Դասախօսական հերթական երեկոն՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան յարկի ներքոյ

«ԱԼԻՔ» – Երէկ՝ մայիսի 11-ին, «ՀՈՒՍԿ» հաստատութեան կենտրոնատեղիում, Հայ Դատի յանձնախմբի Բարեկամների ընկերակցութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ հերթական դասախօսական երեկոն՝ «Հայ Դատը եւ ցեղասպանութիւնը» թեմայով:
Օրւայ դասախօսն էր Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Գէորգ Վարդանը: Անդրադառնալով Հայ Դատ հասկացողութեանը՝ դասախօսը ներկայացրեց դրա ձեւաւորման գործընթացը, անցած պատմական ուղին ու հանգրւանային զարգացումները:
Նա յատուկ ընդգծեց, որ Ցեղասպանութիւնից չէ, որ ծնւեց Հայ Դատը, այլ դրանով այն ընդամէնը նոր փուլ թեւակոխեց: Իսկ թէ որտեղից ակունք առաւ եւ ինչ հոլովոյթ ապրեց Հայկական Հարցը, դասախօսը խորհուրդ տւեց վերադառնալ մինչեւ 14-15-րդ դարերը:
Ըստ նրա՝ հայկական բուն հողերում, հայոց պետականութեան անկումից յետոյ, հայ մարդու համար ստեղծւած անտանելի վիճակը 17-րդ դարում հայութեանը ստիպեց դիմել օրւայ քրիստոնեայ պետութիւններին՝ օգնութիւն խնդրելու ակնկալիքով: Այդ կապակցութեամբ նա Իսրայէլ Օրիի 30 տարիների գործունէութիւնը համարեց որպէս Հայկական Հարցի հետ կապւած դիւանագիտական հանդիպումների ու շփումների առաջին շրջանի երկար շարանի սկիզբը, որը տեւեց մինչեւ 1878 թւականը՝ Բեռլինի վեհաժողովը:
Պրն. Վարդանն ապա անդրադարձաւ 1915 թւականի իրադարձութիւններին ու ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան բուն պատճառը՝ բզկտւող ու կազմաքանդւող Օսմանեան կայսրութեան փրկութեան միակ ելքը պանթուրանիստական ծրագրի դէպի Արեւելք ծաւալւելու իրագործումն էր, որի հիմնական խոչընդոտը համարւում էին հայերը: Այդ իսկ պատճառով՝ թուրքերը իրագործեցին Հայոց Ցեղասպանութիւնը՝գիտակցելով, որ ստիպւած են լինելու երկար ժամանակ կրել դրա ներքին եւ արտաքին բոլոր բացասական հետեւանքները:
Դասախօսը ներկայացրեց նաեւ Ցեղասպանութեան անմիջական հետեւանքները՝ հայ ժողովրդի համար, որոնք էին՝ ազգային անվտանգութեան խաթարումը, մշակութային ջարդը, քաղաքական, հասարակական ու մշակութային միատարրութեան քայքայումը, սեփական հայրենիքից արմատախիլ դառնալն ու Արեւմտեան Հայաստանի տարածքներում մնացած հայութեան բեկորների ստիպւած դաւանափոխութիւնը եւ ինքնութեան կորուստը:
Իր ելոյթի աւարտական բաժնում Գէորգ Վարդանն անդրադարձաւ մեր օրերի իրականութեանն ու քաղաքական անցուդարձին, 2008 թւականին մեկնարկած բոլորին յայտնի ֆուտբոլային դիւանագիտութեանն ու դրա թողած բացասական ազդեցութեանը՝ Հայ Դատի ուղղութեամբ տարւող աշխատանքների վրայ, ինչպէս նաեւ Թուրքիայի բացասական դերակատարութեանը՝ Մերձաւոր Արեւելքի վերջին իրադարձութիւններում:
Ըստ նրա՝ հէնց առկայ իրականութիւններից ելնելով է, որ հայ ժողովուրդը ստիպւած է վերանայել իր ազգային անվտանգութեան նախագծերն ու դրանք յարմարեցնել օրւայ քաղաքական պահանջներին՝ յանուն ողջ հայ ժողովրդի եւ Հայաստանի բարօրութեան:
Վերջում դասախօսը պատասխանեց ներկաների հարցերին: