Կիրո Մանոյան. ոչ ոք չի պատկերացնում, որ Լեռնային Ղարաբաղը դե յուրե մաս է կազմելու Մաքսային կամ Եվրասիական միությանը

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաներից մեկի վերջին հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի անդամակցելու Մաքսային միությանը, նշեց. «Մաքսային միության պաշտոնյան այլ բան չէր կարող ասել:

Կարծում եմ` ոչ ոք չի պատկերացնում, որ Լեռնային Ղարաբաղը դե յուրե մաս է կազմելու Մաքսային կամ Եվրասիական միությանը, խնդիրը գործնականն է, այսինքն` որքան պիտի Մաքսային/Եվրասիական միության անդամները հետամուտ լինեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները լինեն ոչ այնպես, ինչպես այսօր են: Սա է խնդիրը»:

Կիրո Մանոյանի խոսքերով` եթե Մաքսային միության անդամները առանց հարցն իրավականորեն կարգավորելու չբարձրացնեն ԼՂՀ անդամակցության հարցը, որևէ խնդիր չկա, բայց խնդիրն այն է, որ, որոշ տեղեկությունների համաձայն, Մաքսային միության անդամ պետություններից մեկը կամ երկուսը (խոսքը, մասնավորապես, Բելառուսի և Ղազախստանի մասին է) Թուրքիայի կամ Ադրբեջանի մղումով արդեն ուզում են բարձրացնել այդ հարցը: «Եթե բարձրացնեն, արդեն հարց կլինի,- ասում է դաշնակցական գործիչը:

– Դա վերջում կերևա, այսինքն` հարցն այն է, թե ինչ է լինելու վերջնական, ստորագրվելիք փաստաթղթում: Դրանից է ամեն ինչ կախված»:

Իսկ եթե ամեն դեպքում որոշում կայացվի, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև պետք է մաքսակետեր լինե՞ն:

«Այդ դեպքում չեմ կարծում, որ Հայաստանի որևէ քաղաքական ուժ կհամաձայնի Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալուն»,- ի պատասխան մեր հարցին` նշեց Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև կազմակերպված տեսակամուրջի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարել էր, թե Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում, և միության սահմաններն անցնելու են Հայաստանի Հանրապետության` ներկայումս ընդունված սահմաններով: Արձագանքելով Ազարովի հայտարարությանը` տեսակամուրջին հայկական կողմից մասնակցած Արտակ Զաքարյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, մասնավորապես ասել էր, թե ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահման չի կարող լինել: