Ամփոփագիր, մայիս, 2022թ․

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

(մայիս 2022թ.)

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մայիս ամսին շարունակել է աշխատանքները Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու, «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջների վերականգնելու, Թուրքիային նորագույն ռազմական արտադրանքների վաճառքը կանխելու, Հայոց ցեղասպանության կրթության համար պետական ֆինանսավորում ապահովելու և այլ ուղղություններով։ Վերջինիս ուղղությամբ կատարովող աշխատանքի արդյունքում՝ Կոնգրեսում ներկայացված համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը միացած կոնգրեսականների թիվը հասել է 62-ի։

Հայաստանի Հանրապետությունում իր ավելի քան եռամյա դիվանագիտական ծառայությունից հետո դեսպան Լին Թրեյսին կրկին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից ստացել է F (failure/ձախողում) գնահատականը։ Առաջին անգամ՝ 2020թ․ դեկտեմբերին, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ պետդեպարտամենտին՝ խնդրելով վերանայել դեսպանի դիվանագիտական գնահատականը՝ հաշվի առնելով 15 ոլորտներում նրա ձախողումները։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Յերիմյանը, IT պատասխանատու Ներսես Սեմերջյանը և ծրագրերի պատասխանատու Ալեքս Մանուկյանը, Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ մայիսի առաջին կեսին, մեկշաբաթյա փաստահավաք առաքելությամբ, գտնվում էին Արցախում՝ հանդիպումներ ունենալով կառավարական պաշտոնյաների, հումանիտար առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցի հիմնական նպատակն էր փաստահավաք աշխատանքով նախապատրաստվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի շահերի պաշտպանությանը 2023թ․ ֆիսկալ տարվա և 2023թ․ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի շրջանակներում։ Այս առումով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սերտորեն աշխատելու է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի հետ։

Արցախ այցելության առթիվ Թերեզա Յերիմյանը նկատել է․ «Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավոր առաջնահերթություններն են։ Մենք արժևորում ենք կառավարական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպումները՝ անմիջապես սկզբնաղբյուրից հասկանալու Արցախի մարտահրավերները՝ վերջինիս շահերի պաշտպանությանն ուղղված առավել արդյունավետ աշխատանքներ տանելու համար։ Մենք շարունակելու ենք աշխատել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու և Արցախին օժանդակություն ապահովելու համար»։

Հայ դատի համակարգի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ, քննարկել Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, 907-րդ բանաձևի շուրջ ներամերիկյան զարգացումները, Կոնգրեսում ի նպաստ Արցախի տարվող աշխատանքը և Հայկական իրավական կենտրոնի կողմից հայ ռազմագերիների ազատության ուղղությամբ տարվող աշխատանքը։

Հաշվի առնելով թուրք-սիրիական սահմանագոտում թուրքական կառավարության՝ սադրանքներ հրահրելու փորձերը, մայիսի 26-ին հայտարարությամբ է հանդես եկել հայկական (Հայ դատի հանձնախումբ), հունական, քրդական և այլ կազմակերպություններից կազմված կոալիցիան, որն ԱՄՆ կառավարությանը կոչ է արել Թուրքիային զսպելու համար կիրառել համապատասխան պատժամիջոցներ։

Եվրոպա

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ մայիսի 2-6 կայացել է ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի այցը Ստրասբուրգ և Բրյուսել։ Ստրասբուրգում Խաչատրյանը և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանի շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախի հիմնախնդիրը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականությունը, Արցախում չդադարող ռազմական սադրանքները, հոգեբանական տեռորը և մարդասիրական աղետի ստեղծումը, որի նպատակն Արցախի հայաթափումն է։ Արթուր Խաչատրյանը զրուցակիցներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումների մասին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին։ Զրուցակիցների խնդրանքով Խաչատրյանը ներկայացրել է ընդդիմության մոտեցումները Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ՝ կարևորելով Արցախի ժողովրդի  ազատ ինքնորոշման իրավունքի հարգումը և Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի բացառումը։ Պրն․ Խաչատրյանը նաև զրուցակիցներին ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և վերջին զարգացումները՝ բարձրաձայնելով ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը։

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախօրեին Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ ի թիվս այլնի հայտարարելով, որ Եվրամիության միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անկյունաքարային կետ լինի․ հետևաբար Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին։ Եվրոպական Միությունը պետք է օգտագործի իր բոլոր լծակները ազդելու Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականության վրա և կանխի Արցախի հայ ազգաբնակչության էթնիկ զտումը։ Ադրբեջանը չի կարող Արցախի ժողովրդին խաղաղություն պարտադրել, որը վերջին հաշվով նրա ոչնչացումն է նշանակում իր իսկ հազարամյա հայրենիքում։

Հաշվի առնելով վերոնշյալ հանդիպման վերաբերյալ Շ․ Միշելի կողմից հրապարակված հայտարարությունում առկա խիստ անընդունելի ձևակերպումները՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ստիպված է եղել հանդես գալ նոր հայտարարությամբ՝ նկատելով, որ Միշելի միջնորդությունը պետք է հիմնվի հետևյալ փաստերի և հանգամանքների վրա.

  • ԵՄ-ի և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտին, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների, և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը»՝ որպես երեք հիմնական սկզբունքներից մեկը։
  • Բաքվի ցանկացած անմիջական վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անխուսափելիորեն նշանակում է դրա հազարամյա բնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ուստի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պետք է արտացոլվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ​​կամքի ժողովրդավարական արտահայտմամբ, առաջնային է բնակչության երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովման և հայրենիքում ապրելու իրավունքի երաշխավորման համար։
  • Տրանսպորտային/հաղորդակցական կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի՝ հարգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նոր հակամարտության համար հիմքեր ստեղծելու ցանկացած հնարավոր ռիսկ պետք է բացառվի։
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը չեն կարող կատարվել ուժի կիրառման հետևանքով և չպետք է իրականացվեն հապճեպ՝ առանց հաշվի առնելու դրա բոլոր հետևանքները։
  • Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայատյացության պետական ​​քաղաքականության բոլոր դրսևորումները։
  • Հետևելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ մի շարք անդամ երկրների խորհրդարանների բանաձևերին՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նաև ՀՀ կառավարությունից է ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը։

Ավստրալիա

Արցախի Հանրապետության դրոշը մայիսի 9-ին բարձրացվել է Ավստրալիայի Ռեյդ քաղաքի քաղաքային պուրակում՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի պայքարի, իսկ մայիսի 28-ին էլ մայրաքաղաք Կանբերայի հոռուստաաշտարակը քաղաքային իշխանությունների կողմից գունավորվել էր ՀՀ պետական դրոշի գույներով՝ ի պատիվ ՀՀ անկախության հռչակման 104-րդ ամյակի։

Հունաստան

­Նախորդ տարվա նոյեմբերին Թեսաղոնիկեի հանրային տրանսպորտի վրա Շուշին իբրև ադրբեջանական քաղաք ներկայացնող պաստառների սադրանքից հետո, որը կարճ ժամանակում վերացվեց Հայ դատի հանձնախմբի ջանքերով, ադրբեջանական նույն կազմակերպությունը ան­գամ ևս փոր­ձել է իր ներ­կա­յու­թյու­նը զգացնել տալ՝ այսպես կոչված հույն-ադրբեջանական բարեկամությանը նվիրված երեկույթ կազմակերեպելով՝ համագործակ­ցելով «Նախ­կին ­Խորհր­դա­յին ­Միու­թյունից ար­տա­գաղ­թած հույն-պոն­տա­ցի­նե­րի միու­թյան» հետ։ Հու­նա­կան մա­մու­լի մեջ տեղ գտան հրապարակումներ, ո­րոնք դա­տա­պարտե­ցին այս գոր­ծակ­ցու­թյու­նը՝ հա­տուկ նշելով ­Թե­սա­ղո­նի­կեի Ամ­պե­լո­քի­փի  քաղա­քա­պե­տի մա­սին, ով ան­տե­սե­լով պոն­տա­ցի ժո­ղո­վր­դի կրած ող­բեր­գու­թյու­նը թրքական բար­բա­րոսու­թյան հե­տևան­քով, քա­ղա­քի մշա­կու­թա­յին կենտ­րո­նի սրա­հը տրա­մադ­րել էր ադրբեջանական կազմակերպությանը։ ­Նաև հարց էր առաջանում, թե ինչպես պոնտական միությունը, որի ազգային ողբերգությունը դեռևս վերականգնված չէ, համարձակվում էր համագործակցել ադրբեջանական կազմակերպության հետ։
Ամ­պե­լո­քի­փի  քա­ղա­քա­պետ ­Լա­զա­րոս ­Քի­րի­զող­լուն հայտարարությամբ բացատրեց, որ սրահի տրամադրումը ե­ղել է միայն պոն­տա­կան միու­թյանը և ադրբեջանական գործոնի մասնակցության մասին խոսք չի եղել։

