Դոկտ. Մարկ Գրիգորեանի դասախօսութիւնը՝ «ՀՈՒՍԿ» հաստատութիւնում

«ԱԼԻՔ» – Երէկ՝ կիրակի, յունիսի 15-ի երեկոյեան ժամը 7.30-ին տեղի ունեցաւ դոկտ. Մարկ Գրիգորեանի դասախօսութիւնը «Ազգային հարցեր՝ դիտարկումներ եւ առաջարկներ» թեմայով:
Սկզբում տկն. Քլարիս Աթաբէկեանը ներկայացրեց իրանահայ ճրտ., համալսարանի դասախօս, երեք տասնամեակից ի վեր ԱՄՆ-ում եւ ՀՀ-ում հաստատւած, բազմաթիւ հետաքրքրութիւնների տէր, մասնագէտ եւ հետազօտող դոկտ. Մ. Գրիգորեանին:
Յարգելի դասախօսը անպաճոյճ եւ հարազատ ոճով իր ելոյթը սկսեց՝ փոքր դրւագներ պատմելով իր մանկա-պատանեկան տարիներից, սկաուտական, միութենական եւ դպրոցական կեանքից ու դրանց առթած ազդեցութիւնից՝ սերնդակիցների ու իր կեանքի մարզա-մշակութային եւ ազգային դաստիարակութեան վրայ:
Այնուհետեւ դոկտորը զուգահեռներ անցկացրեց հասուն հասակի ներկայացուցիչների եւ հայ ներկայ երիտասարդութեան կեցւածքի, հարցերի, վերաբերմունք-ապրելակերպի եւ դաստիարակչական խնդիրների միջոցով՝ Միջին Արեւելքում Իրանում, Ամերիկայում եւ Հայաստանի Հանրապետութիւնում:
Բազում եւ բազմակողմանի էին այն հարցերը, որ շօշափեց դոկտ. Գրիգորեանը:
Եղան հարցումներ, վերլուծումներ, առաջադրանքներ եւ քննարկման բնոյթ ունեցող փոխասացութիւններ, որով հանդիպումը տեւեց աւելի քան երկու ժամ:
Աւարտին տեղի ունեցաւ թեթեւ ընդունելութիւն: