ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (հուլիս, 2022 թ.)

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակ

Հուլիսի 7-8-ը ՄԱԿ-ի Ժնևի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարյուր երկրներից քաղաքական կուսակցություններ համախմբող մոլորակի խոշորագույն այս կազմակերպությանը ՀՅ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907 թվականից, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպես Խորհրդի, այնպես էլ նախագահության և ֆինանսական ու կազմակերպական հարցերի հանձնաժողովի նիստերին։ Մարիո Նալբանդյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, ադրբեջանական կողմի հանցագործություններն ու շարունակական ագրեսիան, Հայաստանին ռազմական ուժի սպառնալիքի տակ նոր ճնշումներ պարտադրելու Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու «Դիմադրություն» շարժման հիմնական նպատակներն ու ծրագրերը։

Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհուրդն ընդունել է հայտարարություն և առանձին տարածաշրջանների մասին բանաձևեր, որոնցից մեկում էական անդրադարձ  է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ արձանագրելով. «Հարավային Կովկասի վերաբերյալ, Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհուրդն արտահայտում է իր խոր մտահոգությունը 2020 թ. հետո ընկած ժամանակահատվածի զարգացումների վերաբերյալ, ներառյալ Հայաստանի Հանրապետության սահմաններ ներխուժումների և փոխրաձգությունների, ինչպես նաև հայ ռազմագերիներին և ձերբակալված քաղաքացիական անձանց շարունակվող պահման առթիվ»։ Ավելին, խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է զերծ մնալ հակաժողովրդավարական գործելաոճից, որոնք նրանք որդեգրել են հատկապես 2020 թ. պատերազմի պարտությունից հետո՝ հետապնդելով «Դիմադրություն» շարժման և ընդհանրապես ընդդիմադիր ակտիվիստներին, ճնշում գործադրելով իրավական համակարգի վրա՝ նպատակ ունենալով մեծացնել իրենց ազդեցությունը դատարանների վրա և սահմանափակել բաց ու թափանցիկ հանրային հաշվետվողականությունը»։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Անցյալ ամսվա ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ծավալուն աշխատանքներ է իրականացրել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը կասեցնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու, Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու, Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու և այլ ուղղություններով։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և հունական կազմակերպությունների, ինչպես նաև համախոհ այլ համայնքային կազմակերպությունների ջանքերի արդյունքում՝ ԱՄՆ Կոնգրեսի 35 անդամներ հուլիսի 8-ին հանդես են եկել նախագահ Բայդենին ուղղված նամակով՝ կոչ անելով հրաժարվել Թուրքիային F16 ռազմական ինքնաթիռներ վաճառելու մտքից։ Հայկական և հունական կազմակերպություններին ներկայումս հաջողվել է Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքի հարցը Կոնգրեսում կասեցված պահել։

Հուլիսին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քննարկվում էր 2023 թ. «ԱՄՆ ազգային պաշտպանության արտոնությունների ակտը», ինչն օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է և պայմանավորում է ԱՄՆ արտաքին քաղաքականության, հատկապես արտաքին ռազմաքաղաքական կարևոր ուղենիշներ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով և Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամների միջոցով ներկայացված չորս առաջարկները, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար, հուլիսի կեսերին ամբողջովին ընդունվել են Կոնգրեսի կողմից։

Ընդունված օրենսդրական լրացումներից մեկով՝ Ներկայացուցիչների պալատը Բաքվից պահանջում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ Մյուս լրացմամբ օրենսդիրը ամերիկյան գործադիր իշխանության համապատասխան կառույցներից պահանջում է զեկույց տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների, սպիտակ ֆոսֆորի և կասետային ռումբերի օգտագործման, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։

Մեկ այլ լրացում վերաբերում է Թուրքիային ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքի սահմանափակումները խստացնելուն։

Ընդունված լրացումների մեջ թերևս ամենակարևորը Ջեքի Սփայերի կողմից ներկայացվածն էր, որն ուղղված էր ԱՄՆ Պետքարտուղարությանն ու Պաշտպանության քարտուղարությանը` վերջիններից պահանջելով.

