Եվրախորհրդարանի 33 պատգամավոր կոչ է անում Եվրամիությանը ստիպել Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի Հանրապետությունից

Բրյուսել, 19 նոյեմբեր 2021թ.-  

Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ, Եվրախորհրդարանի 33 պատգամավոր նամակով դիմել են ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան՝ պահանջելով ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և ամբողջական հեռացումը ՀՀ տարածքից և կոչ են անում ԵՄ Եվրամիության Արտաքին Գործողությունների ծառայությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու և կանխելու Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունում է նախաձեռնությունը՝ շեշտելով, որ «ի տարբերություն ԵՄ արտաքին գործերի ծառայության հայտարարությանը, նամակը հստակորեն ագրեսորին իր անունով է կոչում: Անհրաժեշտ է հստակ գործողություններով ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, որպեսզի անհապաղ և ամբողջությամբ լքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:»

Նամակի բովանդակությունը հետևյալն է. «Նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանի երկայնքով։ Որպես Եվրախորհդարանի Անդամներ, դատապարտում ենք ադրբեջանական հարձակումը և ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի ռեժիմի հայտարարությունը և լրջորեն վտանգում է տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։ Ադրբեջանական զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը։

Մենք խորապես ցավում ենք նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով ատաջացած մարդկային կորուստների համար։

Ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն, որը վտանգում է ՀՀ արևելյան ու հարավային շրջանների բնակչության անվտանգությունը, խաղաղ բնականոն կյանքն ու մարդու իրավունքները, պետք է անմիջապես դադարեցնել։

Կոչ ենք անում Եվրամիության Արտաքին Գործողությունների ծառայությանը օգտագործել իր բոլոր լծակները՝ դադարեցնելու և կանխելու ՀՀ տարածքային ամբողջականության խախտումն ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը։»

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակ