Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շեննոնը և Լիվերպուլի Լորդ Ալթոնը, այսօր հայտարարություն են տարածել՝ հանդես գալով Միջկրոնական եւ համոզմունքի ազատության հարցերով Խորհրդարանական միջկուսակցական խմբի անունից՝ արտահայտելով իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը։
Ավելի քան 110 բրիտանացի պատգամավորների անունից հնչեցրած հայտարարության մեջ ողջունվում է Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ ստեղծելու միջազգային խաղաղության հարթակ, որը հնարավորություն կտա կառուցողական երկխոսության Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բռնագաղթված հայկական բնակչության միջև։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները շեշտել են հայ գաղթականների վերադարձի իրավունքի վերականգնման, մարդու հիմնական իրավունքների՝ այդ թվում կրոնի ազատության (ինչպես սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածով) պաշտպանության, ինչպես նաև հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը։


«Լեռնային Ղարաբաղում բոլոր համայնքների անվտանգության, արժանապատվության և կայունության վերականգնումը չափազանց կարևոր է՝ ոչ միայն հումանիտար նկատառումներից ելնելով, այլև մի տարածաշրջանում, որը գնալով մեծացող աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակություն ունի», — նշվում է հայտարարության մեջ։
Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունն այս տարի պաշտոնապես ընդունվել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից՝ պարտավորեցնելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդին մեկ տարվա ընթացքում հրավիրել միջազգային խաղաղության համաժողով։ Համաժողովի նպատակն է՝ միջազգային վերահսկողության ներքո կամ համապատասխան գլոբալ դերակատարների ներկայությամբ կազմակերպել բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի պատմական բնակչություն կազմող հայերի անվտանգ և համախմբված վերադարձի շուրջ։
Նախաձեռնության իրագործումը խթանելու նպատակով 2025թ. մայիսի 26-ին Բեռնում ստեղծվել է միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողով՝ բաղկացած 19 շվեյցարացի պատգամավորներից։ Այս մարմինը հանձնառու է աջակցել այն միջազգային մեխանիզմներին, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայի խորհրդարանի իրավաբանական ուժ ունեցող որոշման նպատակների իրագործման համար։
Մեծ Բրիտանիայի այս հայտարարությունը լրացնում է Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության կայուն և ներառական լուծումներ գտնելու միջազգային կոչերի աճող շարանը։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ
20 հունիս, 2025թ․