  1. փաստաթղթավորել Պետդեպարտամենտի կողմից Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի կատարումից հրաժարման պատճառները,
  2. զեկուցել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգային աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը,
  3. գնահատական տալ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հարձակողական ուժի կիրառմանը կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարմանը՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 11-ից։

Կանադա

Հայաստանում Կանադայի դեսպանության բացման կապակցությամբ հուլիսի 15-ին կրկին հայտարարությամբ է հանդես եկել Հայ դատի Կանադայի հանձնախումբը։ Վերջինս հերթական անգամ հաստատել է, որ Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնումը Հայ դատի հանձնախմբի վերջին երեսուն տարիների հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն էր։ Բացի կանադահայության կամքի արտահայտումից, դեսպանության հաստատման պահանջը ուղղված էր նաև ՀՀ պետական շահի պաշտպանությանն ու պետության միջազգային հեղինակության բարձրացմանը՝ անկախ ՀՀ իշխանությունների հանդեպ հանձնախմբի դիրքորոշումից։

Հայ դատի հանձնախմբի համար բացարձակապես անընդունելի է Հայաստանում կանադական դեսպանատան հիմնումը դիտարկել ներկա աշխարհաքաղաքական գործընթացների և Ռուսաստան-Արևմուտք լարվող հարաբերությունների շրջանակում։

Եվրոպա

Հուլիսի առաջին տասնօրյակից աշխատանքային այցով Եվրոպայում գտնվող՝ Սոցիալիստական Ինտերնացիոնալի դաշնակցական փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը և գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը կարևոր հանդիպումներ են ունեցել Եվրոպական սոցիալիստական շրջանակների հետ։

Հուլիսի 11-ին հանդիպում է տեղի ունեցել Բելգիայի սոցիալիստական կուսակցության նախագահ Փոլ Մագնետեի հետ։ Քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում Եվրոպական Միության ընթացիկ դերակատարությանը և Արցախում ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև Բելգիայի սոցիալիստական կուսակցության հետ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կարևոր հանդիպում է տեղի ունեցել նաև Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի իսպանական պատվիրակության ղեկավար Խավիեր Մորենո Սանչեսի հետ։ Այս անգամ նույնպես հիմնականում քննարկվել է Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում Եվրոպական Միության դերակատարմանն առնչվող հարցեր։

           
Մեծ Բրիտանիա

          Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը հուլիսի 14-ին նամակ է հղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Էլիզաբեթ Թրասին՝ խիստ դժգոհություն հայտնելով անգլիական «Անգլո-ասիական» հանքարդյունաբերական ընկերության կողմից Արցախի բռնազավթված տարածքներում գործունեության վերաբերյալ: Նամակում անընդունելի է համարվել, որ բրիտանական կառավարությունը կարող է աչք փակել վերջերս էթնիկ զտման ենթարկված և քաղաքականապես անկայուն տարածաշրջանի շահագործման վրա։ 

Ավստրալիա

Հուլիսի սկզբին Արցախ էր այցելել Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի պատվիրակությունը։ Վերջինս հանդիպումներ է ունեցել ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և Քերոլայն Քոքսի անվան՝ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի ղեկավար Վարդան Թադևոսյանի հետ։ Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի առջև ծառացած ոլորտային մարտահրավերներն ու դրանց դիմագրավելու ուղղությամբ սփյուռքյան օժանդակությանը վերաբերող հարցեր։

Լիբանան

Հայ դատի Լիբանանի հանձնախումբը Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման 48-րդ տարելիցի, թուրքական ուժերի կողմից Իրաքի տարածքի վերջին ռմբակոծումների և Բելգիայի ազգային տոնի առիթներով համապատասխան նամակներ է հացեագրել Բեյրություն հավատարմագրված Կիպրոսի, Իրաքի և Բելգիայի դեսպանատներին։

Հայ դատի Լիբանանի մարմինը հուլիսի 27-ին այցելել է Մերձավոր Արեևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ, Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանին: Հայ դատի մարմինը Հայտոսթյանին շնորհավորել է Հայ ավետարանական եկեղեցու հիմնադրության 175-ամյակի, ինչպէս նաև Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության  նախագահի տեղապահ ընտրվելու առթիվ:

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

02.08.2022 թ.