Թուրքիայի հետ սահմանները չպետք է բացենք ռազմավարական զիջումների գնալով․ Գևորգ Ղուկասյան

Այդ օրակարգը կեղծ է, թե Սփյուռքը խանգարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը։

«Խնդիրն ավելի շատ հայության քաղաքական դիրքորոշման, քաղաքական կեցվածքի մեջ է, և՛ Հայաստանի Հանրապետության բնակչության, և՛ Սփյուռքի մեր հայրենակիցների, որն, ըստ էության, չի բացառում Թուրքիայի հետ սահմանների բացման հնարավորությունը։ Սակայն Թուրքիայի հետ սահմանների բացումը պետք է լինի առանց նախապայմանների։ Այսինքն, նույնիսկ Սփյուռքի քաղաքական դերակատարների դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է՝ Թուրքիայի հետ սահմանների բացումը հնարավոր է, բայց այդ բացումը պետք է լինի առանց նախապայմանների, և պիտի լինի փոխշահավետ երկու կողմերի համար։ Այսինքն, այնպես չլինի, որ մենք սահմանները բացենք քաղաքական, ազգային, ռազմավարական զիջումների գնալով, և նաև այնպես չստացվի, որ սահմանների բացման հետևանքով Հայաստանը ենթարկվի տնտեսական կոլապսի»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա նշեց, որ Սփյուռքի գործունեության այն հատվածը, որ թուրքերին ամենաշատն է անհանգստացնում, վերաբերում է Սփյուռքի՝ էթնիկ հայկական լոբբինգին, որն, ըստ էության, իրականացվում է Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների միջոցով։

«Բայց երբ մենք փորձում ենք վերլուծել և հասկանալ Հայ դատի գրասենյակների գործունեությունը, ապա տեսնում ենք, որ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերն, ըստ էության, սպասարկում են Հայաստանի Հանրապետության և հայության արտաքին քաղաքական շահը էթնիկ լոբբինգի գործիքակազմերի միջոցով։ Օրինակ, երբ իրենք, որպես այլ պետությունների քաղաքացիներ, այդ պետություններում առկա օրենսդրական մեխանիզմներով՝ իբրև քաղաքացիներ, իրենց իշխանություններին ներկայացնում են կոնկրետ պահանջներ։ Սա, իհարկե, թուրքերին անհանգստացնում է, որովհետև այստեղ իրենք խնդիր ունեն»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա ընդգծեց, որ սկսած  1944 թ-ից այս ցանցը դարձել է կազմակերպված ցանց, Սփյուռքին տվել է քաղաքական գործոնի կարգավիճակ։ Գևորգ Ղուկասյանի համոզմամբ՝ Սփյուռքի քաղաքական գործունեության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների միջև լուրջ տարընկալումներ չկան։

Մանրամասն՝ տեսանյութում