Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի Սենատի՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունումը

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում ֆրանսիայի Սենատում ընդունված միաձայնությամբ բանաձեւը, որը խիստ դատապարտում է ադրբեջանական ագրեսիան։ Դեմ է քվեարկել միայն ադրբեջանամետ և Ալիևների կլանի մտերիմ Նատալի Գուլեն, որի կոռումպացված լինելն արդեն ակնհայտ է բոլորի համար:

Այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության և իրավունքների հարցի շուրջ կա Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնավորապես՝ օրենսդրական մակարդակում։ Եվ մենք առաջիկա օրերին սպասում ենք համանման բանաձևի ընդունմանը Ֆրանսիայի Ազգային ժողովում։

Այս բանաձեւը Ֆրանսիայի կառավարության վրա առավել բարձր ճնշում եւ պարտավորություն կլինի, որպեսզի իր եվրոպացի գործընկերների հետ ի վերջո պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դեմ։ Այս հարցում Ֆրանսիայի հայ համայնքը, Հայ Դատի հանձնախումբը և ֆրանսիացի պատգամավորները միայնակ կլինեն, եթե Հայաստանի իշխանությունները ու հայաստանյան դիվանագիտությունը չգործեն նույն ուղղությամբ։

Կա երկրորդ շատ կարևոր կետ բանաձևի մէջ։ Այն ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր փորձում են խեղդել Արցախի ժողովրդի իրավունքների շուրջ քննարկումները և նյութը փակ համարել, հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է իր 2020-ի պահանջը Ֆրանսիայի կառավարությանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Սենատը նաև պահանջում է Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնել։

Հայ Դատի հանձնախումբը սատարում է այս առաջարկը և վերահաստատում է իր անվերապահ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ֆրանսացի քաղաքական դասակարգի հետ ի շահ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության, անկախության և ազատագրության։