Կիրո Մանոյան. Սա Բելառուսի կողմից հակահայ մեղսակցության շարունակությունն է

(yerkir.am) ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքացիական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ուրիշ բան չէր կարելի սպասել Բելառուսի Գերագույն դատարանից: «Պարզ էր, թե ինչ կարելի է սպասել Բելառուսի Գերագույն դատարանից. սա Բելառուսն է, ի վերջո»,- ասաց նա:

Ըստ Մանոյանի` սա Բելառուսի կողմից Ադրբեջանի հետ հակահայ մեղսակցության շարունակությունն է, ինչը մենք տեսել ենք և’ ՀԱՊԿ-ում, և’ ԱՊՀ-ի որոշ ժողովների ընթացքում:

Նրա խոսքով` կարևոր է, որ այս հարցը ճիշտ հանգուցալուծում ունենա. հնարավորություն կա, որ Լապշինը դիմի ՄԻԵԴ: Մյուս կողմից` անհրաժեշտ է, որ այս հարցը մեր տեսանկյունից բարվոք լուծում ստանա, որովհետև այս նախադեպը կարող է վատ նախընթաց լինել այլազգի լրագրողների և նույնիսկ քաղաքական գործիչների համար, ովքեր կցանկանան այցելել Արցախ:

Մանոյանը նշեց, որ Հայաստանը, որպես պետություն, այնքան էլ շատ անելիք չունի, քանի որ ենթական ՀՀ քաղաքացի չէ, Լեռնային Ղարաբաղը ՀՀ մաս չէ: Ըստ նրա` Հայաստանը պետք է պարզապես փորձի հնարավորինս բարձրաձայնել իր անհանգստությունը, որ նման քայլերը ոչ մի ձևով խաղաղ կարգավորմանը չեն նպաստի: Մանոյանը կարծիք հայտնեց, որ պետք է ձայն բարձրացնեն մեր հասարակությունը և քաղաքական շրջանակները: «Հիմա պետք է հավասարության նշան դնել Ադրբեջանի և Բելառուսի միջև, որովհետև այս հարցում առնվազն երկուսն էլ նույն բանն են»,- ասաց նա:

Մանոյանի կարծիքով` մեր խորհրդարանականները պետք է բարձրացնեն այս հարցը խորհրդարանական տարբեր վեհաժողովներում, բայց անհրաժեշտ է նաև խրախուսել, որպեսզի դիմվի ՄԻԵԴ, և ավելի աղմուկ բարձրացնել արտասահմանում:

Կիրո Մանոյան. Պետք է ուժեղ հակազդեցություն ցույց տանք

(yerkir.am) ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ երեկ գիշեր և, առհասարակ, վերջին օրերին Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության սրմանը: Ըստ նրա` դա անսպասելի չէր. ամեն անգամ երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջ են քաշում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման հարցը, Ադրբեջանը լարում է իրավիճակը շփման գծում:

Մանոյանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներիցպետք է պահանջել անվանական կոչեր անել, այլ ոչ թե անարդար ձևով, ինչպես նրանց վերջին հայտարարությունն էր, երբ Հայաստանից ինչ-որ ակնկալիք ունեին դին հանձնելու կապակցությամբ և առանձին տվեցին Հայաստանի անունը: Հիմա էլ պետք է իրենց պահանջը հասցեագրեն Ադրբեջանին:

Մանոյանը բացատրեց, որ Մինսկի խումբը ձգտում է անկողմնակալ երևալ: «Սա տեղի է ունենում ճիշտ այնպիսի ժամանակ, երբ Ալիևը Բրյուսելում իբրև թե բանակցություններ է սկսելու Եվրամիության հետ: Այս ամենը հաշվի առնելով` պետք է շատ ուժեղ հակազդեցություն ցույց տանք»,- ասաց նա:

Իսկ թե այս տարի ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախյան հիմնախնդրի հարցի հետ կապված, Մանոյանը նշեց, որ ակնկալիքներ չունի, ընդամենը կարող են ինչ-որ հանդիպումներ լինել կողմերի միջև:

Մանոյանը խոսեց նաև Արցախյան հիմնահարցի և Ցեղասպանության ճանաչման հետ կապված` Հայ Դատի ծրագրերի մասին: «Արցախի հարցում կարևոր քայլեր են ձեռնարկելու Հայ Դատի գրասենյակները` Մերձավոր Արևելքին հնարավորություն տալ մոտիկից ծանոթանալ Ղարաբաղին և Ղարաբաղի հարցին: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և Եվրոպային` փորձել Արցախը արտաքին մեկուսացման քաղաքականությունից դուրս բերել: Արդեն որոշ ջանքեր կատարվել են անցած տարիներին այդ ուղղությամբ: Ավելի ենք շատացնելու լրագրողների և քաղաքական գործիչների փոխայցելություններ»,- ասաց նա:

Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մանոյանը նշեց` այն, ինչ եղել է վերջին տարիներին, կշարունակվի, բայց, առանց Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու, շեշտը դրվելու է հատուցման խնդրի վրա և տարբեր քայլերով ցույց է տրվելու` և’ աշխարհին, և’ Թուրիքային, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ի վերջո, նշանակում է նաև հատուցում: