Ամփոփագիր, մարտի 15-ապրիլի 1, 2022թ․

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

(մարտի 15-ապրիլի 1, 2022թ.)

 

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքները վերոնշյալ ժամանակահատվածում մեծ մասամբ կենտրոնացել են Արցախում ադրբեջանական ուժերի առաջացրած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ միջազգային իրազեկման բարձրացման, նաև այդ համատեքստում Արցախի իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ։

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակել է մեծ թափով աշխատանքներ իրականացնել հիմնականում Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության բացառման և Թուրքիային ժամանակակից զինտեխնիկայի վաճառքը կանխելու ուղղություններով։ Թուրքիային և Ադրբեջանին վաճառվող/տրամադրվող ամերիկյան ռազմական արտադրանքի վրա արգելանք դնելու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների  կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակից՝ ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական և այլ կազմակերպություններ։ Հարկ է նշել, որ մարտի 28-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը CNNturk-ի եթերում հայտարարել է, որ հայկական և հունական լոբբիները ԱՄՆ Կոնգրեսում արգելափակում են նոր F-16 կործանիչների և արդիականացման տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։

Մարտի 15-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը հանդես է եկել նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պահանջով՝ քննարկելու համար «907-րդ բանաձևի» պահանջների կատարման վերաբերյալ առաջիկա նախագահական որոշումն ու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման հարցը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մարտի 28-ին տեղեկացրել է, որ ինչպես 2022թ․ ֆիսկալ տարվա համար, նախագահ Բայդենի վարչակազմն առաջարկել է Հայաստանին տրամադրել 24 մլն դոլարի օժանդակություն, իսկ Արցախի համար օժանդակություն առհասարակ նախատեսված չէ։ Նախորդ տարի նախագահական նույն առաջարկի պարագայում, Հայ դատի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, ԱՄՆ Կոնգրեսը կրկնապատկեց Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը, իսկ Արցախի համար նախատեսեց 2 մլն դոլար՝ հատուկ ականազերծման ծրագրերի համար։ Հատկանշական է, որ նախագահական այս վերջին առաջարկից կարճ ժամանակ առաջ նախագահ Բայդենն ինքն էր ստորագրել իրավական այն ակտը, որով Հայաստանին ու Արցախին տրամադրվում էր ավելացված ֆինանսական օժանդակություն։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքներ իրականացնել 2023թ․ Հայաստանի համար Սպիտակ տան վարչակազմի կողմից առաջարկված գումարի շեշտակի ավելացման ուղղությամբ։

Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիային մարտի վերջին անդրադարձել է Կոնգրեսի հայկական հարցերով խումբը՝ ի դեմս խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնի, Գուս Բիլիրակիսի, Ջեքի Սփեյերի, Դավիթ Վալադաոյի և փոխնախագահ Ադամ Շիֆի։ Վերջիններս դատապարտել են Ադրբեջանի գործողությունները ու Պետդեպարտամենտին կոչ արել «օգտագործել ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու նախագահ Ալիևի ռազմատենչ գործողությունները և նրան վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղության գործընթացի միջոցով»։

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատուները մարտի 31-ին ընդունել են աշխատանքային այցով ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Աննա Գրիգորյանին և Թագուհի Թովմասյանին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի սպառնալիքների, ինչպես նաև սփյուռքի դերի բարձրացման վերաբերյալ։ Քննարկվել է նաև Արցախում և Հայաստանում ստեղծված անվտանգային միջավայրը։

 

Եվրոպա

          Մարտի երկրորդ կեսին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ծավալուն աշխատանք է իրականացրել համաեվրոպական մակարդակում՝ ԵՄ ղեկավար կառույցներին ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, դրա պատճառ հանդիսացող ադրբեջանական ահաբեկչական քաղաքականությունը և Արցախում նոր էթնիկ զտումների իրական վտանգը։ Հարաբերական աշխատանքի շրջանակն ընդգրկել է Եվրոպական Խորհրդարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ԵԱՀԿ-ն, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական Միության խորհուրդը, Եվրոպական հանձնաժողովը, ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը, Եվրոպական խորհրդարանի թվով չորս քաղաքական խմբեր։

Մարտի 17-ին Հայ դատի հանձնախումբը ողջունել է Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասցեական անդրադարձը։

Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման ու պատկանելիության նենգափոխման խնդրին կրկին անդրադարձել է Եվրոպական Խորհրդարանի անդամ, Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ով նաև հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը։ Վան Դալենի դերակատարությունն առանցքային էր մարտի 10-ին Եվրոպական Խորհրդարանի՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի ընդունման գործում։

Մարտի 25-ին Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը գրությամբ դիմել է Յունեսկոյի գլխավոր քարտուղարին՝ ուշադրություն հրավիրելով մարտի 10-ի Եվրոպական Խորհրդարանի բանաձևի վրա՝ կոչ անելով կոնկրետ գործողությունների, մասնավորապես անմիջապես Յունեսկոյի համապատասխան առաքելություն կյանքի կոչելու և Արցախ ուղարկելու համար, որը պետք է կատարի կրոնական և մշակութային ժառանգության գույքագրում և անի ամեն ինչ՝ կանխելու Ադրբեջանի կողմից հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև պատմական նենգափոխումը։

 

Կանադա

          Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ մարտի 29-ին հայտարարությամբ է հանդես եկել Հայ դատի Կանադայի հանձնախումբը՝ կանադական հասարակական-քաղաքական շրջանակներին մանրամասնորեն ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ադրբեջանական զինուժի հանցագործությունները։ Հանձնախմբի աշխատանքների արդյունքում՝ մարտի 30-ին Կանադայի Սենատում, ընդդիմադիր Պահպանողական կուսակցության խմբակցության ղեկավար Լեո Հուսաքոսը խստիվ դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը՝ նշելով, որ մարտի 24-ից ադրբեջանական բանակը խախտում է հրադադարը, ներխուժում Արցախի բնակավայրեր և մտադրություն ունի վերսկսելու ռազմական գործողությունները։ Սենատորը նկատել է, որ Ադրբեջանի ագրեսիվ ընթացքը միջազգային իրավունքի համաձայն որակվում է որպես պատերազմական հանցագործություն։ Հուսաքոսը Կանադայի կառավարությանը կոչ է արել դատապարտել Բաքվի վարքագիծն ու զորակցել Արցախի ժողովրդին։

         

Ավստրալիա

          Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը քանիցս հրապարակայնորեն քննարկվել է երկրի հասարակական-քաղաքական շրջանակներում, այդ թվում ամենամեծ՝ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանում, որտեղ պատգամավոր Հյուջ ՄըքԴերմոթը մարտի 25-ին բարձրաձայնել է ադրբեջանական ահաբեկչական գործողությունների մասին և արտգործնախարար Փեյնեին կոչ արել արձագանքել Հայ դատի Ավստրալիայի գրասենյակի դիմումին՝ Արցախին հումանիտար բնույթի օժանդակություն տրամադրելու համար։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի անդամները մարտի 1-ին առցանց հանդիպում են անցկացրել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և մարդու իրավունքների պաշտպանի հետ, ովքեր մանրամասնորեն ներկայացրել են Արցախում ստեղծված իրավիճակը, ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողություններն ու պատերազմական հանցագործությունները։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը։

 

Հունաստան

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի և «Փափազիսիս» հրատարակչության համակազմակերպմամբ՝ մարտի 21-ին կայացել է Թաներ Աքչամի վերջին գրքի՝ «Սպանության հրահանգներ», հունարեն թարգմանության շնորհանդեսը։ Այս առիթով Աթենք էր ժամանել նաև գրքի հեղինակը։

Երեկույթին մասնակցում էին Հունաստանի կրթության փոխնախարարը, ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահը, հունական, պոնտական, ասորական համայնքային և հասարակական կազմակերպությունների ղեկավար-ներակայացուցիչներ և ընդհանրապես աշխատանքով հետաքրքրվածներ։

Երեկույթի ընթացքում Թաներ Աքչամն անդրադարձել է գրքում տեղ գտած փաստաթղթերին, որոնց հիմքը կազմված է Արամ Անտոնյանի հեղիանակած վավերագրքից, որտեղ ներկայացված են թուրք պաշտոնյա Նայիմ Էֆենդիի հուշագրությունները։ Գրքի համար կարևոր են եղել նաև հայ կաթողիկե եկեղեցու վարդապետ Գրիգոր Կերկերյանի հուշագրությունները։ Հեղինակը ներկայացրել է թուրքական ժխտողականությունը և փաստագրության խեղաթյուրման քաղաքականությունը, որ Օսմանյան պետությունը հղացրել էր հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունների օրերին։ Մասնավորապես, հեղինակը ներկայացրել է, թե այդ ընթացքում պետությունն ինչպես էր ստեղծել շինծու փաստաթղթեր, միաժամանակ փորձել անհետացնել իրական փաստաթղթերը, որոնցում առկա էին հայ ժողովրդին բնաջնջելու հրահանգներ։ Աքչամը, իբրև օրինակ, բերել է Գրիգոր Զոհրապի եղերական սպանությունը ժխտող «փաստաթուղթը»,  որտեղ արձանագրված է, թե իբր Զոհրապը մահացել է սրտի կաթվածից։

 

Մեծ Բրիտանիա

          Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ մարտի 30-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին է դիմել բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ կոչ անելով կառավարությանը անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր կանխելու ադրբեջանական վայրագությունները։ Քոքսը բարձրացրել է Արցախում նոր էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական մտադրությունը՝ նշելով, որ դա կլինի մարդասիրական աղետ։ Բարոնուհին նաև ընդգծել է, որ քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնություններն իբրև ագրեսիա սահմանելու չափոփորոշիչները պետք է միանշանակ լինեն բոլոր տարածաշրջանների համար։

 

Կիպրոս

Արցախի Հանրապետության բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայի և դրանով ստեղծված իրավիճակի վերաբերյալ մարտի 24-ին Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մանրամասնորեն ներկայացնելով ներկա կացությունը և նախանշելով այն քայլերը, որոնք հանձնախումբն առաջիկայում պետք է իրականացնի Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ։

 

Լիբանան

Արտաքին-հարաբերական աշխատանքների շրջանակում ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինի մարտի 16-28-ը նամակներ է հղել Լիբանանում հավատարմագրված մի շարք պետությունների դեսպաններին։ Մասնավորապես, մարտի 16-ին Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Դանիայի, Չեխիայի, Արգենտինայի, Չիլիի և Բրազիլիայի դեսպաններին հղված նամակով ներկայացվել է Արցախում ստեղծված կացությունը։

Հանձնախումբը մարտի 21-ին նամակ է ուղարկել Լիբանանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Յոհաննա Վրոնեցկային՝ դատապարտելով բռնազավթված Շուշիում Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակի միջոցառմանը Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մասնակցությունը։

Մարտի 28-ին հանձնախումբը Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ հանգամանորեն ծանուցել է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի, Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագիտական ներկայացուցչություններին։

 

Սիրիա

Հայ դատի Սիրիայի հանձնախմբի նախաձեռնությամբ և Բերիո Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Մասիս եպիսկոպոս Զոպյանի հովանավորությամբ, արաբերեն է թարգմանվել «Արդարացի լուծում-Հայոց ցեղասպանության հատուցումներ» իրավագիտական գրքույկը, որի շնորհանդեսը մարտի 24-ին կայացավ Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում։

Շնորհանդեսին ներկա էին տարբեր կրոններ ներկայացնող հոգևոր պետեր, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ, հասարակական, համայնքային կառույցների ղեկավարներ, ակադեմիական գործիչներ, ոլորտային մասնագետներ և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Գրքույկի թարգմանիչը իրավաբան, Հալեպի պետական համալսարանի դասախոս Սպհի Ջորջ Տիպոն է։ Վերջինս երեկույթի ընթացքում մանրամասնորեն ներկայացրել է հրատարակությունը՝ նշելով, որ այն առիթ հանդիսացավ, որ ինքը ծանոթանա հայոց պահանջատիրության իրավական հիմքերին։ Տիպոն նաև նկատել է, որ աշխատանքը գրված է օտարազգի չեզոք ակադեմիական գործիչների կողմից և հստակ մատնանշում է այն հիմքերը, համաձայն որոնց Հայոց ցեղասպանության փաստը ենթակա է հատուցման։

 

Քուվեյթ

Հայ Դատի Քուվեյթի հանձնախումբը մարտի 24-ին այցելել է Քուվեյթում ՀՀ դեսպանատուն և հանդիպում ունեցել արտակարգ և լիազոր դեսպան Սարմեն Բաղդասարյանի ու նորանշանակ հյուպատոս Արայիկ Սիմոնյանի հետ։

Հանդիպման ընթացքում հանձնախմբի ատենապետ Ժան Մոմջյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական բարձրագույն աստիճանի շնորհման, իսկ հյուպատոսին՝ նշանակման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն։

 

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

02.04.2022 թ.