ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների մեծ մասը վերջերս արտացոլվել էին «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի»  քննարկումների ընթացքում՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջադրված թվով ութ օրենսդրական փոփոխությունների միջոցով։

Առաջադրված փոփոխությունները ենթադրում են Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ֆինանսական օժանդակության դադարեցում, ԱՄՆ կառավարության համապատասխան մարմիններից տեղեկատվության պահանջում, թե արդյո՞ք ԱՄՆ ռազմական օժանդակությունից օգտվող պետություններն իրականացրել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, Արցախում ԱՄՆ հումանիտար և զարգացման աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ վերադարձ, թուրքական արմատական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության արգելք, զեկույց պաշտպանության քարտուղարից՝ թուրքական անօդաչուներում կիրառված ամերիկյան տեխնոլոգիաների վերաբերյալ՝ այն հարցադրմամբ, թե խաղաղ բնակչության դեմ ամերիկյան ռազմական արտադրանքի օգտագործումը արդյո՞ք չի խախտում ԱՄՆ օրենսդրությունը։

Վերոնշյալ օրենդրական փոփոխությունները ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեռևս քննարկման փուլում են։

Միջանկյալ նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև քննության ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների դեպքերը։ Ընդունված փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում  ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքը՝ հասնելու իր քաղաքական առաջնահերթությունների ամբողջական բավարարմանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

23.09.2021 թ.