Մարիո Նալբանդյան. Արցախի մասնակցությունը բանակցություններում անհետաձգելիություն է

(ԱՊԱՌԱԺ) Այս օրերին Արցախում իր ամառային արձակուրդն է անցկացնում Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը՝ զավակների եւ թոռների հետ միասին։ «Ապառաժ»-ը չէր կարող բաց թողնել Մարիո Նալբանդյանի հետ զրուցելու առիթը՝ Արցախի շուրջ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների, Արցախյան հիմնահարցի ու տեսլականների վերաբերյալ:

Մարիո Նալբանդյանի համոզմամբ՝ Արցախյան հիմնահարցի լուծման հորիզոնը նշմարվելու է միայն հիմնական դերակատարների՝ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բանակցությունների վերսկսման դեպքում։

«Հիմնական դերակատարների ներկայցությունը եւ մասնակցությունը տարբեր հակամարտություններում բնական է եւ Արցախը չպետք է բացառություն լինի։ Բանակցությունները պետք է լինեն դեմառդեմ։ Այլեւս Արցախի մասնակցությունը բանակցություններում անհետաձգելիություն է։ Ճիգ պետք է թափել, քանզի բանակցային կողմ հանդիսանալը վստահաբար կնպաստի հարցի լուծմանը»,-նշել է Մ․Նալբանդյանը։

Խոսելով բանակցություններում հայկական կողմի սկզբունքային հարցերի մասին, Սոցինտերնի փոխնախագահն առաջին հերթին առանձնացրեց Արցախի Հանրապետության ստատուսի հարցը, այնուհետեւ շեշտեց նաեւ անվտանգության երաշխիքների կարեւորոթյունը․

«Արցախի անվտանգությունը ինքնաբերաբար դառնում է Հայաստանի ավտանգության հարց։ Եթե այդ երաշխիքները չլինեն, բանակցությունները անխուսափելիորեն հայտնվելու են փակուղում, սակայն այսօր Ադրբեջանը պատրաստ չէ այս հարցերի մասին լուրջ խոսելու»,-շեշտել է Մ․Նալբանդյանը՝ համոզումք հայտնելով, որ պետական եւ միջազգային բարձր մակարդակների վրա տեղի ունեցող հանդիպումները նպաստում են լարվածության մեղմացմանը եւ ստեղծում են նվազագույն երկխոսության նախադրյալներ։

Հիմնահարցի լուծման համար պետք է ստեղծվեն նաեւ որոշ նախադրյալներ, որոնք, ըստ Նալբանդյանի, այսօր դեռևս չկան․

«Որեւէ մի պետություն իրավունք չունի խաղալու ժողովրդի ճակատագրի հետ։ Այսօր մենք տեսնում ենք, որ հայ ժողովրդի որոշ դաշնակից պետությունները չեն հասկանում, որ իրենց դերակատարությունը պետք է լինի արդար խաղաղություն հաստատելու շուրջ։ Այդ գիտակցությունը պետք է առաջնորդի մեր դաշնակիցներին, հակառակ դեպքում տուժելու է բանակցային գործընթացը եւ հարցի խաղաղ լուծումը»,- ընդգծել է զրուցակիցս։

Խոսելով Սոցինտերնի օրակարգում Արցախի շուրջ ծավալվող քննարկումների մասին, Մարիո Նալբանդյանը նշել է, որ արդեն մի քանի տարի է, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջազգային միավորումը կուսակցական մակարդակի վրա փորձում է ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն երկխոսության։

«Սոցինտերնում ՀՅ Դաշնակցությունն ունի կարեւոր դերակատարություն եւ այն մի հարթակ է, որտեղ առիթ է ստեղծվում Արցախի հարցի էությունը եւ զարգացումները ճիշտ ձեւով ներկայացնելու։ Հստակ է, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք եւ այդ առումով հաջողել ենք կառույցի ներսում դրական տրամադրություններ ստեղծել»,- նշել է Մ․Նալբանդյանը եւ կարեւորել է այդ ուղությամբ Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լույս Ալայանի դերակատարությունը, որը տարբեր առիթներով եղել է Երեւանում եւ Բաքվում եւ կուսակցական եւ պետական բարձր մակարդակով ներկայացրել է կազմակերպության մտահոգությունը եւ փափագը՝ դրական ներդրում ունենալու հարցի կարգավորման գործում։

Լուսինե Թեւոսյան