Թեհրանի Հայ Դատի յանձանախումբը դատապարտում է

(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Թեհրանի Հայ Դատի յանձնախումբն իր բողոքն է յայտնել Թուրքիայում ծաւալւող քաղաքական վերջին իրադարձութիւնների եւ քաղաքական հետապնդումների կապակցութեամբ:

«Թուրքիայում ծաւալւող վերջին իրադարձութիւնները վկայում են այն մասին, որ այդ երկիրն աննախադէպ արագութեամբ ընթանում է դէպի մէկ մարդու եւ մէկ կուսակցութեան բռնապետութիւն:

Թուրքիայի իշխանութիւնների կողմից սանձազերծւած քաղաքական հետապնդումներն ոչ այլ ինչ են՝ քան բազմակարծութեան եւ ընդհանրապէս ազատութեան կոպտագոյն խախտում եւ Թուրքիայի հասարակութեան մի զգալի հատւածի երկրի քաղաքական բնականոն գործընթացներից չէզոքացնելու, նրանց քւէն անտեսելու անօրինական փորձ, որ չի կարող որեւէ կապ ունենալ քաղաքակիրթ աշխարհի դաւանած արժէքների եւ ժողովրդավարական հիմնարար սկզբունքների հետ:

Ուստի, անհրաժեշտ է օգտագործել հնարաւոր բոլոր միջոցները՝ Թուրքիայում քաղաքական գործընթացները ժողովրդավարական հուն փոխադրելու համար:

Հակառակ դէպքում երկրում հասունացող քաղաքացիական լիակատար դիմակայութեան վտանգը սպառնում է կազմաքանդել ոչ միայն Թուրքիայի հասարակութեանը, այլ, նաեւ, վտանգել ողջ տարածաշրջանը՝ դրան կանգնեցնելով նոր մարտահրաւէրի առջեւ»,- մասնաւորապէս նշւած է Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի բողոք-գրութիւնում: