Ամփոփագիր օգոստոսի 3-սեպտեմբերի 8, 2021թ․

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր (օգոստոսի 3-սեպտեմբերի 8)

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակ

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար, անվտանգային և բարոյահոգեբանական մարտահրավերները՝ ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի կազմում սեպտեմբերի 2-ից իր գործունեությունը սկսեց ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը։

Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հիմնադրումը հստակ քաղաքական ուղերձ է առ այն, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, պատերազմի հետևանքների վերացումն ու Արցախի վերականգնումը շարունակում են լինել ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության առանցքային խնդիրներն ու քաղաքական առաջնահերթությունները։

Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հիմնադրման և Արցախի Հանրապետության օրվա հոբելյանի առթիվ, սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը Ստեփանակերտում անցկացրեց պաշտոնական ընդունելություն, ուր ներկայացվեցին Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի քաղաքական առաջնահերթությունները և նորահաստատ գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները։

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի համակարգմամբ և ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ հանձնախմբերի աշխատանքի արդյունքում՝ աշխարհի տասը երկրներից շուրջ քսան ակնառու քաղաքական գործիչներ շնորհավորանքի ու քաջալերանքի խոսքեր հղեցին Արցախի ժողովրդին՝ միաժամանակ իրենց համերաշխությունը հայտնելով հանուն Արցախի հայության արդար պայքարին։

 ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 7-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների առցանց խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամները, ՀՅԴ Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների ավելի քան 30 երկրներում գործող ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուները և ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ։

Խորհրդակցական ժողովի հիմնական օրակարգը վերաբերել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից Արցախի շահերի պաշտպանությանը։  Որոշում է կայացվել առաջիկա ամիսների ընթացքում նոր թափ հաղորդել Արցախի շահերի պաշտպանությանը՝ այդ թվում Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչմանը, միջազգային հարաբերությունների շեշտակի ընդլայնմանը։ Նպատակադրված աշխատանք է կատարվելու նաև Արցախում հասունացած մարդասիրական (հումանիտար) ճգնաժամի հաղթահարման, բռնազավթված տարածքներում գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության, ռազմագերինների և քաղաքացիական պատանդների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ադրբեջանաթուրքական տեղեկատվական սադրանքների չեզոքացման ուղղություններով։

Ամերիկայի Միացյալ նահանգներ

Ամերիկյան 27 օրենսդիրներ օգոստոսի 10-ին երկկուսակցական գրությամբ դիմել են ԱՄՆ պետքարտուղար Է․ Բլինքենին՝ խնդրելով ներկայացնել տեղեկատվություն թուրքական անօդաչուների արդյունաբերության վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել թե արդյո՞ք թուրքական անօդաչուների կազմության մեջ ընդգրկված ամերիկյան տեխնոլոգիաների առկայության հանգամանքը արդյոք չի խախտում ամերիկյան օրենսդրությունը։ Կոնգրեսականները հատուկ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական անօդաչու թռչող սարքեր են կիրառվել Արցախում՝ խաղաղ բնակչության դեմ, Սիրիայում՝ քրդական ուժերի դեմ և այլն։ Կոնգրեսականների այս քայլին մեծապես աջակցել են Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Հունա-ամերիկյան առաջնորդության ասոցիացիան (HALC), «Քուրդիստանի ամերիկացի բարեկամներ» կազմակերխությունը, Հինդու ամերիկյան հիմնադրամը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը և «Մերձավոր Արևելքի ֆորումը»։

Հայ Դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի գործողությունների արդյունքում՝ Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենը օգոստոսի 17-ին նահանգային օրենսդիր մարմնին բանաձև է ներկայացրել՝ Հայաստանի Սյունիքի մարզի և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի միջև քույր հարաբերությունների հաստատման վերաբերյալ։

Բանաձևը հայտարարում է Կալիֆորնիայի համերաշխությունը Սյունիքի հետ: Այն կխրախուսի և կնպաստի փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային ծրագրերին:

Նույն հանձնախմբի գործողությունների արդյունքում Կալիֆորնիայի Սենատի անդամներ Էնթոնի Պարտանտինոն և Սքոթ Վիլկը օգոստոսի 18-ին հայտարարել են Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային համակարգի (CalPERS) որոշման մասին,  որով սահմանափակվում է վերջինիս ներդրումներն ու ակտիվների քանակը։ CalPERS-ը Միացյալ Նահանգներում գործող խոշորագույն պետական կենսաթոշակային համակարգն է, և նրա արտաքին ակտիվները կարևոր նշանակություն ունեն օտար պետությունների տնտեսությունների համար:

Կալիֆորնիայի պետական կենսաթոշակային ֆոնդերի կողմից թուրքական ներդրումներից հրաժարվելու գործընթացը սկսվել է ավելի վաղ։ Մասնավորապես CalPERS-ի քայլին նախորդել էր «Ուսուցիչների կենսաթոշակի պետական համակարգի» (CalSTRS) նույնաբնույթ դիրքորոշումը: Դրա մասին 2021 թ․ հունիսի 16-ին հայտարարվեց Գլենդելի Արցախի պողոտայում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։ Հենց դրա ընթացքում էլ սենատոր Պարանտինոն նույն քայլին դիմելու կոչ հղեց CalPers-ին, որն էլ իր հերթին արձագանքեց օգոստոսի 18-ին։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքի արդյունքում ամերիկացի 7 կոնգրեսականներ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Դավիթ Վալադաոն, նույն խմբի անդամներ Ադամ Շիֆը, Անն Էշոուն, Ջիմ Կոստան, Ջուդի Չուն և Ջեյմս Մըք Գովերնը շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի Հանրապետության 30-ամյակի առթիվ։

Կանադա

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը (ANCC) oգոստոսի 27-ին՝ սույն թվականի սեպտեմբերի 20-ին նշանակված դաշնային ընտրություններին ընդառաջ, հրապարակել է իր քաղաքական առաջնահերթությունների տարեկան փաստաթուղթը: Քաղաքական առաջնահերթությունների փաստաթուղթը ռազմավարական դիրքորոշում ունի՝ լուծել Արցախի Հանրապետությունում առկա խնդիրները՝ շեշտը հատուկ դնելով անցյալ տարվա ընթացքում ադրբեջանաթուրքական ագրեսիայի սարսափելի հետևանքների վերացման վրա:

Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն ընդգրկում են լայն շրջանակ՝ սկսած Արցախի Հանրապետության ճանաչումից մինչև Երևանում Կանադայի դեսպանատան բացում, Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող ռազմագերիների անվտանգ վերադարձից մինչև Հայաստանի և Արցախի անվտանգության ու տարածքային ամբողջականության պաշտպանություն:

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերով և Ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգի և Ժանեթ Ռայսի առաջնորդությամբ, օգոստոսի 19-ին «Արցախի ավստրալիացի բարեկամների» մշտապես աճող խմբին են միացել ևս 16 նշանավոր գործիչներ՝ սատարելու Արցախի հայկական հանրապետության ինքնորոշման իրավունքը։

«Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը» կազմավորվել է 2019 թ․ օգոստոսին, երբ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը և Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը հյուրընկալեցին Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ օրվա արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ։ Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության բնիկ հայության խումբը ձևավորվելիս ուներ շուրջ 40 անդամ, ներկայումս այդ թիվը գերազանցում է 70-ը։ Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը վերջերս համալրած քաղաքական գործիչները մինչ այդ էլ աչքի են ընկել Ավստրալիայի քաղաքական տարբեր ամբիոններում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությամբ։

Կիպրոս

ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը օգոստոսի 3-ին նամակով դիմել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդեսին` հորդորելով դատապարտել Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ նկատելով, որ ադրբեջանաթուրքական տանդեմի նպատակը Հայաստանն ու հայերին քարտեզի վրայից վերացնելն է, ինչը չպետք է որևէ կերպ հանդուրժվի։

Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին Հայաստան է այցելել ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի պատվիրակությունը՝ ընկերակցությամբ Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար, Եվրոպական Խորհրդարանի նախկին պատգամավոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Էլենի Թեոխարուսի։ Պատվիրակությունը եղել է Արցախում, հանդիպում ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը։ Երևանում Թեոխարուսին ընդունել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Զրուցակիցները քննարկել են Արցախի համար միջազգային օժանդակություն ապահովելու կոնկրետ ծրագրեր։

Հունաստան

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը օգոստոսի 3-ին արձագանքել է ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի բողոքին՝ կապված Հունաստանի դեսպանի՝ Շուշի այցելության հետ։ Նախարար Դենդիասը  ՀՅԴ Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում նախ վերահաստատել է Հունաստանի և Հայաստանի միջև առկա գերազանց հարաբերությունները։ Դեսպանի՝ Շուշի այցը նախարարը պարզաբանել է նրա պաշտոնական լիազորությունների կատարմամբ և դեսպանընկալ պետության զարգացումներին ծանոթանալու անհրաժեշտությամբ։

Օգոստոս 25-ին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը և ՀԴՅ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի նախագահ Հռիփսիմե Հարությունյանը հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, մեր ժողովրդի մեծ բարեկամ Ռոբերտ Մենենդեսին։ ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել սենատորին հայ ժողովրդի իրավունքների խաշտպանության գործում ունեցած ներդրման համար։ Հանդիպման ընթացքում ի թիվս այլնի քննարկվել են հունահայ գաղութին հուզող հարցեր։

Հայկական իրավական կենտրոն

Վաշինգտոնում հաստատված Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC)`  համագործակցաբար ՀՀ-ում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ, օգոստոսի սկզբին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նոր գործեր է ներկայացրել, որոնցով Ադրբեջանը մեղադրվում է հայ ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց մահվան համար։ ՄԻԵԴ ներկայացված փաթեթում նշվում է` թվով 19 անձինք, ինչպես իրենց հայրենի բնակավայրերում մնացած քաղաքացիական մարդիկ, այնպես էլ զինվորականներ, միմյանցից տարբեր 10 միջադեպերի արդյունքում սպանվել են, երբ գերության մեջ են գտնվել ադրբեջանական ուժերի կողմից կամ եղել են ձերբակալված։ Դիմումները ներկայացվել են ականատեսների ցուցմունքների, համացանցում տարածված տեսաձայնագրությունների, դատաբժշկական փորձաքննությունների անհերքելի ապացույցներով և փորձագիտական եզրակացություններով։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

08.092021 թ.