Պահանջելու ենք ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին և մյուս գերիներին

Այն պահից, երբ Եվրոպան դարձավ կարևոր դերակատար Արցախի հարցի լուծման մեջ և Շարլ Միշելը սկսեց անձամբ զբաղվել այդ հարցով, նկատեցինք, որ պետք է Եվրոպայի ձայնը ավելի լսելի դարձնել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:

«Մեր գրասենյակը միշտ շփումների մեջ է Եվրոպական խորհրդարանի հետ, և խորհրդարանը հաճախ դրական բանաձևեր է քվեարկել և ընդունել թե՛ Արցախի հարցի հետ կապված, թե՛ Հայաստանի: Բայց գործադիրի հետ ավելի դժվար էր, և երբ հանդիպումներ էինք ունենում, հարցնում էին՝ որպես Եվրոպայի ներկայացուցիչներ ինչ տեսակետ ունենք: Եվ մենք որոշեցինք ընդլայնվել: Առաջին հանդիպումը եղավ հունիսին յոթ երկրների համայնքների նախագահների ներկայությամբ, այնուհետև ներքին հանդիպում ունեցանք, հետո գործադիրին հանդիպեցինք, և Եվրոպայի մեր գործընկերները ներկայացրին իրենց տեսակետը Արցախի հարցի վերաբերյալ: Ներքին հանդիպման ընթացքում որոշեցինք կազմել «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը: Այս պահին 15 երկրների ներկայացուցիչներ մասնակցում են ծրագրին: Այդ երկրների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց համայնքները»,- ասաց Կարապետյանը:

Նրա փոխանցմամբ՝ հունվարի 27-ին և 28-ին աշխարհի տարբեր քաղաքներում Բաքվում պահվող Արցախի նախկին պաշտոնյաներին և մյուս գերիներին ազատ արձակելու պահանջով միջոցառումներ են անցկացվելու:

«Ինչպես հիշում եք, հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է տեղի ունենար Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել-Ալիև հնգակողմ հանդիպումը, բայց Ալիևը չեկավ: Մենք այդ օրը Գրանադայի կենտրոնական հատվածում ցույց կազմակերպեցինք, գրեթե 300 մարդ էր եկել, այդպես կարողացանք աղմուկ բարձրացնել, և լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ ու լուսաբանել: Հիմա հունվարի 27-ին և 28-ին համայնքի ներկայացուցիչներն իրենց խորհրդի հետ միասին պետք է միջոցառումներ կազմակերպեն երկրի ներսում՝ դա կարող է ցույց լինել, կարող է ցուցահանդես կամ քաղաքական ելույթ լինել: Այդ միջոցառումների ընթացքում պետք է պահանջենք անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի նախկին պաշտոնյաներին և մյուս գերիներին, պահանջելու ենք արցախցիների անվտանգ վերադարձ իրենց պապենական հողեր այն տարբերակով, որը կնախընտրեն հենց արցախցիները»,- ընդգծում է նախագահը:

Կարապետյանը վստահեցնում է՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակում հրապարակված բոլոր հայտարարությունները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար են:

««Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը որևէ կուսակցական կողմնորոշում չունի, և այստեղ հրապարակված բոլոր հայտարարություններն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար են: Այն պետք է ընդլայնվի և մինչ ամսվա վերջ հարթակին կմիանան ևս 20-25 երկիր: Այս հարթակը նրա համար է, որ աշխարհի հայերը, որ երկրում էլ որ ապրեն, բարձրաձայնեն իրենց խնդիրները և մենք կարողանանք միասնական կերպով օգնել նրանց: Մենք ամեն ինչ կանենք, որ հաջողենք և օգտակար լինենք մեր հայրենակիցներին»,- եզրափակեց Կարապետյանը: