Իսրայելն Aeronautics-ին կրկին թույլ է տվել Բաքվին «մահապարտ» անօդաչուներ վաճառել. ANCA-ն դատապարտել է Իսրայելի որոշումը

Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է նախկինում սահմանված արգելքն ու իսրայելական Aeronautics ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը:

The Times of Israel-ը հիշեցնում է, որ երկրի պաշտպանության նախարարությունը 2017 թվականին Aeronautics Defense Systems Ltd.-ին կասկածել էր իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ այն ընդդեմ հայկական զինուժի կիրառելու համար: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքով ընկերությանն արգելվել էր անօդաչուներն ադրբեջանական կողմին վաճառել:

Խոսքը մինչև 2 կգ քաշով պայթուցիկ կրելու հնարավորությամբ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուի մասին է, որն ադրբեջանական կողմի ներկայացուցիչների առջև ցուցադրական թռիչքի ժամանակ Ադրբեջանի պահանջով որպես հարձակման թիրախ էր ընտրել հայկական ուժերը: Դեպքը տեղի էր ունեցել 2017 թ. ամռանը:

Արդյունքում Իսրայելի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ թույլ չեն տա Aeronautics-ին անօդաչուները տրամադրել «գլխավոր A պատվիրատուին»՝ Բաքվին:

Բացի այդ, դեպքի առնչությամբ հետաքննություն էր սկսվել:

Սակայն փետրվարի 4-ին Aeronautics-ը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքն այլևս չի գործում:

«Պաշտպանության նախարարությունը հայտնել է ընկերությանը, որ մատակարարման արտոնագրի կասեցումը չեղարկվել է: Ընկերությունը կարող է հնարավորինս արագ ԱԹՍ-ներ մատակարարել իր պատվիրատուին»,-նշված է Aeronautics-ի հայտարարությունում:

Իսրայելական կողմի որոշմանն արձագանքել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը՝ դատապարտելով հայերի նկատմամբ «մահպարտ» անօդաչուների հարձակումների համար «կանաչ լույս» վառելու որոշումը:

ANCA-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ այսպիսով՝ Իսրայելն ընկերությանը թույլ է տալիս ԱԹՍ-ների ապօրինի փորձարկումներ իրականացնել Արցախի դեմ: