ՀՅԴ անդամ. Ռուսաստանը պետք է կողմնորոշվի Հարավային Կովկասում ռազմավարական գործընկերոջ հարցում

Ռուսաստանը պետք է կողմնորոշվի Հարավային Կովկասում ռազմավարական գործընկերոջ հարցում: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հայ դատի» գրասենյակի եւ քաղաքական հարցերով ՀՅԴ ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարությունը:

«Սա եւ նախկինում արված բազմաթիվ հայտարարություններ անհանգստացնում են Երեւանին, քանի որ պետք է տրամաբանություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ միեւնույն մոտեցման մեջ»,- ընդգծել է Մանոյանը՝ հավելելով, որ Երեւանը Մոսկվայի հետ հարցը պետք է քննարկման բարձրացնի: Մանոյանն ուշադրություն է դարձրել, որ 2008թ.-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի ընթացքում Բաքվում երկու երկրների միջեւ ստորագրվեց Բարեկամության եւ ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր:

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել էր Ադրբեջանի՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկեր լինելու մասին: Միեւնույն ժամանակ պաշտոնական անձինք բազմիցս նշել են Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին: