Ամփոփագիր 27 սեպտեմբեր – 01 հոկտեմբեր 2020 թ.

27 սեպտեմբեր – 01 հոկտեմբեր 2020 թ.

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը սույնով սկսում է մամուլի համար ամփոփագրերի պարբերաբար հրապարակումներ, որոնց նպատակն է համառոտ ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։

Սույն ամփոփագրով ներկայացվում է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների նախընթաց աշխատանքների կարևոր ձեռքբերումները՝ սկսած սեպտեմբերի 27-ից։

Սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո, ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնմուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը։

Մասնավորապես՝

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

1)Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի (Armenian National Committee of America), երկրի ամբողջ տարածքում գործող հանձնախմբերի աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել գրանցել շոշափելի արդյունքներ Ամերիկայի հանրային կարծիքի վրա ներազդելու և այդ գործում հասարակական և քաղաքական շրջանակներ ներգրավելու առումով։

2)ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվել է նաև դեպի Հայաստան: Կոնգրեսականների թվում են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Ռոբերտ Մենենդեզը, Էդ Մըրքին, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան Բրենդա Լոուրենսը, Ֆրանկ Փալոնը, Ադամ Շիֆը, Լինդա Սանչեսը, Բռեդ Շերմանը, Լորի Թրահան և ուրիշներ։

3)Հատկանշական է, որ մինչ օրս ԱՄՆ Կոնգրեսի որևէ անդամ անգամ չի փորձել արդարացնել թուրք-ադրբեջանական ագրեսիան։

4)Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և Թուրքիայի դեմ լայն ռազմական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար։ Հանձնախմբի այս կոչին են միացել մեծ թվով կոնգրեսականներ։

5)Հարձակումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և իր աջակիցները ավելի քան 100 000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն, մասնավորապես, հորդորելով դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժել ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիային:

6)ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել երկու բանաձևերի նախագծեր, որոնց նպատակն է դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան և Ղարաբաղյան հակամարտության գոտում Թուրքիայի ներգրավածությունը։

Կանադա

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի նկատմամբ արտաքին քաղաքական հակազդում ապահովելու նպատակով Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքները ծավալվել են մի քանի ուղղություններով։

1)Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ագրեսիան դատապարտել է Արցախ-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռ. Հարդերը: Վերջինս պաշտոնական գրությամբ դիմել է արտգործնախարար Ֆ.Ֆ. Շամպայնին, նկատելով, որ «առանց դատապարտման, Կանադան և մնացյլալ միջազգային հանրությունը միայն խրախուսելու են Ադրբեջանին շարունակելու կատարել հանցագործություններ: Կանադան պետք է գործի հիմա, քանի դեռ շատ ուշ չէ»։

2)Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և թուրքական ապակայունացնող ներգրավվածության վերաբերյալ կոշտ քննադատությամբ է հանդես եկել Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խումբը՝ ի դեմս խմբի համանախագահ Բրայան Մեյի։

3)Հատկանշական է, որ կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում, Հայ դատի հանձնախմբի հետևողական ջանքերի շնորհիվ, մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի կողմից ներկայումս լայնորեն կիրառվող թուրքական արտադրության անօդաչու սարքերում կանադական տարբեր դետալների (հիմնականում` սենսորային) առկայությունը։ Այս հարցով բազմաթիվ քաղաքական գործիչներ տարբեր ուղերձներ են հղել կանադական կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել բոլոր տեսակի ռազմական կիրառության արտադրանքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին։

4)Ընդհանուր առմամբ, կանադական քաղաքական, հասարակական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակներում մի քանի տասնյակի հասնող գործիչների կողմից դատապարտվել է թուրք-ադրբեջանական ագրեսիան։

5)Հայ դատի Կանադայի հանձնախումբը ստորագրահավաք է սկսել, որով իշխանություններին կոչ է արվում դադարեցնել ռազմական նշանակության արտադրության վաճառքը Թուրքիային։ Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։

Եվրոպա

Եվրոպական 14 երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը համակարգում է Բրյուսելում տեղակայված ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։ Գրասենյակը մեծ ակտվիությամբ աշխատում է հատկապես համաեվրոպական հարթության վրա՝ հայրենիքի արտաքին շահերի պաշտպանության ուղղությամբ։

1)Անցնող օրերի ընթացքում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մեծ աշխատանք է կատարել Եվրոպական լսարանին, քաղաքական շրջանակներին և լրագրողական հանրությանը առկա տեղեկատվության ներկայացման համար։

2)Եվրոպական Խորհրդարանի «Եվրոպայի նորացում» քաղաքական խմբի թվով 6 պատգամավորներ գրավոր հարցումով դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր հանձնակատար Ժ. Բորելին` բարձրացնելով ադրբեջանական ագրեսիայի, Թուրքիայի անօրինական ներգրավվածության և Սիրիայից իսլամիստ ահաբեկիչներին մարտական գործողությունների մեջ ընդգրկելու մասին։

3)Խնդրին անդրադարձել և կատարվողը խստագույնս քննադատել է Եվրոպական Միության Խորհրդարանի փոխնախագահ, Ֆ. Մ. Կաստալդոն։ Ադրբեջանական ագրեսիան դատապարտել են Եվրոպական Խորհրդարանի շուրջ չորս տասնյակի հասնող պատգամավորներ։

4)Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) քաղաքական խմբի և Եվրախորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների քաղաքական խմբի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համակարգողները՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ Մայքլ Գալլերը Տոնինո Պիկուլաչը կոչ են արել Ադրբեջանին դադարեցնելու ռազմական հարձակումը Արցախի վրա, նշելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադառնա բանակցությունների սեղան և հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

5)Ագրեսիան դատապարտելու և կանխելու կոչով՝ Եվրոպական Խորհրդարանի մի շարք պատգամավորներ, անհատական կամ խմբային գրություններ են հղել ԵՄ ղեկավար կառույցների ներկայացուցիչներին։

6)Հայ դատի Բրյուսելի գրասենյակն ակտիվ աշխատանքներ է իրականացնում Եվրոպական Միության ղեկավար բոլոր կառույցների շրջանակներում օբյեկտիվ տեղեկատվության ձևավորման և ըստ այդմ անհրաժեշտ հակազդեցության հասնելու համար։

7)Համաեվրոպական մակարդակից բացի աշխատանքներ են իրականացվում նաև անդամ պետությունների քաղաքական շրջանակների հետ։ Կատարվածն արդեն իսկ դատապարտել են Բելգիայի Ֆլամանդական և ֆրանսիախոս խորհրդարանների ներկայացուցիչներ։

8)Եվրոպայի տարածքում գործող ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն իրենց երկրներում շարունակում են ակտիվորեն իրականացնել քաղաքական-հարաբերական աշխատանքներ, համագործակցել առաջատար լրատվական միջոցների հետ։ Այս առումով դրական արդյունքներ կան Հունաստանում, Կիպրոսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլուր։

Ավստրալիա

Հայ դատի Ավստալիայի հանձնախումբը ևս աշխատում է ինչպես ֆեդերալ, այնպես էլ տեղական մակարդակներում։ Ամբողջ կարողականությամբ հանձնախումբն աշխատանքներ է տանում մի քանի ուղղություններով՝ լրատվական-քարոզչական և քաղաքական հարաբերական։ Այս առումով, ավստրալիական պետական իշխանության ներկա ու նախկին բազմաթիվ պաշտոնյաներ հանդես են եկել ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող և երկրի իշխանություններին գործուն քայլերի դրդող հայտարարություններով։ Կարևոր է ընդգծել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիան խստորեն դատապարտել են Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանը և Ջոլ Ֆիցգիբենը՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Արցախի և Հայաստանի վրա հարձակումը, ինչպես նաև ընդգծելով կոնֆլիկտում Թուրքիայի անօրինական ներգրավվածությունը։