Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև

Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Արցախյան պատերազմի տարելիցը, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները, գործակցաբար Հայ Համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, ինչպես նաև Արցախի բարեկամաների շրջանակի հետ, պատրաստել է Ադրբեջանին դատապարտող բանաձև, որն Արցախի բարեկամների շրջանակը ներկայացրել է խորհրդարանին։

2021թ․ դեկտեմբերի 3-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայնությամբ ընդունեց Ադրբեջանին դատապարտող բանաձևը։

Բանաձևի տեքստը ներկայացնում ենք ստորև․

Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ դատապարտող բանաձև

Ներկայացուցիչների պալատը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի մեկ տարին լրանալուց հետո

-հաշվի առնելով նախորդ՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաքում Ադրբեջանի կողմից հայերի վրա հարձակման իր բանաձևը,

-հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևը,

-հաշվի առնելով Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևի (III) կոնվենցիան,

-հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 9-ի ծանուցումը,

-հաշվի առնելով Մարդու Իրավունքների դիտորդական առաքելության 2021 թվականի մարտի 19-ի զեկույցը

-հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հազարավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ, ճնշող մեծամասնությամբ հայեր, զոհվել կամ վիրավորվել են և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հազարավոր խաղաղ բնակիչներ տեղահանվել,

-հաշվի առնելով, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված Եռակողմ զինադադարի հայտարարության 8-րդ կետը նախատեսում է ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների դիակների փոխանակում,

-հաշվի առնելով, որ հայ ռազմագերիների մի թվաքանակ դեռ ազատ չի արձակվել, զոհվածների դիակները չեն վերադարձվել, իսկ հարյուրավոր հայ գերիների ճակատագիրն անհայտ է,

-հաշվի առնելով, որ շարունակվում են Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները և գործողությունները Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ,

-հաշվի առնելով, որ Արցախի բնակչությունը շարունակում է տուժել հակամարտության հետևանքներից (տեղահանումներ, մարդասիրական օգնության կարիք, մշակութային ժառանգության ոչնչացում, ադրբեջանական ուժերի կողմից Արցախի բնակչության ջրամատակարարման բոլոր աղբյուրների օկուպացիայի պատճառով ջրի խիստ սակավություն), Ներկայացուցիչների պալատը քվեարկելով

1.Դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածքի վրա,

2.Դատապարտում է ինչպես թուրքական ռազմական անձնակազմի, այնպես էլ տեխնիկայի բացահայտ ներգրավվածությունը,

3.Պահանջում է Ադրբեջանին ի կատար ածել զինադադարի մասին հայտարարութան դրույթները, որը նախատեսում է բոլոր գերիների ազատ արձակում, մահացածների դիակների վերադարձ ու անհայտ կորածների ճակատագրի պարզում,

4.Կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրամիությանն ու այլ միջազգային կազմակերպություններին մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածքի բնակչությանը, աջակցություն ցուցաբերել տարածքի վերականգնման գործին, փախստականների վերադարձին ու Արցախի տարածքի հայերի կրոնական և մշակութային ժառանգության հուշակոթողների պաշտպանությանը,

5.Անհանգստություն է հայտնում ականների, կասետային ռումբերի ու այլ չպայթած զինամթերքի առկայության կապակցությամբ, որոնք վտանգում են խաղաղ բնակիչների և հատկապես երեխաների առօրյա կյանքը տարածքում,

6.Կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ: