«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ տօնական միջոցառում՝ ի պատիւ Իրանի զանգւածային լրատւամիջոցների լրագրողների

(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Կ. Դ. – Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երէկ, դեկտեմբերի 26-ի երեկոյեան, նոյն հաստատութեան միջոցառում, ի պատիւ Իրանի զանգւածային լրատւամիջոցների լրագրողների, ովքեր անցեալ մէկ տարւայ ընթացքում իրենց ակտիւ դերակատարութիւնն են բերել հայկական իրականութեան զանազան միջոցառումները մեկնաբանելու հարցերով: Միջոցառմանը ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Սարինէ Թորոսեանը եւ պատկերասփռւեց «ՀՈՒՍԿ»-ի մէկամեայ աշխատանքները ներկայացնող համապարփակ տեսաֆիլմ, Իրանի զանգւածային լրատւամիջոցների անունից արտայայտւեց վաստակաւոր լրագրող Էհսան Հուշմանդը: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի քաղաքա-հասարակական, մշակութային, շինարարական եւ տնտեսական կեանքում իրանահայ համայնքի անժխտելի դերակատարութեանը, ընդհուպ Իրանի Սահմանադրական շարժման օրերից մինչ մեր օրերը: Նա իր խօսքում առանձնացրեց Իրանում բոլոր կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութիւնը եւ կարեւորեց զանգւածային լրատւամիջոցների կողմից իրանահայ համայնքի իրականութիւնների եւ Իրան-Հայաստան սերտ յարաբերութիւնների լուսաբանումը: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, կարեւորելով Իրանում հայ եւ մուսուլման հայրենակիցների փոխգործակցութիւնը եւ Իրանի պետական այրերի կողմից իրանահայ համայնքի նկատմամբ տածած ուշադրութիւնը: Միջոցառմանը Հայ Դատի գրասենեակի ներկայ եւ անցեալ շրջանների յանձնախմբի նախագահների ձեռամբ վեց լրագրողների յանձնւեց գնահատագրեր, վերջում կազմակերպւել էր համեստ ընդունելութիւն:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ «Ալիք» հաստատութեան, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներ: