ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (2021 թ. նոյեմբերի 24-դեկտեմբերի 29)

Հայ դատի Կենտրոնական խորհուրդ

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը, որին մասնակցել են Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի շուրջ 50 ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի օրակարգը վերաբերել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծված իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղություններից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջանի հակահայ գործունեությանը հակազդեցություն և այլն։ Քննարկվել են նախորդ շրջանի աշխատանքները և առաջիկա անելիքները։ Ըստ անհրաժեշտության՝ կատարվել մարտավարական ճշգրտումներ։

Հայ դատի Կենտրոնական գրասենյակը դեկտեմբերի 6-ին հրապարակել է խորհրդաժողովի աշխատանքների մասին հայտարարություն ։

2021 թ. նոյեմբերին, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հրատարակել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 2020 թ. աշխատանքը ամփոփող տարեգիրք։ Այդ շարքը շարունակական է լինելու, 2022 թ․ առաջին եռամսյակում նախատեսվում է հրապարակել Հայ դատի 2021 թ․ աշխատանքներն ամփոփող տարեգիրքը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Բաքվին և կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա վարչակարգի այլ բարձրաստիճան անդամների դեմ՝ որպես Հայաստանի, Արցախի և Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության ընդհանուր վերանայում։

Իբրև ամերիկյան քաղաքականության վերանայման չափանիշներ՝ Համբարյանը նշել է․

1) հետ կանչել 907-րդ բանաձևի նախագահական սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ,
2) 100 միլիոն դոլարի ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների ենթարկված ավելի քան 100․ 000 արցախահայերին աջակցելու համար,
3) Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ 2020 թվականին Արցախում և Հայաստանում տեղի ունեցած հարձակումների ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների համար,
4) դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը,
5) Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխման և Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ապօրինի զինամթերքի կիրառման վերաբերյալ հետաքննություն իրականացնել,
6) դատապարտել Թուրքիայի նյութական ռազմական աջակցությունը Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտման և Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի ուղղությամբ,
7) ակտիվորեն հակազդել Հայաստանին մոլորեցնելու Թուրքիայի փորձերին՝ «կարգավորելու» երկկողմ հարաբերությունները՝ ի հաշիվ Արցախի անկախության կամ Հայոց ցեղասպանության արդարության։

Եվրոպա

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ընթացիկ գագաթաժողովի և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպան վերաբերյալ դեկտեմբերի 14-ին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը․

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և Եվրոպական երկրներում գործող իր հանձնախմբերը, որպես Եվրոպական Միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Եվրոպական Խորհրդի նախագահին կոչ են անում․

1. վերահաստատել ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և հիմնարար սկզբունքներին, ներառյալ Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը,
2. որդեգրել հստակ դիրքորոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական շարունակվող սադրանքների անընդունելիության վերաբերյալ,
3. կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ և ամբողջությամբ դուրս բերել իրենց զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից,
4. կոչ անել Ադրբեջանի իշխանություններին ձեռնամուխ լինել հայկական բնակավայրերի շուրջ, այդ թվում՝ Արցախում, ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծմանը,
5. արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման որևէ գործընթաց չի կարող պարտադրվել ուժի կիրառմամբ, մարդու իրավունքների ոտնահարմամբ՝ ի հաշիվ Հայաստանի ազգային անվտանգության և կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ ադրբեջանական պահանջների համատեքստում,
6. ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ ռազմագերիներին և պահվող անձանց,
7. ընդգծել, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումները հանդուրժելի չեն,
8. փաստել, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից սանձազերծված պատերազմը, վարձկան ահաբեկիչների տեղակայմամբ, չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության տարածքով հատուկ կարգավիճակ ունեցող որևէ տրանսպորտային կապի սահմանմանը` ի հաշիվ Հայաստանի անվտանգության և տնտեսական շահերի,
9. Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրել՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության յուրացման և/կամ ոչնչացման քաղաքականությունը,
10. Ադրբեջանի իշխանություններին կոչ անել դադարեցնել հայատյացության և պատերազմական հռետորաբանության քաղաքականությունը։

Հունաստան

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի գրասենյակը հանդիպում է ունեցել Սալոնիկի Քաղաքային տրանսպորտի կազմակերպության ղեկավարի հետ, որին բողոք է փոխանցել հանրային տրանսպորտի վրա անթույլատրելի և վիրավորական գովազդային գրառումների կապակցությամբ: Կազմակերպության նախագահը հանձն է առել անհապաղ հետամուտ լինել խնդրի վերացմանը և նշել, որ արդյունքների մասին առաջիկա օրերին կազմակերպությունը համապատասխան հայտարարություն կտարածի: Նշենք, որ նոյեմբերի կեսերին Սալոնիկի քաղաքային ավտոբուսների վրա, ադրբեջանցիների ջանքերով, փակցվել է հայկական պատմական Շուշի քաղաքի պատկերով գովազդային պաստառ, որը նենգափոխում էր քաղաքի հայկական պատկանելիությունը։

Համակազմակերպությամբ ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի և Հունաստանի Համապոնտական միության՝ դեկտեմբերի 9-ին Աթենքի «Փարնասոս» սրահում տեղի ունեցավ հատուկ միջոցառում՝ նվիրված ցեղասպանության զոհերի միջազգային օրվան։

Թեև միջոցառումը կազմակերպված էր հայ և պոնտոսցի քաղաքական միավորների կողմից, ոգեկոչումը նվիրված էր այլ ցեղասպանությունների, որոնք իրագործվել են 20-րդ դարի ընթացքում և իրենց ամոթալի հետքն են թողել մարդկության վրա, հատկապես մարդկային անտարբերության և ոճրագործների անպատժելի մնալու պատճառով։

Երեկույթին ներկա էին Աթենքի և համայն Հունաստանի Իերոնիմոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, համալսարանական դասախոսներ և հասարակական շրջանակ, որոնք եկել էին ոգեկոչելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը։

Միջոցառման օրակարգն ընդգրկում էր չորս տարբեր զեկույցներ, որոնք մանրամասնորեն ներկայացրել են յուրաքանչյուր ոճրի քաղաքական, պատմական և միջազգային արձագանքի մանրամասնությունները։

Ֆրանսիա

Դեկտեմբերի 6-ին Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորների նախաձեռնությամբ և Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի համակազմակերպմամբ՝ Փարիզում տեղի ունեցավ «Միասին հանուն հայ ժողովրդի» միջոցառումը, որին ներկա էր ավելի քան 500 մարդ։ Հիմնական զեկուցողներից էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Միջոցառման արդյունքում հրապարակվել է համատեղ հայտարարություն, որը ստորագրել են Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆրանսուա-Քսավյե Բելամին և Նատալի Լուազոն։ Նրանք իրենց սատարումն են հայտնել ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ պայքարող հայ ժողովրդին։

Կիպրոս

Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Արցախյան պատերազմի տարելիցը, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները, գործակցաբար Հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, ինչպես նաև Արցախի բարեկամաների շրջանակի հետ, պատրաստել է Ադրբեջանին դատապարտող բանաձև, որն Արցախի բարեկամների շրջանակը ներկայացրել է խորհրդարանին։
2021 թ․ դեկտեմբերի 3-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայնությամբ ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձևը։

Ավստրալիա

Նոյեմբերի 30-ին Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ քննարկման է դրվել բանաձև, որն ուղղակիորեն կոչ է անում կառավարությանը՝ ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:

Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը՝ հավատարիմ մնալ 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման» մասին կոնվենցիային՝ ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:

Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցչական պալատը կոչ է արել Դաշնային կառավարությանը ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները։

Սա ներկայացնում է «Արդարության համատեղ նախաձեռնության» առաջին օրենսդրական հաջողությունը, որը ձևավորվել է 2020 թվականի փետրվարին հայ-ավստրալիական, ասորա-ավստրալիական և հունա-ավստրալական համայնքների կողմից:

«Ներկայացուցիչների պալատը խոսել է. Ավստրալիայի խորհրդարանի ամենամեծ և ամենաներկայացուցչական օրենսդիր պալատը միաձայն կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները», – հայտարարել Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
29.12․2021 թ.