Կարո Փայլանն ու Հայ դատի հանձնախմբի անդամները՝ թուրքական լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում

(yerkir.am) Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ազգությամբ հայ պատագամավոր Կարո Փայլանը հերթական անգամ հայտնվել է թուրքական մի շարք կայքերի թիրախում:

ԺԴԿ-ի համանախագահների և պատգամավորների ձերբակալությունից հետո հայտարարությամբ հանդես եկած Փայլանը Թուրքիայում ներկայումս տիրող իրավիճակը համեմատել էր 1915 թվականի ապրիլի 24-ի հետ:

«Կարո Փայլանի ստոր համեմատությունը» վերնագրված հոդվածում թուրքական Yeni Akit կայքը թիրախավորել է Փայլանին՝ «այսպես կոչված` Ցեղասպանությունը» պատգամավորների ձերբակալության հետ համեմատելու համար:

Թերթի ուշադրությունից չի վրիպել, որը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Փայլանի գրառումը վերահրապարակել էր Twitter-ում: Կայքը Փայլան-Համբարյան հարաբերությունը մեկնաբանել է այսպես. «Փայլանը ատելություն պարունակող գրառում է անում, Համբարյանը` տարածում»:

anca-anci-demirtas-gurԲացի այդ,` կայքը վերահրապարակել է նաև քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և Հայ դատի հանձնախմբի անդամների համատեղ լուսանկարը, որում երևացող քարտեզում, ըստ թուրքական աղբյուրների, ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները, այսինքն՝ Արևմտյան Հայաստանը, ներառված են Հայաստանի Հանրապետության կազմում:

Կայքը այդ հատվածը ենթավերնագրել է` «Թուրքիայի թշնամիների հետ թև թևի»: