ԱՄՆ-ի կառավարությունը սխալ է

Uncategorized

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, որտեղ նա անդրադարձել է երեկ հայ ռազմագերիների վերադարձին: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ կալանավորվածների ազատ արձակումը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և դիերիի փոխանակման գործընթացը, հարգել կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու նրանց պարտավորությունները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը հակադարձում է. «ԱՄՆ-ի մեր կառավարությունը ՍԽԱԼ է` իրավաբանորեն և բարոյապես: Այն շարունակում է Ադրբեջանի կողմից պատանդ պահվող հայերին ներկայացնել որպես կալանավորվածներ (Ադրբեջանի կողմից ներկայացվածով) և ոչ թե ռազմագերիներ (միջազգային իրավական սահմանումը): Այս բառախաղը Բաքվին հնարավորություն է տալիս պահել, խոշտանգել և սպանել հայ ռազմագերիներին:

Նշենք նաև, որ Բլինքենն իր հայտարարության մեջ դիմել է երկու կողմերին, սակայն բազմաթիվ աղբյուրներ նշել են, որ հայկական կողմը ադրբեջանական գերիներ չունի, երեկ նաև եվրապատգամավորները Եվրախորհրդարանի և Երվարահանձնաժողովի նախագահներին ուղղված նամակում հատուկ նշել էին, որ Հայաստանն ազատ է արձակել պահվող բոլոր ռազմագերիներին՝ հավատարիմ մնալով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության ոգուն: