Պրահայի հայ երիտասարդներն ակտիվացնում են իրենց գործունեությունը. առաջին հավաքն ու սեմինարը

(ՕՐԵՐ, 23 մարտի 2017) ՊՐԱՀԱ. Մարտի 11-ին Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում տեղի ունեցավ «Պրահայի Հայ Երիտասարդական Միության» առաջին ընդհանուր հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան 40 հայ երիտասարդներ, նպատակ ունենալով՝ ձևավորել մի պլատֆորմ, որը կմիավորի բոլոր հայ երիտասարդներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին կազմակերպության հիմնական նպատակները և հետագա ծրագրերը։ Նպատակների թվում էին՝ 1.հայ երիտասարդության համախմբումը եւ նրանց դերի բարձրացումը համայնքային կյանքում, 2. հայկական ինքնության, մշակույթի եւ ժառանգության պահպանումը, 3. փորձի փոխանակման և փոխադարձ օգնության համար միասնական հարթակի ձեւավորումը, 4.Չեխիայում Ազգային փոքրամասնության կարգավիճակի ստացման աջակցությունը։

Հավաքի ժամանակ նշվել է, որ երիտասարդկան միությունը ոչ մի քաղաքական կամ եկեղեցական կազմակերպության հովանու ներքո չի գործի, կլինի անկախ, եւ իր աշխատանքները կփորձի իրականացնել ոչ միայն Պրահայում, այլեւ Չեխիայում։ Միությունը պատրաստ է նաեւ համագործակցել համայնքային այլ կառույցների հետ՝ պահպանելով իր անկախությունը։

Առայժմ առաջարկներ են հնչել անցկացնել տարբեր սեմինարներ, Ապրիլի 24-ի նախօրեին՝ ֆլեշմոբ, նաեւ կազմակերպել ամառային արշավներ, մարզական եւ այլ տիպի մրցույթներ։

Հավաքի ընթացքում ընտրվել է 20 հոգուց բաղկացած վարչություն եւ 5 հոգուց կազմված խորհուրդ։

Ժողովի ավարտից հետո ներկաները ջերմ մթնոլորտում անցկացրել են հավաքույթ։

Հաջորդ օրը՝ մարտի 12-ին, Պրահայի CERGE-EI ինստիտուտի ուսումնական կենտրոնի լսարաններից մեկում միությունը կազմակերպել է առաջին սեմինարը, որին մասնակցել են Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի (անգլերեն հայտնի է այս անվանումով՝ «European Armenian Federation for Justice and Democracy») ատենապետ Գասպար Կարապետյանը եւ հանձնախմբի աշխատակից Աշխեն Ֆիքսովա-Դավթյանը։

Սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրել են Եվրոպական խորհրդարանում և Եվրոպական ազգային կոմիտեներում Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ազատ ինքնորոշման իրավունքի գործընթացներին:

Մասնավորապես մանրամասն ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ թեմաները․ «European Armenian Federation for Justice and Democracy» կառույցի պատմությունը, նշանակությունը և գործունեությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Եվրոպական Խորհրդարանում և Եվրոպական ազգային կոմիտեներում, Արցախի հանրապետության ճանաչման գործընթացը Եվրոպական Խորհրդարանում և Եվրոպական ազգային կոմիտեներում։ Ելույթներին հաջորդեցին հարց ու պատասխանի բաժինները։

Լուսանկար – Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը եւ հանձնախմբի աշխատակից Աշխեն Ֆիքսովա-Դավթյանը «Պրահայի Հայ Երիտասարդական Միության» առաջին սեմինարին: