Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ Սենատում սկսել է «907-րդ բանաձևի» կիրարկումն ապահովող և Թուրքիային ամերիկյան ռազմական արտադրանքի վաճառքն արգելող օրենսդրական  նախաձեռնություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից տեղեկանում ենք, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ով օրեր առաջ, սենատոր Մարկո Ռուբիոյի հետ հանդես էր եկել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձևի նախագծով, սեպտեմբերի 30-ին հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբ։

Մենենդեսի նոր նախաձեռնությունը ենթադրում է համապատասխան կարգավորումներ 2023 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձևի» կիրարկումից հրաժարվելու հնարավորությունից և արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Ազատության աջակցության ակտի «907-րդ բանաձևի» կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումը ուղղակիորեն կզրկի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից։

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մենենդեսին՝ Հայաստանին ու Արցախի համար իրական վտանգ ներկայացնող տարածաշրջանային երկու անխոհեմ ուժերին պատասխանատվության ենթարկելու իր ջանքերի համար։ Ներկայացված միջոցառումներն օրենսդրորեն կապահովեն, որ ԱՄՆ-ն այդ ուժերից որևէ մեկին չուղարկի զենք և ամերիկյան հարկերից գոյացած միջոցներ»։

2023 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումները Սենատում սկսվելու են հոկտեմբերի 11-ից։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մի շարք ուղղություններով շարունակում է աշխատանքները ներկայացված նախագծերի ընդունումն ապահովելու ուղղությամբ։

Ներկայացված բանաձևերի ընդունումն ապահովելու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատանքները համատեղում է իր կոալիցիոն գործընկերների՝ «Քուրդստանի ամերիկյան ըներներ», «Ամերիկահրեական կոմիտե», «Հունաամերիկյան առաջնորդության խորհուրդ», «Ի պաշտպանություն Քրիստոնյաների», «Մերձավոր Արևելքի ֆորում» և «Կիպրոսի արդարության միջազգային համադրող կոմիտե» կազմակերպությունների հետ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

01.10.2022 թ.