Հայկական, հրեական, հունական և քրդական կազմակերպությունների համայնքային կոալիցիան հոկտեմբերի 12-ին բողոքի ցույց է անցկացրել Փենսիլվանիայում առաջադրված սենատորի թեկնածու, ազգությամբ թուրք նախընտրական կենտրոնական գրասենյակի առջև։ Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացի Մեհմեդ Օզին նշանավոր է Հայոց եւ Հունաց ցեղասպանությունների մերժմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ անձնական ջերմ հարբերություններով, թուրքական իշխանությունների հետ բիզնես-կապերով։
![](https://i0.wp.com/www.ancnews.info/wp-content/uploads/2022/10/ANCPA_Baronian_P1210003-1.jpg?resize=640%2C480&ssl=1)
Բողոքի ցույցի կազմակերպիչներն էին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախումբը, Փենսիլվանիայի Հայ դատի տեղական հանձնախումբը, Ամերիկա-հունական առաջնորդության խորհուրդը և ռաբի Շմուլեյ Բոթիչը, ով ղեկավարում է «Համաշխարհային արժեքների ցանց» կազմակերպությունը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն արդեն տևական ժամանակ պայքարում է Մեհմեդ Օզի ընտրարշավը ձախողելու ուղղությամբ, ի թիվս այլնի նաև մատնանշելով, որ նրա ընտրությունը վտանգ է ներկայացնում նաև ԱՄՆ ազգային անվտանգության համար։
![](https://i0.wp.com/www.ancnews.info/wp-content/uploads/2022/10/ANCPA_RabbiShmuley_P1220139-1.jpg?resize=640%2C480&ssl=1)
Բողոքի ցույցի ժամանակ ելույթ են ունեցել և Հայոց ցեղասպանության ժխտողականությունն ու Օզի քաղաքական վարքը դատապարտել Հայ դատի Փենսիլվանիայի հանձնախմբի համանախագահներ Լորիկ Բարոնյանը, Նորա Գզիրյանը և Կարինե Շամլյանը, ռաբի Շմուլեյ Բոթիչը, Ֆիլադելֆիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Ներսես քահանա Մանուկյանը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։
![](https://i0.wp.com/www.ancnews.info/wp-content/uploads/2022/10/ANCPA_Crowd_Fe5oi3lXoAE6Irz-1.jpeg?resize=640%2C480&ssl=1)
Բողոքի միջոցառման առթիվ հայտարարություն էր տարածել Մեհմեդ Օզի մրցակից-թեկնածու, Փենսիլվանիայի լեյտենանտ-նահանգապետ Ջոն Ֆեթերմանը՝ համերաշխություն հայտնելով ցուցարարներին։ Ֆեթերմանը մասնավորապես նշել է․ «Ես՝ որպես Փենսիլվանացի, ողջունում եմ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից վաղուց ուշացած Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ 2021 թվականին՝ նախագահ Բայդենի կողմից ճանաչումը: Որպես ԱՄՆ սենատոր, ես կշարունակեմ աջակցել այս ոճրագործության մասին հանրային կրթության խթանմանը։ Մյուս կողմից, խորապես մտահոգիչ է, որ Օզը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես աջակցում եմ նրանց, ովքեր բողոքում են Օզի շարունակական և նողկալի լռության դեմ: Սա կարևոր խնդիր է, և Օզի կողմից դրա ընդունումից հրաժարվելը և՛ վիրավորական է, և՛ պարսավելի»:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ու գործընկեր համայնքային կազմակերպությունները շարունակում են աշխատանքը՝ կանխելու Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
14.10.2022 թ.