Վերակազմվեց Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը

Նոյեմբերի 10-ին վերակազմվեց Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը ։ Այդ միջոցառումը նաև նշանավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակը։ 

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործունեության կարևոր ուղղություններից մեկը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամների շրջանակի ընդլայնումն է և հանուն արդարության՝ հայկական պետական շահի պաշտպանությունը: Այս նպատակներին հասնելու համար Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ավանդաբար ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ում Հայաստանի առաքելության դիվանագիտական անձնակազմի հետ:

Ինչպես Եվրախորհրդարանի նախորդ երկու գումարումներում, այս անգամ էլ Հայ դատի գրասենյակն ակտիվորեն աշխատել է Հայաստանի հետ միջկուսակցական բարեկամության խմբի վերագործարկման ուղղությամբ, որը բաղկացած է Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերի անդամներից: Բարեկամության խմբի նախագահն է Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը (ԵԺԿ, Կիպրոս): Օրենսդրական նախորդ շրջանում Հայաստանի հետ բարեկամության խումբը նախագահում էր Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր դոկտոր Էլենի Թեոխարուսը (Կիպրոս):

Միջոցառման ընթացքում Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Լուկա Ֆուրլասին՝ իր նախաձեռնության համար, բարեկամության խմբի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանին՝ ծավալուն աշխատանքի համար։ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ բարեկամության խումբը արդարության պաշտպանության և Հայաստանում ու Արցախում մեր ժողովրդին օգնելու համար բազմաթիվ նախաձեռնություններ է ունենալու։ 

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