Եվրոպական Խորհրդարանի արդարացի դիրքորոշումն ի վերջո պետք է տարածվի նաև ԵՄ գործադիր իշխանության վրա․ Գասպար Կարապետյան

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն օգոստոսի 1-ին հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության հեղինակները պատշաճ և քաղաքական հստակ գնահատականներով ներկայացրել են ադրբեջանական շրջափակման արդյունքում Արցախում սրընթաց  վատթարացող հումանիտար իրավիճակը՝ նկատելով, որ Ադրբեջանն այդպիսով խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որը վերահաստատվել է նաև հուլիսի 6-ին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, ի թիվս այլնի, դատապարտել են հումանիտար մատակարարումների շարունակական շրջափակումը և հումանիտար հասանելիության քաղաքականացումը։ Պատգամավորները հիշեցրել են, որ 2023 թվականի մարտի 15-ին Եվրախորհրդարանը կոչ էր արել Խորհրդին, որ «եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին որոշումն անհապաղ չկատարվի, նպատակային պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի կառավարության պաշտոնատար անձանց նկատմամբ: Նրանք նաև հիշեցրել են, որ 2023 թվականի հունիսի 13-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ԵՄ բարձր ներկայացուցիչը պարտավորվել է խորհրդում բարձրացնել նման պատժամիջոցների սահմանման հարցը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, մեկնաբանելով ընդունված հայտարարությունը, նկատել է․ «Եվրոպական խորհրդարանը, ի դեմս Հարավային Կովկասի հարցերով թերևս ամենատեղեկացված երեք պատգամավորների, Արցախում ստեղծված մարդասիրական իրավիճակի վերաբերյալ բավական օբյեկտիվ հայտարարություն է ընդունել, պատգամավորների քաղաքական սկզբունքայնությունն արժանի է հարգանքի։ Այս հայտարարությունը պետք է դիտել հետպատերազմյա շրջանում Եվրոպական Խորհրդարանի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունների տրամաբանության մեջ։  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը երկար տարիներ, իսկ պատերազմից հետո ավելի ակտիվ աշխատում է ԵՄ-ի կողմից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման ուղղությամբ և գնահատելի է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակում է հավատարիմ մնալ այդ գաղափարին, որն ամբողջությամբ բյուրեղացել է միայն վերջերս՝ Արցախի ադրբեջանական շրջափակումից հետո։ Կարծում ենք, որ Եվրոպական խորհրդարանի արդարացի դիրքորոշումն ի վերջո պետք է տարածվի նաև ԵՄ գործադիր իշխանության վրա և Եվրոպական միության Խորհուրդը, հանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդը պետք է միասնական քաղաքականությամբ և Եվրոպական միության ողջ կարողականությամբ զսպեն ադրբեջանական հանցագործ քաղաքականությունը»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

02. 08 2023 թ