Կիրո Մանոյան. Տարածաշրջանային ապակայունացման շատ լուրջ վտանգ կա

(tert.am) Թուրքիայի Սահմանադրական փոփոխություններից հետո պետք է ուշադիր հետևել ԱՄՆ-Իրան հարաբերությունների զարգացմանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ նման զարգացումներից է կախված տարածաշրջանի կայունությունը: Մանոյանը շեշտեց, որ Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխություններից հետո, կարող են նոր զարգացումներ լինել քրդական հարցի վերաբերյալ:

– Հայ-թուրքական հարաբերություններ՝ որպես այդպիսին, չկան, բայց, հնարավո՞ր է, որ Թուրքիայի սահմանադրական փոփոխություններն էլ ավելի հեռացնեն հայ-թուրքական հարաբերությունների ստեղծումը:

– Կարծում եմ, որ Սահմանադրությունը մեզ չհեռացրեց, այլ երկրում տիրող քաղաքական ընդհանուր մթնոլորտը, որտեղ Հայաստանի հետ հարաբերությունները, հայկական խնդիրերն օրակարգի առաջնային տասնյակի մեջ չեն: Թուրքիայում իսկապես հասարակությունը պառակտված է, վախեցած և արտակարգ իրավիճակ է, որը մի քանի ամիս ևս կերկարի: Այս մթնոլորտում ակնկալել տեղաշարժ, կարծում եմ, հիմնավորված չի լինի:

– Թուրք պաշտոնյաներից ոմանք հայտարարում են, որ Սահմանադրական փոփոխություններից հետո իրենք այդքան էլ աշխարհիկ պետություն չեն և գնում են կրոնական պետության ճանապարհով: Քրիստոնյա Հայաստանի համար որքանո՞վ է վտանգավոր դառնում Օսմանյան քաղաքականությանը հարող Թուրքիան:

– Եթե լինի վտանգ, ապա դա քաղաքական ոլորտից է, իսլամի հետ այդքան էլ կապ չունի: Մենք ունենք նաև այլ իսլամական հարևան պետություն՝ Իրանը, որից ոչ մի ձևով մեզ վտանգ չի սպառնում: Թուրքիայում տիրող այս պառակտված մթնոլորտը, որն իսկապես բևեռացված ու պառակտված է, որովհետև արդեն 1.5 մլն քվեի խախտումների մասին է խոսքը, իսկ դա արդեն ժողովրդի կամքի իրական դրսևորումը չէ: Այդ մթնոլորտն է մեզ համար ավելի շատ վտանգավոր, քան թե իրենց՝ իսլամական պետություն լինելը:

– Ձեր նշած մթնոլորտն ի՞նչ շոշափելի վտանգ կարող է պարունակել:

– Իսկապես անորոշ է: Այսինքն՝ եթե նայենք, որ մոտավորապես 1 տարի առաջ՝ հուլիսին 15-ին ինչ էր տեղ ունենում՝ հեղաշրջման անհաջող փորձն, այդտեղ ինչքան իշխանությունները դերակատար էին իրենց հերթին, բայց պատկերացրեք, որ առաջին անգամն էր, որ թուրքական օդուժը նման հեղաշրջման դեպքում օգտագործվում էր իրենց խորհրդարանի դեմ: Եթե խորհրդարանի դեմ օգտագործում են, մեկ ուրիշ փորձ կարող է լինել, որ այս անգամ արդեն ուրիշ իրավիճակ կստեղծի: Այսինքն՝ այս ոչ կայուն վիճակն էր, որովհետև այսօր իրականում նաև Թուրքիայում կան քաղաքացիական կռիվներ, առնվազն պատմական հայկական և այսօր քրդաբնակ շրջաններում, որոնք էլ սահմանագիծ շրջաններն են, և ուրեմն՝ այդ ապակայունացումը մինչև որտեղ կգնա՝ հարց է: Առաջին անգամ շատ լուրջ հրապարակվեց նաև Թուրքիայի մասնատման վտանգի մասին այս նույն հանրաքվեի ֆոնին: Երկու կուսակցություններ, որոնք կողմ էին սահմանադրական փոփոխություններին, հանկարծ սկսեցին տարբեր կարծիքներ արտահայտել, որ կարող է նաև ինչ-որ երկրի պառակտման ուղղությամբ քայլեր արվել: Դա վերաբերում է երկիրը դաշնային պետության դարձնելուն, որը սակայն ոմանք տեսնում են, որ իր մեջ ունի վտանգ՝ երկիրը մասնատելու: Ուրեմն՝ ապագայում տագնապային Թուրքիան է, որ մեզ համար վտանգ է՝ անկախ ներսում իսլամ կլինեն, հայ կլինեն:

– Պարո՛ն Մանոյան, հաշվի առնելով, որ սրվում է սահմանադրական փոփոխություններով Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները, հնարավո՞ր է Արևմուտքի կողմից սրվի նաև քրդական հարցը, իսկ քրդերը տեղակայված են Հայաստանի հետ անմիջական սահմանի վրա:

– Քրդական ազդակը, կարծում եմ՝ գնալով կուժեղանա, բայց ոչ արևմտյան կամ արտաքին հրահրման պատճառով, այլ կարող է արտաքին աջակցությամբ ուժեղանա, որովհետև հարևան մյուս առնվազն երկու պետություններում՝ Սիրիայում և Իրաքում ևս քրդական ազդակը բավական մեծանում է, ուժեղանում է: Երկար ժամանակ է՝ խոսվում է, և չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք Իրաքի Քուրդիստանի շրջանի անկախացման հանրաքվեին, ինչը ևս կմեծացնի քրդական ազդակը Թուրքիայում, Սիրիայում: Այսօր Սիրիայի հյուսիսում Թուրքիայի մասնակցությամբ վարվող կռիվների հիմնական թիրախը քրդերն են, ոչ թե Իսլամական պետությունը, այսինքն՝ Թուրքիան ԻՊ-ի պատրվակով մտել է Սիրիա: Եվ այդ ազդակն, անպայման, Թուրքիայում կմեծանա, չէի ասի, որ դրսի հրահրումով, բայց, հավանաբար, դրսի օժանդակությամբ: Դա ևս Թուրքիայի մասնատման վտանգի մասին է խոսում, խոսքն առաջիկա տարվա մասին չէ, բայց, ի վերջո, դրան ևս մենք պետք է պատրաստ լինենք: Երբ խոսում ենք քրդական ազդակի մասին, մենք պետք է հաշվի առնենք, որ քրդերն իրենք էլ միատարր չեն: Թուրքիայում հատկապես, օրինակ՝ ամենաառաջադիմական քաղաքական ուժը քրդական ուժ է, կարելի է ասել, որ հասարակության մեջ ամենահետադիմական շրջանակները ևս քրդեր են, բայց դրանք տարբեր քրդական շրջանակներ են՝ մեկ մասը քաղաքական ավելի առաջադիմական, մյուս մասը ՝ հետադիմական: Մենք պետք է հնարավորինս փորձենք հարաբերվել այդ առաջադիմական քրդական շրջանակների հետ և՛ որպես քաղաքական ուժեր, և՛ որպես ինչ-որ տեղ պետություն, և փորձել այդ ապագայի հավական զարգացումների համար նաև հարաբերությունների ենթահող պատրաստել:

– Իրանը նույնպես իսլամական պետություն է՝ շիական, իսկ Թուրքիան ցանկանում է սուննի աշխարհում դառնալ գերիշխող: Հնարավո՞ր է՝ երկուսի գերիշխող դիրք ունենալու ցանկությունը տարածաշրջանում ապակայունացման հիմք դառնա՝ հաշվի առնելով այն, որ սուննի ծայրահեղականները որպես այդպիսին շիաներին աղանդավոր են համարում:

– Շիա-սուննի այդ մրցակցությունը պատճառներից մեկը կլինի, որպեսզի տարածաշրջանում ապակայունացումը հավանական դառնա: Հաջորդ խնդիրն այն է, թե որքանով, նույնիսկ անուղղակիորեն կմիջամտի Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի, Իրանի ներսում կատարվող փոփոխություններին: Հարց է՝ Արևմուտքը կամ հատկապես ԱՄՆ-ն ինչ հարաբերություններ կունենան Իրան հետ, այս բոլորն այդ սպառնալիքներ մեջ է, որ տարածաշրջանային ապակայունացում առաջանա: Կարծում եմ՝ նաև այս անկայուն վիճակն է պատճառը, որ Մինսկի խմբի համանախագահող պետությունները մեկ հարցում առնվազն լրիվ համաձայն են, որ Արցախում մեծամասշտաբ պատերազմ չվերսկսվի: Իրականում պատերազմը չի ավարտվել, ընդամենը զինադադար է, որն իրականում շարունակվում է պատերազմի ձևով, բայց մեծամասշտաբ չլինի: Մենք պետք է միշտ հիշենք, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի ժամանակ երկու կողմերն էլ զուսպ էին և ամբողջ զինանոցը չէ, որ օգտագործել էին՝ ո՛չ օդուժն է օգտագործվել, ո՛չ հեռահար հրթիռներ են օգտագործվել: Դրա համար էլ, կարծում եմ՝ այդ երեք ուժերը փորձում են Արցախի հարցով երաշխավորել, որ նման բան տեղի չունենա, որովհետև այլապես ամբողջ տարածաշրջանային ապակայունացման շատ լուրջ վտանգ կա:

Անի Օհանյան