Ամփոփագիր 24-29 հոկտեմբեր 2020թ

(24-29 հոկտեմբեր 2020թ)

Կանադա

Հոկտեմբերի 24-ին կանադահայերը, Մոնրեալում իրականացրել են հերթական խոշոր ավտոերթ և հարգանքի տուրք մատուցել Արցախի պաշտպանության ժամանակ նահատակված զոհերի հիշատակին։

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի գործուն ջանքերի արդյունքում, Կանադայի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Միշել Շոնգը, կանադական կառավարությանը կոչ է արել աջակցել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացմանը։

Անցնող օրերին Արցախում ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային առնչվող հարցեր են քննարկվել նաև կանադական Խորհրդարանում, մասնավորապես արտգործնախարար Ֆ․Ֆ Շամպանին խորհրդարանի ընդդիմադիր շրջանակներից հարցեր են հնչել՝ կապված Թուրքիայում կանադական ծագման ռազմական նշանակության պարտադրանքի հայտնվելու և Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելքի պահպանման վերաբերյալ։

Հոկտեմբերի 27-ին կանադահայերը մեկ այլ ցույց իրականացրել են վարչապետ Թրյուդոյի նստավայրի առջև՝ պահանջելով հստակություն մտցնել ղարաբաղյան հիմնախնդրում կանադական քաղաքականության մեջ։

Այս օրերին գրանցված կարևոր հաջողություններից էր՝ հոկտեմբեր 27-ին, Կանադայի Սենատի նիստի ընթացքում սենատոր և Կանադայի Վերին Պալատի նախկին խոսնակ Լեո Հուսաքոսի հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստվում է Սենատին ներկայացնել կողմից հեղինակած բանաձև, որով կանադական կառավարությունից կպահանջվի դատապարտել թուրք-ադրբեջանական զինվորական հարձակումը Արցախի վրա և ճանչնալ Արցախի անկախությունը։

Կանադական Կանաչների կուսակցությունը պաշտոնապես կառավարությանն առաջարկել է, դիվանագիտական պատվիրակություն գործուղել Հայաստան` տեղում Ադրբեջանի և Թուրքիայի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու և հումանիտար հարցերի լուծմանն անդրադառնալու համար։

Արցախի անկախության ճանաչման պահանջով կանադական կառավարությանն է դիմել նաև Կանադայի հույների կոնգրեսը։

ԱՄՆ

ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ջանքերով Ամերիկյան կոնգրեսում շարունակվում է օրենսդրական գործընթացը, որի նպատակն է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել՝ թուրքական հովանավորությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիայի սանձազերծման համար։

Ներկայումս, մեր ժողովրդի մեծ բարեկամների կողմից Կոնգրեսում ներկայացված են տարբեր բանաձևեր, որոնք առաջարկում են ընդունել Արցախի Հանրապետության անկախությունը, Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ, Բաքվին զրկել ամերիկյան օգնությունից և կիրառել զենքի վաճառքի արգելք։

Հոկտեմբերի 23-ին և 24-ին, աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար, Զոհրապ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի, ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի և ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անի Չաղլասյանի հետ։ Երկուստեք իրականացվել է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում և իրավիճակային նկարագրություններ։

Հոկտեմբերի 25-ին ամերիկահայերը բողոքի զանգվածային ցույց են իրականացրել: ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ այն մեկնարկել է աղոթքով և Նյու Յորքի Ջորջ Վաշինգտոնի անվան կամրջով անցնող արդարության երթով:

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ում գործող արագ սննդի Մքդոնալդս ցանցը իր ֆեյսբուքի և ինստագրամի էջերումն պաշտպանել էր ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը Արցախի նկատմամբ։ Դրան անմիջապես հաջորդեց ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արագ և հստակ հակադարձումը, ինչի արդյունքում հրապարակումները հեռացվեցին։

Վաշինգտոնում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածության դրժումից հետո՝ ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, որպես ադրբեջանական քաղաքականությանը ամերիկյան կողմի համապարփակ պատասխան, առաջարկել է ընդունել Արցախի Հանրապետության անկախությունը։

Միացյալ նահանգներում Արցախի Հանրապետության անկախության ապակենտրոն ճանաչման դեպքերը շարունակվում են․ Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչեց Գլենդել քաղաքը։

Եվրոպա

Անցնող օրերի ընթացքում ՀՅԴ Հայ դատի ԵՄ երկրներում գործող հանձնախմբերը, արտահայտելով այդ երկրներում ապրող հայերի կամքը, բաց նակամով դիմել են ԵՄ Հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անտվանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժ․ Բորելին։ Հանձնախմբերն ի թիվս այլնի, արտահայտել են իրենց հիասթափությունն այն կապակցությամբ, որ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը իր վերջին հայտարարություններից մեկում քննադատել էր Գյանջայի հրթիռակոծումը, սակայն տևական ժամանակահատված չի անդրադարձել Ստեփանակերտին և Արցախի այլ խաղաղ բնակավայրերին հասցված ադրբեջանական հարվածներին։

Ֆրանսիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 25-ին ֆրանսիացի խորհրդարանականների 15 հոգանոց պատվիրակություն է ժամանել երևան՝ սատարելու Հայաստանի և Արցախի բնակչությանը:

ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը շրջանառության մեջ է դրել նոր հայտագիր, որը նպատակ ունի բրիտանացի խորհրդարանականների վրա հանրային ճննշում գործադրել՝ հասնելու համար Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա ադրբեջանական հարձակման դատապարտմանը առավել լայն ընդգրկումով։

Հոկտեմբերի 24-ին ֆրանսահայերը հերթական բողոքի խաղաղ ցույցն են անցկացրել Փարիզում: Այս անգամ հավաքի ակցիայի մասնակիցները հայկական եռագույններով են ողողել Փարիզի կենտրոնում Սենա գետի վրա առկա կամուրջներից մեկը։

Ֆրանսիայում բողոքի մեկ այլ ցույց տեղի է ունեցել Բիր Հաքեյմ կամրջի վրա, թուրքական դեսպանատան առջևում՝ Ֆրանսիայի հայկական երիտասարդական կազմակերպությունների միության կազմակերպմամբ և ՀՅԴ «Նոր սերունդ» ուսանողական միության մասնակցությամբ։

ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի կողմից, հոկտեմբերի 25-ին կազմակերպվել է Արցախին զորակցության մեծ ավտոերթ։

ԱՎՍՐՏԱԼԻԱ

Ավստրալիայի հայ համայնքը հոկտեմբերի 24-ին իրականացրել է «Երթ հանուն հայերի» 500 հոգանոց բողոքի երթ։

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

Հայության շահերի պաշտպանության և մեր ժողովրդի ձայնը լսելի դարձնելուն միտված տարաբնույթ գործողություններ են իրականացվել նաև Մերձավոր Արևելքի քաղաքներում հատկապես Հալեպում, Բեյրութում և Երուսաղեմում։

Լատինական Ամերիկա

Բողոքի միջոցառումներ են իրականացվել նաև Արգենտինայում Իսրայելական դեսպանատան առջև և այլուր։

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնմուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական համալիր գործիքակազմեր։
Հայ դատի գրասենյակներն ու հանձմախմբերն անընդհատական կապի մեջ են նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչների և միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, որպեսզի տեղեկատվահաղորդակցական պայքարում ապահովեն օբյեկտիվ լրատվություն։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը մամուլի համար պարբերաբար հրապարակում է ամփոփագրեր, որոնց նպատակն է կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։