Արցախին առնչվող քննարկումներ են եղել ԱՄՆ Սենատում

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից հայտնում են, որ հունվարի 19-ին ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Անտոնի Բլինքենի հետ հարց ու պատասխանի ժամանակ Սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Ռոբերտ Մենենդեզը հարցեր է ուղղել կապված ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի ու Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։Սենատոր Մենենդեզը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական կեցվածքի վերաբերյալ իրեն հարակից գրեթե բոլոր տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում և Լիբիայում, Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու և Կիպրոսի սուվերեն ջրային տարածքներում։ Մենենդեզը հատուկ ուշադրություն դարձրեց Ղարաբաղյան վերջին պատերազմի վրա՝ դատապարտելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին զինումը ու պատերազմական գործողություններ հրահրելը:

Սենատորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Բայդենի վարչակազմը Թուրքիային «բաց աչքերով» է նայում, ինչին ի պատասխան Բլինքենն ասաց․ «Մենք «բաց աչքերով» ենք նայում: Թուրքիան դաշնակից է, որը, ինչպես Դուք ասացիք, շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը: Սա մեզ համար շատ կարևոր մարտահրավեր է, և մենք դրան շատ հստակ ենք նայում »։

Մենենդեզը նաև հույս է հայտնել, որ Սպիտակ տան վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նկատելով, թե ինչ դժվար է Հայաստանում ԱՄՆ դեսպանների համար այցելել Ցեղասպանության հուշահամալիր և չարտասանել ցեղասպանություն բառը։ Սենատորը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփի վարչակազմը Էրդողանին «գուրգուրում էր»։

Ի պատասխան սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Թուրքիայի նկատմամբ ռուսական S400 գնելու համար ամերիկյան պատժամիջոցների շարունակականության վերաբերյալ հարցին՝ Բլինկենը պատասխանեց. «Կարծում եմ, որ անընդունելի է այն, ինչ Թուրքիան արել է որպես ՆԱՏՕ-ի դաշնակից S-400- ները ձեռք բերելու հարցում: Այն գաղափարը, որ մեր այսօրվա ռազմավարական, այսպես կոչված, ռազմավարական գործընկերը իրականում համահունչ կլինի Ռուսաստանում մեր ամենամեծ ռազմավարական մրցակիցներից մեկին, ընդունելի չէ: Կարծում եմ, որ մենք պետք է նայենք և տեսնենք, թե ինչ ազդեցություն են ունեցել առկա պատժամիջոցները, և հետո պարզենք, թե կա՞ ավելին, որ պետք է արվի»:

Քննարկվել են նաև մարդկության դեմ հանցագործություններ գործած և կոռուպցիոն սկանդալներով հայտնի միջազգային ղեկավարների նկատմամբ Մագնիցկու պատժամիջոցներ կիրառելու և այլ հերցեր։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է իր քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանն ուղղված աշխատանքները՝ Արցախյան հիմնախնդրի, ցեղասպանության ճանաչման, ադրբեջանաթուրքական տանդեմի նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Հայաստանին տրամադրվող Ամերիկյան օժանդակության մեծացման համատեքստում։

Ամբողջական հարց ու պատասխանին կարող եք ծանոթանալ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից տրամադրված հետևյալ նյութից։