Ամփոփագիր 09-14 հոկտեմբեր 2020 թ․

09-14 հոկտեմբեր 2020 թ․

Անցնող օրերի ընթացքում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն իրականացրել են առավելապես քարոզչական-տեղեկատվական բնույթի աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպել կամ ակտիվորեն մասնակցել են տարբեր բնույթի ցույցերի, հանրահավաքների և երթերի:

Տարբեր լեզուներով սփռվել են մեծ քանակությամբ տեղեկատվական նյութեր, որոնք օտարազգի լսարանին ներկայացրել են Մոսկվայում ձեռք բերված հրադադարի խախտմամբ ադրբեջանական հարձակումները խաղաղ բնակչության, մշակութային հաստատությունների, հոգևոր կառույցների վրա։


Կանադա

Կանադայի Հայ դատի հանձնախումբը Հոկտեմբերի 8-ից 11-ը Մոնրեալում իրականացրել է բողոքի եռօրյա ցույցեր, որոնցից առաջին երկուսն անցկացվել են կանադական CBC ռադիոկայանի և Global Gazette հայտնի լրատվամիջոցների առջև։

Հոկտեմբերի 10-ին բողոքի ավտոերթ է կազմակերպվել Մոնրեալի և Լավալի ավտոճանապարհներին։ Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Օտավայում։

Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտել է Կանադայի հունական կոնգրեսը՝ կանադական կառավարությանն ու խորհրդարանական ուժերին կոչ անելով իրենց հերթին դատքապարտել այն, նկատելով, որ ադրբեջանական հարձակման թիկունքին կանգնած է Թուրքիան՝ Էրդողանի ծավալապաշտական քաղաքականությամբ։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը գոհունակությամբ է ընդգծել Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆ․Ֆ․ Շամպայնի հասցեական այն հայտարարությունը, որ Թուրքիան և այլ ուժեր պետք է դուրս լինեն Ղարաբաղյան հակամարտությունից։ Այս օրերին պատգամավոր Բրայան Մեյի կողմից երաշխավորվել և հանձնախմբի կողմից ակտիվորեն քաջալերվում է մի խնդրագիր (petition), որը կանադական կառավարությանը կոչ է անում դատապարտել շարունակվող ագրեսիան, ապահովել զենքի վաճառքի արգելքը և պաշտպանել Արցախի քաղաքացիական բնակչությանը։

Կանադայի հայ համայնքին և Հայաստանին անվերապահ սատարում է հայտնել և Արցախի անկախության միջազգային ճանաչման կոչ արել Լավալի Խորհրդարանի անդամ Ֆ․ ԷԼ Խուրին։

Ամերիկա

Քարոզչական և տեղեկատվական բնույթի աշխատանքների շրջանակում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակը մեծ ծավալով իրականացնում է մեդիա-մոնիթորինգ՝ ԱՄՆ հասարակական-քաղաքական և հանրային շշրջանակների համար վեր հանելով ադրբեջանական քարոզչության կեղծիքները։ Բացահայտվում և վեր են հանվում նաև Վաշինգտոնում Ադրբեջանի համար մասնավոր լոբբիստական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքը և դրանց մանիպուլացնող բնույթը։ Հանձնախումբը շարունակում է քաջալերել ամերիկահայությանը, ինչպես հանրային այնպես էլ անհատական մակարդակներում աշխատել և ճնշումներ գործադրել իրենց տարածքներից ընտրված օրենսդիրների վրա՝ Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումը և զենքի վաճառքը բացառելու և այլնի վերաբերյալ։

Հանձնախմբից նաև հայտնում են, որ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ Global Magnitski ակտի շրջանակներում նախաձեռնել է գործընթաց, որի նպատակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ, ովքեր մեղավոր են Արցախի ողջ տարածքում հայ խաղաղ բնակիչների դեմ ռազմական հանցագործությունների մեջ: Global Magnitski ակտը ուժի մեջ է մտել 2016թ․և թույլ է տալիս մարդու իրավունքների լուրջ խախտումների և կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց նկատմամբ կիրառել պատժամիջոցներ, ինչպիսիք են ֆինանսական գործարքների մերժումը, ակտիվների սառեցումը, ճամփորդության սահմանափակումը և այլն։


Եվրոպա

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շարունակում է աշխատանքները համաեվրոպական մակարդակում՝ Եվրոպական Միության ղեկավար կառույցների հետ, որպեսզի իր կարողությունների շրջանակում կանխի ադրբեջանաթուրքական տանդեմի ապակողմնորոշիչ գործունեությունը և իրական փաստերի նենգափոխումը։ Այս օրերին Եվրոպական Միության անդամ գրեթե բոլոր երկրներում հայության կողմից կազմակերպվում են բողոքի խաղաղ միջոցառումներ և տարբեր ակցիաներ։ Օրինակ, Հռոմում տեղի ունեցած բողոքի ակցիային հայ համայնքին համերաշխություն էին հայտնել և ադրբեջանական հարձակումը դատապարտել Խորհրդարանի ստորին պալատի 25, իսկ սենատի 3 պատգամավորներ։

Հուլիսի 13-ի երեկոյան բողոքի մեծ ցույց է անցկացվել Փարիզում, որին նույնպես միացել էին Ֆրանսիայի հասարակական-քաղաքական շրջանակների երևելի ներկայացուցիչներ, ցույցին մասնակցել են առավել քան 7500 ֆրանսահայեր, հիմնական պահանջը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն էր, որպես Արցախի բնակչության անվտանգության կարևորագույն գործոն։


Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից հայտնում են, որ ավստրալիահայ համայնքին համերաշխություն է հայտնել և ադրբեջանական հարձակումը դատապարտել Սիդնեյի լիբանանական համայնքը։ Վերջինս սիդնեյաբնակ լիբանանցիներին նաև կոչ է արել հանգանակություն կատարել Հայաստան համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին։

Հանձնախումբը շարունակում է ակտիվ աշխատանքներ տանել ինչպես քաղաքական-հարաբերական հարթությունում, այնպես էլ լրատվական տիրույթում և ներհամայնքային կյանքում։

*Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնմուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական համալիր գործիքակազմեր։

Հայ դատի գրասենյակներն ու հանձմախմբերն անընդհատական կապի մեջ են նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչների և միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, որպեսզի տեղեկատվահաղորդակցական պայքարում ապահովեն օբյեկտիվ լրատվություն։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը մամուլի համար պարբերաբար հրապարակում է ամփոփագրեր, որոնց նպատակն է կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։