Եվրոպան կարող է շատ ավելին անել գերիների ազատ արձակման հարցում

Լուրեր

lragir.am- ի զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը

-Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում հայ գերիների անհապաղ վերադարձի հարցերով. ի՞նչ եք ակնկալում այդ քննարկումից:

-Այդ քննարկում-կոնֆերանսը տեղի ունեցավ նախօրեին, և մենք դրա հիման վրա արդեն մամուլի հաղորդագրություն ենք ուղարկել: Այն զրույցի ֆորմատ ուներ, այն Եվրախորհրդարանի պաշտոնական քննարկում կամ նիստ չէր: Քննարկմանը մասնակցում էին և խոսքով հանդես եկան Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը: Ավելի քան 200 հոգի ներկա էր քննարկմանը, նրանք առիթ ունեցան հարցեր ուղղել և պատասխաններ ստանալ:

-Այսպիսի քննարկումները որքանո՞վ կօգնեն գերիների վերադարձին, Եվրոպան, ի վերջո, կմիջամտի՞ խնդրի լուծման հարցում:

-Մասնակիցները, որոնք ելույթ ունեցան, բոլորն էլ միանշանակ նշեցին, որ Եվրոպան կարող է շատ ավելին անել այս հարցում: Նաև քննադատություններ հնչեցին պատերազմի ընթացքում Եվրոպայի կեցվածքի առնչությամբ: Ռազմագերիների հարցով նշվեցին եվրոպական երկրների խորհրդարանների կողմից ընդունված տարբեր բանաձևեր, օրինակ Բելգիայի, Չեխիայի, Լատվիայի, Հոլանդիայի խորհրդարաններում: Ինչպես նաև ԵՄ մի շարք բարձրաստիճան գործիչների կողմից հայտարարություններ են եղել՝ լինի պաշտոնական կամ ոչ պաշտոնական: Այս ամենը վերջին ամիսներին տեղի է ունեցել, սակայն մեր ակնկալիքը առաջիկա ամիսներին Եվրախորհրդարանից և ԵՄ-ից հստակ, կարծր դատապարտումն է, ինչպես նաև գործնական քայլերը, որպեսզի բոլոր ռազմագերիները ազատ արձակվեն, մասնավորապես, հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հայ ռազմագերիների նկատմամբ իրականացնում են հակամարդկային վերաբերմունք, ինչպես նաև շատ դեպքերում այդ վերաբերմունքը նկարահանում ու տարածում են սոցիալական ցանցերում:

-Եվրոպան այս ընթացքում բավական լուռ էր ռազմագերիների ազատ արձակման հարցը բարձրաձայնելու տեսակետից: Հիմա, երբ այսպիսի քննարկումներ են կազմակերպվել, նրանց կողմից ակտիվություն կնկատվի՞, որքանո՞վ կկարողանաք նրանց արթնացնել:

Այո, համեմատաբար լուռ էին, բայց արդար լինելու համար պետք է նշենք, որ եվրոպական արտաքին գործերի ծառայությունները արտահայտել են ԵՄ-ի կեցվածքը և պահանջը Ադրբեջանին՝ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Հիմա հարցն այն է, որ այս խնդիրը պետք է դիտել իրավական հարթությունում: Նախօրեին տեղի ունեցած կոնֆերանսի նպատակներից մեկն էլ այն էր, որ մենք պետք է վերահաստատենք մեր եվրոպացի գործընկերների մոտ, որ բոլոր մեր ռազմագերիները լիովին համապատասխանում են 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի սահմանումներին: Մասնավորապես, նրանք համապատասխանում են ռազմագերի հասկացությանը: Այստեղ է, որ ԵՄ-ն կարող է իր դերակատարությունն ունենալ, և «soft power»-ով ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա, որոնք նաև ԵՄ «Արևելյան գործընկերության» մաս են կազմում:

Ընդհանուր առմամբ, մենք պետք է ճնշում գործադրենք մեր եվրոպացի բարեկամ գործընկերների վրա, որոնք իրենց հերթին ճնշում գործադրեն իրենց կառավարությունների, եվրոպական կառույցների ներկայացուցիչների վրա, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի պահպանել նոյեմբերի 9-ին իր ստորագրած հայտնի հայտարարության պահանջները, որտեղ հստակ նշված է, որ բոլոր ռազմագերիները և այլ ձերբակալված անձինք, նաև մահացած քաղաքացիների դիակները վերադարձվեն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