ՀՅԴ Հայ դատի Հունաստանի գրասենյակի ջանքերով կհանվի Սալոնիկի ավտոբուսների վրայի ադրբեջանական գովազդը

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի գրասենյակը հայտնում է, որ հանդիպում է ունեցել Սալոնիկի Քաղաքային տրանսպորտի կազմակերպության ղեկավարի հետ, որին փոխանցվել է բողոքը հանրային ավտոբուսի վրա անթույլատրելի եւ վիրավորական գովազդային գրառման կապակցությամբ: Կազմակերպության նախագահը հանձն է առել անհապաղ հետամուտ լինել խնդրի վերացմանը և նշել, որ արդյունքների մասին առաջիկա օրերին կազմակերպությունը համապատասխան հայտարարություն կտարածի:

Նշենք, որ մի քանի օր է Սալոնիկի քաղաքային ավտոբուսների վրա փակցվել է հայկական պատմական Շուշի քաղաքի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով անվանակոչված «Շուշա» գրառմամբ։ 

Այս ամենին արձագանքել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը՝ նշելով․

«Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին եւ իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի եւ ապագայում չկրկնվի»։