Կիրո Մանոյան. Անհրաժեշտ է քրդական որոշ շրջանակների հետ սկսել հարաբերվել

(news.am) Սեպտեմբերի 25-ին սպասվող Քուրդիստանի հանրաքվեն կապ չունի հայկական պատմական տարածքների հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Այն, որ քրդերը հանրաքվե պետք է անեն անկախություն հռչակելու համար, չի վերաբերում մեր պատմական հողերին, այն վերաբերում է Իրաքի քրդական շրջաններին: Կարելի է հաջորդ քայլը համարել, որ Թուրքիայի քրդերն էլ անկախության կփորձեն հասնել, բայց այդպես չէ: Այն կուսակցությունը, որ Փայլանն է ներկայացնում, իր ծրագրերում չունի՝ անկախ Քրդստան ստեղծել Թուրքիայի մեջ: Չի նշանակում, որ չի ունենա, կունենա, դրա համար էլ անհրաժեշտ է, որ քրդական որոշ շրջանակների հետ սկսել հարաբերվել»,- ասաց նա:

Կիրո Մանոյանի խոսքով, պետք է առաջին հերթին հարաբերություններ ստեղծել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հետ, որի անդամ է նաեւ հայազգի Կարո Փայլանը. «Կա քրդական մեկ շրջանակ, ներառյալ այն կուսակցությունը, որին Կարո Փայլանն է պատկանում, որոնք ընդունում են Ցեղասպանսւթյունը, ինչ-որ իմաստով նաև հատուցման հարցն են ընդունում, իհարկե, չեն պատկերացնում անկախ Հայաստան այդ տարածքների վրա, բայց ասում են, որ այնտեղ ապրելու իրավունք ունենք: Մենք պետք է հատկապես այդ շրջանի քրդերի հետ փորձենք հասկանալ իրար»: