ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահն այսօր ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

 Ողջյունելով հյուրերին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նախ շնորհակալություն է հայտնել Բարոնուհի Քոքսին՝ տասնամյակներ շարունակ Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին ցուցաբերած վիթխարի օժանդակության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես տարածաշրջանային քաղաքական գործընթացները և այդ համատեքստում Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։ Հատուկ անդրադարձ է կատարվել Թուրքիայի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի անընդունելիությանը։ Փորձ է արվում այդ գործընթացներն իրականացնել միջազգայնորեն ընդունված կարգավորումները շրջանցելով, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումներով և ուղղակի ռազմական սպառնալիքով։

Հատուկ ուշադրության է արժանացել Արցախյան հիմնահարցի ներկա հանգրվանը, քննարկվել են Արցախի Հանրապետությանը, ժամանակավորապես տեղահանված անձանց և ռազմագերիների ազատության խնդրին վերաբերող հարցեր։ Այս ուղղություններով նախանշվել որոշ ծրագրեր։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական Խորհուրդ

13.092021 թ.