Հայ դատի հանձնախմբի գործադրած ջանքերի արդյունքում հիշյալ միջոցառման ժամանակ ադրբեջանական ելույթը չեղարկվել է, իսկ քաղաքապետը մայիսի 8-ին ­Թե­սաղո­նի­կեի Ս. Աս­տվա­ծա­ծին ե­կե­ղե­ցում, ա­պա ­Տեր­-Զա­քա­րյան սրա­հում մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքի շնորհանդեսին և կրկին բացատրել խնդրի եղելությունն ու հաստատել իր պոնտական ծագումը, ինչպես նաև անվերապահ զորակցություն հայտնեց Հայ դատի հանձնախմբին։

Կիպրոս

Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի հրավերով մայիսի վերջին Կիպրոս է մեկնել Արցախի խորհրդարանական պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ։ Արցախի պատվիրակությունը Կիպրոս է մեկնալ բավական ծավալուն օրակարգով՝ մասնակցել Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրության օրվան նվիրված միջոցառմանը, հանդիպել Կիպրոսի իշխանական ՏԻՍԻ կուսակցության ղեկավարության հետ, հանդիպել Եվրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստա Մավրիտեսի հետ։ Մայիսի 31-ին պատվիրակությունն այցելել է Նարեկ վարժարանների տնօրինությանը։

Իրան

Հայ դատի Թեհրանի հանձնախմբի նախաձեռնությամբ մայիսի 10-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, կազմակերպվել էր բանախոսական-գեղարվեստական երեկույթ՝ ոչ հայ լսարանի համար։ Երեկույթի ընթացքում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի ներկա մարտահրավերների մասին ելույթներ են ունեցել ինչպես հայ այնպես էլ իրանցի գործիչներ։ Միջոցառմանը մասնակցել են  Իսլամական խորհրդարանում զրադաշտների պատգամավորը, ասորիների ներկայացուցիչը, իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության կրոնական փոքրամասնությունների և հարակից բաժինների ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Իրանում ԻԿՕՄ-ի նախագահը, ԹՀԹ պատգամաւորական ժողովի, թեմական խորհրդի ատենապետներ, «Ալիք» հաստատության և ազգային մարմինների, միությունների ու կառույցների ներկայացուցիչներ, Իրանի քաղաքական ու մտավորական շրջանակներ և մեծ թվով լրագրողներ։

Սիրիա

Հայ դատի Սիրիայի հանձնախումբը մայիսի 6-ին և 28-ին տարածել է հայտարարություններ՝ համապատասխանաբար քննադատելով ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ինչպես Հայաստանի ներքին կյանքում, այնպես էլ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում, և շնորհավորելով հայ ժողովրդին Հայաստանի անկախության վերականգման հերթական տարեդարձի կապակցությամբ։

Նոր Զելանդիա

Հայ դատի Նոր Զելանդիայի հանձնախումբը մայիսի 11-ի հայտարարությամբ քննադատության է ենթարկել Վելինգթոնի քաղաքային խորհրդին, քանի որ վերջինս չէր արտոնել ակտիվիստ Ռիչարդ Նոբլին Աթաթուրքի արձանի առջև բողոքի ակցիա իրականացնել Նոր Զելանդիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման առիթով։ Հայ դատի հանձնախումբը կատարվածը համարել է Նոր Զելանդիայի տեղական իշխանության վրա թուրքական ազդեցության արդյունք։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

01.05.2022 թ.