Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը Մեծարեց Համայնքում Ներդրում Ունեցած Անհատների

(ԱՍՊԱՐԷԶ, Յունիս 9) Բրբենքի Հայ Դատի յանձնախմբի ամէնամեայ ձեռնարկը գեղեցիկ աւանդոյթ է դարձել նշելու տարուայ ձեռքբերումները, ներկայացնելու ապագայի ծրագրերն ու մեծարելու անհատների, ովքեր տարբեր ոլորտներում ներդրում են ունեցել Հայ Դատի աշխատանքներում: «Ամերիկայի արեւմտեան եւ արեւելեան շրջաններում գործող Հայ Դատի յանձնախմբի ամենամեծ ուժը մեր տեղական մասնաճիւղերն են իրենց նուիրեալ անդամներով: Այս ձեռնարկը կարեւոր է եւս մէկ անգամ ցոյց տալու հայ համայնքի համախմբուածութիւնն ու ուժը՝ քաղաքի ղեկավարներին, Բրբենքի հայ բնակիչներին էլ՝ ներկայացնելու կազմակերպութեան գործունէութիւնը», նշեց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ատենապետ Նորա Յովսէփեանը:

Բրբենքի Հայ Դատի յանձնախմբի իններորդ տարեկան հանդիսութեան հիւրերի շարքում էին Բրբենքի քաղխորհրդի անդամներ, ոստիկանապետը, տարբեր քաղաքների ընտրուած պաշտօնեաներ, հայ համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Մայիսի 21ին, «Անոյշ» ճաշասրահում անցկացուած ձեռնարկի բացումն ազդարարեցին ՀՄԸՄի Բրբենքի «Սիփան» մասնաճիւղի սկաուտներն ու ազգային հիմների կատարումով՝ Հուրի Մինոյեանը: Արեւմեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Մուշեղ Արք. Մարտիրոսեանը Տէրունական աղօթքով օրհնեց ներկաներին: «Հայ Դատի յանձնախումբը նուիրական եւ կենսական ծառայութիւն է բերել մեր արդար դատին եւ պահանջատիրութեան հարցին: Նման ձեռնարկները լաւ առիթ են, որ մեր նոր սերունդները համախմբուեն Հայ Դատի գաղափարի շուրջ եւ գործուն մասնակցութիւն ունենան համահայկական տարբեր հարցերի արծարծմանը», նշեց առաջնորդը:

Միջոցառման հանդիսավարն էր Գլենդելի քաղաքապետարանի քարտուղար Արդի Քասախեանը, ով խօսեց Հայ Դատի առաքելութեան, նպատակների մասին: Ձեռնարկի կազմակերպիչ յանձնախմբի ատենապետներ Վիկի Մարաշլեանն ու Սիւզի Օհանեանը այնուհետեւ ներկայացրեցին անհատներին, ովքեր արժանացան 2017 թուականի Բրբենքի Հայ Դատի յանձնախմբի կողմից տարբեր անուանակարգերում սահմանուած մրցանակներին: Համաատենապետուհի Վիկի Մարաշլեանը նշեց, որ մեծարեալները, իրենց գործունէութեամբ, մեծ ներդրում ունեն նաեւ հայ համայնքի կեանքում:

Բրբենքի քաղխորհրդի անդամ Ջեֆ Թալամանթեսին շնորհուեց Ուիլիամ Սարոյեանի անուան մրցանակը, որ տրւում է համայնքում աշխոյժ գործունէութիւն ծաւալելու համար: Թալամանթեսը, ով ներկայում Բրբենքի քաղխորհրդի անդամ է՝ եղել է նաեւ քաղաքապետ, հրշէջ ծառայութեան անդամ: «Մենք աշխատում ենք տարբեր միջոցներով օգտակար լինել Բրբենքի հայ համայնքին, եւ համագործակցում ենք կառավարութեան անդամների, տարբեր միութիւնների ու կազմակերպութիւնների հետ: Ջեֆ Սալամանթեսը մշտապէս աջակցել է մեզ՝ քաղաքապետարանում ներկայացնելով հայ բնակիչներին առնչուող հարցեր եւ հասնելով դրանց լուծմանը: Հայ Դատի Բրբենքի կենտրոնը, որ ներկայում ծառայում է համայնքի բազմաթիւ պատանիների ու երիտասարդների, սրահներն է տրամադրում հայկական կազմակերպութիւնների, իր այժմեան վիճակով իրականութիւն դարձաւ նաեւ շնորհիւ Թալամանթեսի: Նա այն գործիչն է նաեւ, ով քաղխորհրդին է ներկայացրել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւեր», նշեց Բրբենքի Հայ Դատի յանձնախմբի համանախագահ Զարեհ Խաչատուրեանը:

«Այս մրցանակը մեծ նշանակութիւն ունի իմ, ընտանիքիս, նաեւ Բրբենքի քաղաքապետարանի համար, որովհետեւ հայ համայնքը մեծապէս նպաստել է մեր քաղաքում բարեփոխումներին: Ես ականատեսն եմ Բրբենքում տարբեր ոլորտներում դրական տեղաշարժերի, որ հայերի շնորհիւ է տեղի ունեցել: Որպէս քաղխորհրդի անդամ սերտօրէն համագործակցում եմ Հայ Դատի հետ, եւ մեր յարաբերութիւնները թեւակոխել են նոր՝ բարեկամական փուլ, ու պէտք է շարունակենք սերտօրէն համագործակցել նոր ծրագրերի շուրջ», յայտնեց Բրբենքի քաղխորհրդի անդամ Ջեֆ Սալամանթեսը, եւ շնորհակալութիւն յայտնեց Հայ Դատի յանձնախմբին եւ համայնքին ընտրութիւններում իրեն աջակցելու համար:

Համայնքում ակտիւ ներգրաւուածութեան եւ գործունէութեան համար սահմանուած Հրանդ Դինքի անուան մրցանակը յանձնուեց լրագրող, Հարաւային Կալիֆորնիայի «Ֆոքս» հեռուստակայանի (թիւ 11) «Քէյ.Թի.Թի.Վի» մեկնաբան Արաքսեա Կարապետեանին: Լրագրութեան նկատմամբ նրա սէրը ի յայտ է եկել Հայաստան այցերից մէկի ժամանակ, երբ սկսել է հետաքրքրուել քաղաքացիների առօրեայով, եւ հարցազրոյցների արդիւնքում յօդուածներ է պաստրաստել նրանց մասին: Արաքսեան ներգրաւուած է բազմաթիւ հայկական կազմակերպութիւնների աշխատանքներում, եւ ակտիւօրէն արծարծում է հայկական թեմաներն ամերիկեան հեռուստաընկերութեամբ: «Այս մրցանակը նաեւ մեծ ու կարեւոր յիշեցում է իմ պատասխանատուութեան մասին: ԶԼՄներն առանցքային դեր ունեն ձայն տալու մարդկանց, ովքեր կարիք ունեն արտայայտուելու, լոյս սփռելու կարեւոր հարցերի վրայ, եւ երկխօսութեան հնարաւորութիւն են: Ես մշտապէս ունեցել եմ այն զգացումը, որ ինչ ուղի էլ ընտրեմ՝ պիտի ուղղուած լինի մարդկանց օգնելուն: Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի իրադարձութիւնները լուսաբանելիս ես ամբողջովին զգացի իմ դերը, որ պէտք է ունենամ ազգիս համար. բազմաթիւ մարդիկ էին ինձ գրում ու շնորհակալութիւն յայտնում, որ առաջին անգամ իմ հեռուստապատմութիւններից են տեղեկացել 20րդ դարի առաջին Ցեղասպանութեան մասին: Այն ամէնը, որ ես արել եմ եւ կ՛անեմ՝ իմ պարտականութիւնն է բոլոր հայերի, իմ նախնիների ու մեր ապագայի համար», իր խօսքում նշեց Կարապետեանը:

Բրբենքի Հայ Դատի յանձնախմբի Գարեգին Նժդեհի անունով 2017թ.ի մրցանակի հասցէատէրերը նուիրեալ երիտասարդներ են, ովքեր պատանեկութիւնից հայրենանուէր գործունէութիւն են ծաւալել Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան շարքերում: Նրանք մեծ ներդրում են ունեցել նաեւ ապագայ սերունդներին հայկական ոգով «զինելու» հարցում: Եւ այս գործում իրենց աշխատանքի համար Նազելի Խոդաբախշն ու Անի Ղարիբեանն արժանացան պատուաւոր մրցանակին:

