«Պէտք է մի կողմ թողնել այսպէս կոչւած «զգայնութիւնները»». Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահը՝ Իրանում Հայոց Ցեղասպանութեան թեմայի լուսաբանման մասին

«alikonline.ir» – Իրանական ԻԼՆԱ լրատւական գործակալութիւնը ուշագրաւ հարցազրոյց է ունեցել Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանի հետ:

Հարցազրոյցն հիմնականում անդրադարձել է Հայաստանը, հայութեանը եւ հայկական մշակոյթն իրանական լսարանին ներկայացնելու թեմային: Իսակ Իւնանէսեանն անդրադառնալով այս կապակցութեամբ կատարւած աշխատանքներին, նշել է, որ Թեհրանի Հայ Դատի յանձնախումբն իր 38-ամեայ գործունէութեան ընթացքում աւելի քան 50 անուն գիրք է հրատարակել, որոնք հիմնականում վերաբերում են Հայոց Ցեղասպանութեանը, հայոց պատմութեանն ու հայկական մշակոյթին:

Նա նշել է, որ դրանց մի մասը եղել են թարգմանութիւններ, իսկ միւս մասը՝ իրանցի եւ իրանահայ գրողների եւ ուսումնասիրողների աշխատութիւններ: Իսակ Իւնանէսեանն անդրադարձել է նաեւ յանձնախմբի կողմից, արդէն 21 տարի հրատարակւող «Պայման» պատմամշակութային եռամսեայ հանդէսին, որը զբաղւում է հէնց այդ հարցով:

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահը նշել է նաեւ, որ այդ կապակցութեամբ, հրատարակչական աշխատանքներից բացի, տարիների ընթացքում, յանձնախումբը կազմակերպել է բազմաբնոյթ միջոցառումներ, այդ թւում՝ գիտաժողովներ, խորհրդաժողովներ, փառատօններ եւ քննարկումներ:

Լրագրողը հետաքրքրւել է Արցախեան հիմնահարցի վերաբերեալ յանձնախմբի ծաւալած գործունէութեան մասին (ուշագրաւ է այն փաստը, որ լրագրողն Ղարաբաղի կամ Լեռնային Ղարաբաղի փոխարէն օգտագործել է Արցախ անւանումը՝ Ղարաբաղն առնելով փակագծերի մէջ-ԽՄԲ.): Պատասխանելով հարցին, Իսակ Իւնանէսեանը նշել է, որ Արցախեան հիմնահարցը յանձանախմբի գործունէութեան կարեւոր բաղադրիչներից է: Դրա հետ կապւած ողջ իրականութիւնն իրանական լսարանին ներկայացնելու նպատակով, հայերէնից եւ անգլերէնից բազմաթիւ աշխատութիւններ են պարսկերէնի թարգմանւել ու հրատարակւել եւ կազմակերպւել են մի քանի խորհրդաժողովներ եւ քննարկումներ, որոնց մասնակցել են իրանցի եւ հայաստանցի փորձագէտներ:

Լրագրողը փորձել է պարզել, թէ Իրանում, այսօր, ի՞նչ բացեր կան Հայաստանը, հայոց պատմութիւնը եւ հայկական հարցն իրանական լսարանին ներկայացնելու հետ կապւած: Պատասխանելով հարցին, Իսակ Իւնանէսեանը մասնաւորապէս ասել է. «Կարծում եմ, թէ իրանցի պատմաբաններն այս ոլորտում թերանում են: Այցելէք ցանկացած գրախանութ ու կը տեսնէք, թէ աշխարհի ամենատարբեր երկրների մասին, թէկուզ, օրինակ, Գուատէմալայի կամ Մալդիւների մասին քանի գիրք է հրատարակւել, իսկ Իրանի անմիջական հարեւանի՝ Հայաստանի մասին դրանց թիւն ինչքան քիչ է:

Ես ցանկանում եմ որոշակիօրէն անդրադառնալ Հայոց Ցեղասպանութեան թեմային: Կարծում եմ, թէ որպէս իրանահայի՝ ես չէ, որ պէտք է անդրադառնամ այդ թեմային: Այդ թեմայով պէտք է զբաղւեն հէնց պարսիկ պատմաբաններն ու հեղինակները: Հայոց Ցեղասպանութեան թեմայի հետ կապւած, անհրաժեշտ է վերջապէս մի կողմ թողնել այսպէս կոչւած «զգայնութիւններն» ու բաց տեքտով անդրադառնալ դրան: Թուրքիայում, այսօր այդ թեմայով աւելի քան 60 գիրք է հրատարակւել: Հարց է առաջանում. Իրանում, պարսիկ հեղինակներն ինչո՞ւ չպէտք է զբաղւեն այդ թեմայով: Եթէ, օրինակ ես անդրադառնամ այդ թեմային, ոմանք կարող են ասել, թէ հաշւի առնելով իր արմատները կողմնակալ մօտեցում է դրսեւորում:

Արցախեան հիմնահարցի հետ կապւած եւս նոյն վիճակն է, այն դէպքում, երբ, թեմայի հետ կապւած, ադրբեջանական կողմի կողմնակալ եւ իրականութեանը չհամապատասխանող բազմաթիւ աշխատութիւններ են պարսկերէնի թարգմանւել: Իհարկէ պէտք է նշենք, որ այս կապակցութեամբ այնպիսի յայտնի պատմաբաններ, ինչպիսիք են՝ Քաւէ Բայաթն ու յանգուցեալ Էնայաթօլլահ Ռեզան մեծ աշխատանք են կատարել: Սակայն մեր ակնկալիքն աւելին է, մանաւանդ՝ պատմաբանների եւ հետազօտողների նոր սերնդից»: