Հայաստանի պետությունը չպետք է շտապի ստորագրելու ինչ-որ պարտադրված խաղաղության համաձայնագիր․ Հարութ Շիրինյան

lragir.am -ի զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը

-Պարոն Շիրինյան, այն դեպքում, երբ ՌԴ-ն չի կարողանում ապահովել Արցախի բնակիչների անվտանգությունը, ինչ քայլեր պետք է կատարի Հայաստանը։ ԵՄ-ի կողմից ինչպիսի՞ աջակցություն կարող լինել այս դեպքում։

-Արցախում զինադադարի խախտման դեպքը չենք կարող տարանջատել ընդհանուր մթնոլորտից, որ այսօր գոյություն ունի տարածաշրջանում: Եթե Հայաստանը թույլ գտնվի հենց իր հանրապետության սահմաններում՝ առիթ տալով թշնամուն առաջադիմել և սահմանային շփման գոտում նոր տարածքներ ձեռք բերել, ապա նույն թշնամին շատ ավելի հանգիստ ձևով կխախտի հրադադարը Արցախում: Հետևաբար, ամեն ինչից առաջ Հայաստանը պետք է սկսի ապահովել քաղաքացիների անվտանգությունն իր սահմաններում, որպեսզի հետո բարձրաձայնի տեղի ունեցած դեպքի մասին, ներառյալ ԵՄ-ում: Բայց գիտենք, որ իր հնարավորությունները գետնի վրա փաստելու այս պահին ռազմական ոլորտում, այնքան էլ բարձր չեն տարածաշրջանում:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք է բերվել նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն։ Ի՞նչ կարող ենք ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից այս փուլում։ Այցերը տարածաշրջան ինչ կարող են տալ։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաակտիվացումը կարևոր է այն առումով, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան նորից պետք է աշխուժանան այս հարցում: Պատերազմն ավարտվեց, բայց գիտենք, որ ԼՂ հակամարտությունը չի լուծվել, Արցախի կարգավիճակի մասին վերջնական որոշում տակավին չկա: Այս պահին ես ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում եմ առնվազն երկու բան. Նախ վերահաստատել, որ հիմնախնդիրը իսկապես պետք է լուծվի Մինսկի խմբի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, ներառյալ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը: Երկրորդ, դատապարտել այն փաստը, որ Ադրբեջանը փորձեց հարցը լուծել ուժի և պատերազմի միջոցով, ինչը, բնականաբար, դեմ է հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հիմնարար սկզբունքներից երկրորդին, որը ուժի կիրառման բացառումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պետք է նաև դատապարտում ստանալ Շուշիի և Հադրութի անօրինական գրավման վերաբերյալ և հակահայ էթնիկ զտումների մասին, նաև կեցվածք տեղահանված հայ քաղաքացիների մասին իբրև փախստականներ:

-Ի՞նչ աշխատանք պետք է տանի Սփյուռքը։ Տեսակետ կա, որ ավանդական կուսակցություններն այլևս չունեն նախկին վստահությունը։

-Ես Հայ դատի հանձնախմբերի ցանցի անդամ եմ, որը գործում է 32 երկրներում: Այդ ցանցը գործում է 1950-ականներից ի վեր անդադար, ինչը տեղի է ունենում համայնքների ամուր օժանդակությամբ և մասնակցությամբ, և նաև համագործակցում է մեր զուրյգ պետությունների և պետական կառույցների հետ: Այսօր ինչպես նաև պատերազմից առաջ, ես մեր տարած աշխատանքի հանդեպ որևէ անվստահության նշաններ չեմ նկատել մեր սփյուռքյան համայնքների կողմից: Ընդհակառակը, պատերազմի ընթացքում և դրանից հետո այն մարդկանց թիվը, որոնք դիմում էին մեզ, որ մասնակցեն Հայ դատի իրազեկման աշխատանքներին, հստակորեն մեծացել է: Կարող եմ ասել, որ առանց այս նոր կամավորների աշխատանքին, Հայ դատի ցանցը, որը ՀՅԴ հովանու տակ է գործում, չէր կարող գոյատևել և արդյունավետ աշխատանք տանել, հայամետ բանաձևերի հասնել տարբեր երկրներում, այդ թվում եվրոպական:

-Տեսակետ կա, որ աշխարհում փոխվում է Հայաստանի և Հայ դատի հետ կապված հարցերի առաջ մղումը։ Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը փոխարինվել են Հայաստանի անվտանգության և Արցախի հիմնահարցերով։ Ի՞նչ եք դուք կարծում։

-Այո, Հայ դատի աշխատանքը նախևառաջ ուղղված է Հայաստանի և Արցախի մեր ժողովուրդների իրավունքներին, նաև մեր զույգ պետությունների անվտանգությանը, որովհետև հստակ է, որ մեզ համար այսօր կա պետության, ազգի լինել-չլինելու հարցը: Այսօր անմիջական վտանգը այդ ոլորտում է, ուրեմն բնական է, որ Հայ դատի հանձնախմբերի ցանցն առաջին հերթին իր օրակարգում դնում է Հայասստանի և Արցախի անվտանգության հարցը: Սակայն այս բոլորը չենք կարող տարանջատել Ցեղասպանության պահանջատիրությունից, որովհետև տարիներն անցնում են, իսկ թշնամին մնում է նույնը, և տուժած կողմը մնում ենք մենք: Ասվածի ամենավառ վկայությունը Թուրքիայի ներգրավվածությունը և մասնակցությունն է Արցախի վերջին պատերազմին, ներառյալ մարդկային և ռազմական ռեսուրսներով Ադրբեջանին օժանդակելը, նաև Սիրիայից ու Լիբիայից ջիհադիստներ, վարձկան ահաբեկիչներ ուղարկելը, որպեսզի Արցախի ժողովրդի դեմ հանցագործություններ գործեն: Մեզ համար Հայոց ցեղասպանության ճանաչումը, այդ թվում Թուրքիայի կողմից, ինքնանպատակ չէ, որովհետև այս ճանաչումը պետք է ապահովի Հայաստանի ժողովրդի անվտանգությունը և նրա բարգավաճելու և առաջադիմելու հնարավորությունը հենց իր երկրի մեջ: Այս առումով մենք աշխատանք ունենք անելու, որպեսզի այդ բոլոր երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նրանք ավելի խիստ ձևով դատապարտեն, որ թշնամին նույն ցեղասպան քայլերի չդիմի, ինչպես եղավ Արցախի պատերազմի ժամանակ:

Այստեղ է, որ Հայաստանի պետությունը չպետք է շտապի ստորագրելու ինչ-որ պարտադրված խաղաղության համաձայնագիր մեր պատմական թշնամիների հետ՝ առանց ուսումնասիրելու նախևառաջ նրանց դերակատարությունը մեր ազգի դժբախտությունների մեջ, և մասնավորապես, իրենց ապագայի տեսլականը տարածաշրջանում ստեղծելու ինչ-որ նեոօսմանյան մեկ իրավիճակ, որի տուժող կողմը կարող են լինել Հայաստանը և Արցախը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