Նազելի Խոդաբախշը 2011ից ի վեր անդամ է ՀԵԴի «Վարագ» ուխտի եւ եղել է նրա վարչութեան ատենապետը, իսկ ներկայում՝ կրտսերների համաղեկավարն է, նաեւ՝ համաատենապետը ՀԵԴի «Երիտասարդական ջոկատներ» յանձնախմբի: Իր գործունէութեան ընթացքում, Նազելին առիթ է ստեղծել տեղի երիտասարդների համար՝ ձեռք բերելու Հայաստանում ապրելու եւ աշխատելու փորձառութիւն, իսկ հայաստանցի երեխաներին՝ ամառային ճամբարում լաւագոյն ժամանակ անցկացնելու:

Անի Ղարիբեանը, պատանեկութիւնից միանալով ՀԵԴին, այնուհետեւ բազմաթիւ պատասխանատու պաշտօններ է ստանձնել այս կազմակերպութիւնում, եւ 2013ից Բրբենքի ՀԵԴի պատանիների համավարիչն է: Նա առանցքային դեր է ունեցել, եւ ունի ամերիկահայ պատանիներին համահայկական հարցերի շուրջ համախմբելու, համայնքային կեանքում ներգրաւուելու հարցում:

«Այս մրցանակը շատ կարեւոր է ինձ համար, որովհետեւ տասը տարեկանից անդամ եմ ՀԵԴի՝ մի կազմակերպութեան, որը հիմնադրել է Գարեգին Նժդեհը: Այսօր ես ինքս ՀԵԴի ղեկավարներից եմ, եւ յուսով եմ, որ Նժդեհի հոգով կը կարողանամ իրականացնել իմ առաքելութիւնը: Կարեւոր է, որ հայ երիտասարդները ներգրաւուեն Հայ Դատի աշխատանքներով զբաղուող կազմակերպութիւններում, որովհետեւ իրենք մեր ապագան են», շնորհակալութիւն յայտնելով պարգեւի համար՝ նշեց Ղարիբեանը:

Բրբենքի Հայ Դատի յանձնախմբի Եոհան Լեփսիուսի անուան մրցանակը շնորհուեց «Լոս Անջելես Չիլդրընզ Հոսփիթալ»ին, որ 1901ից սկսեալ կենսական եւ որակեալ առողջապահական ծառայութիւններ է մատուցում շրջանի երեխաներին: Փոքրիկ Հայաստանի սահմաններում գործող այս հիւանդանոցը, վերջին հինգ տարիներին նման ծառայութիւններ է տրամադրել աւելի քան 9000 հայ երեխաների: Միաժամանակ աջակցել է Հայաստանում բժշկական մարդասիրական ծառայութիւններ տրամադրող՝ Հայկական ոսկրածուծի գրանցամատեան եւ Հայկական աչքի խնամքի կազմակերպութիւններին՝ մասնակցելով Հայաստանում նրանց տարբեր ծրագրերի: Մրցանակն ընդունեցին հիւանդանոցի փոխնախագահի օգնական Ռիտա Տէրտէրեանն ու մանկական ուռուցքաբանութեան բուժքոյր Սոնա Դալդումեանը:

Վիկի Մարաշլեանը, դիմելով ներկաներին՝ շնորհակալութիւն յայտնեց կազմակերպութեան համախոհներին աջակցութեան համար, նշելով, որ այն ուղերձ է Հայ Դատի Բրբենքի յանձնախմբին շարունակելու առաքելութիւնը: Յանձնախմբի տարեկան գործունէութեան եւ նպատակների մասին խօսեց յանձնախմբի համաատենապետ Զարեհ Խաչատուրեանը:

Միջոցառումը աւարտուեց Հիւսիսային Ամերիկայի Հայց. առաքելական եկեղեցւոյ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի կատարած աղօթքով:

Ձեռնարկին, ազգային մշակոյթի շունչն ու ոգին ժողովրդական պարերով հաղորդեցին «Լիլիա Դենս Շոու»ի պատանիները:

Ն. Ա.