գայլերի» ղեկավար Արփասլան Թուրքեշն այցելի Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ դնի, բայց նա այդ ծաղկեպսակը պետք է նվիրեր Առաջին աշխարհամարտի բոլոր զոհերի հիշատակին:

«Եթե Արփասլան Թուրքեշն այդ մոտեցումն ունեցել է, ես չէի զարմանա, որ Էրդողանն էլ նույն կերպ փորձի վարվել ու այցելի եւ ծաղկեպսակ դնի ոչ թե Ցեղասպանության զոհերի հիշատակի համար, այլ, այսպես ասած, «համատեղ ցավի», «հասարակաց ցավի», «արդար հիշողության»’ այս’ իրականում շատ կեղծ եւ անարդար մոտեցումներով: Դրա համար չեմ կարող հաստատ ասել, որ չի գա, բայց որ Ցեղասպանությունը չի ճանաչի, որ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, համարյա թե համոզված եմ»,- շեշտեց Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին օտարերկրյա նախագահների և բարձրաստիճան հյուրերի Հայաստան հրավիրելու գործընթացներին, ապա Մանոյանը նշեց, թե պետք չէ, որ բոլորն իմանան, թե որ նախագահներն են հրավիրվել ու հրավիրվելու, որովհետեւ այդ դեպքում մեր հարեւան երկու երկրներում էլ դրա մասին կիմանան ու կսկսեն համապատասխան աշխատանքներ տանել այդ այցերը կանխելու ուղղությամբ:

Այնուամենայնիվ, Կիրո Մանոյանը նշեց, որ 100-ամյա տարելիցի նախօրեին թե’ Հայաստանի կողմից տարվող աշխատանքը, թե’ Սփյուռքի մեր համայնքների, թե’ ընդհանուր մթնոլորտը (օրինակ` երեք նախագահներ արդեն հայտարարել են ու կոչ արել Թուրքիային, որ պետք է առերեսվի իր պատմության հետ եւ այլն) հույս են տալիս կարծել, որ մենք կունենանք բավական պատկառելի թվով նախագահներ կամ վարչապետեր ու բարձրաստիճան հյուրեր: