«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ հերթական դասախօսական երեկոյ՝ Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ երեկոյեան նոյն հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր հերթական դասախօսական երեկոն:

«Համաչափ հաւասարակշռութիւնը Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնում. անցում զրոյական կէտից» թեմայի շուրջ դասախօսութեամբ հանդէս եկան Թեհրանի Պետական համալսարանի քաղաքագիտութեան ամբիոնի դասախօս դոկտ. Էբրահիմ Մոթթաղին եւ միջազգային հարցերի փորձագէտ դոկտ. Ֆաթեմէ Նեքուլաալ Ազադը:

Սկզբում Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը ցաւակցեց իրանական նաւի դէպքի եւ նաւաստիների զոհւելու կապակցութեամբ, ապա՝ ներկայացրեց դասախօսներին:

Դոկտ. Մոթթաղին համապարփակ զեկոյց ներկայացրեց Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականութեան ոլորտների մասին եւ նշեց, որ դասախօսութեան թեման ներառնւած է դոկտ. Նեքուլաալի աւարտաճառի արդիւնքում մշակւած նոյն խորագիրը ամփոփող աւարտաճառ-գրքից, որի խմբագրող դասախօսն է ինքը եւ որտեղ ներկայացւած է Թուրքիայի արտաքին քաղաքականութեան նոր կողմերը: Դոկտ. Մոթթաղին ընդգծեց, որ Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը խիստ հետաքրքրում է Իրանին զանազան պատճառներով, քանզի երկու երկրները գտնւում են Մերձաւոր Արեւելքի ծայրամասային պետութիւնների ֆունկցիոնալ համակարգում եւ նման երկրների յարաբերութիւնները զանազան փուլերում լինում են գործակցային, մրցակցային ու հակադիր եւ աւելացրեց, որ Իրանի ու Թուրքիայի յարաբերութիւնները վերջին 50 տարիներին մերթընդմերթ եղել է այդ երեք տարբերակներից մէկը: Իր ելոյթի ընթացքում նա անդրադարձաւ տարածաշրջանի երկրների եւ միջազգային բեմում գերուժերից իւրաքանչիւրի մօտ դրսեւորւող արդի նացիոնալիզմի մասին, որը զանազան երկրների մօտ դրսեւորւում է տարբեր եւ ուրոյն ձեւերով եւ ընդգծեց, որ այսօր այդ հարցով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հայեացքները շատ մօտ են կանգնած միմեանց, քանզի այսօր երկուսն էլ հետեւում են ներխուժողական քաղաքականութեան: Դասախօսը աւելացրեց, որ այսօր Թուրքիան իրեն պատկերացնում է որպէս գերիշխող եւ ԴԱԷՇ-ին ցուցաբերած նպաստը հէնց այդ դիտանկիւնից էր ակունք առնում: Նա ընդգծեց՝ միակողմանի հայեացքով չի կարելի վերլուծել Թուրքիայի քաղաքականութիւնը, այլ՝ զանազան դիտանկիւններից: Նա անդրադառնալով գրքի բովանդակութեանը եւ դասախօսութեան թեմային ընդգծեց, թէեւ ժամանակին Դաւութօղլուն յայտարարել էր, որ Թուրքիան ուզում է հարեւանների հետ իր դժւարութիւնները զրոյականի հասցնել, սակայն փաստը մնում է փաստ, որ չի կարող յաջողել այդ առումով, ելնելով իր գէօպոլետիկ հանգամանքից եւ իր անցեալի պատմական մտապատկերից, որոնց հիմամբ է ձեւաւորում իր քաղաքականութիւնը, որը ներխուժողական է: Նա նաեւ անդրադարձաւ Թուրքիայի դիմաց ծառացած կարեւորագոյն խնդիրներին, որոնք են տնտեսութիւնը եւ քրդերի հարցը եւ աւելացրեց, որ երբ Թուրքիայի քաղաքականութիւնը դառնում է ներխուժողական, Եւրոմիութիւնը Թուրքիայի հետ խնդիրների դիմաց է կանգնում:

Օրւայ երկրորդ դասախօս դոկտ. Ֆաթեմէ Նեքուլաալ Ազադը անդրադարձաւ իր աւարտաճառի եւ միաժամանակ գրքին, որը բաղկացած է եօթ գլուխներից եւ անդրադառնում է այն քաղաքականութեանը, որը կիրառում է Թուրքիան զրոյական կէտից անցնելու նպատակով:

Երեկոյին ներկայ էին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ինչպէս եւ՝ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները եւ թեմայով հետաքրքրւողներ: