Ամփոփագիր, հոկտեմբեր 2021թ․

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի, ՀՀ ԳԱԱ Պատմության  և Արևելագիտության ինստիտուտների և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի համակազմակերպմամբ՝ հոկտեմբերի 19-21-ը Երևանում անցկացվեց «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողով՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին։

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակը, մասնավորապես խստորեն դատապարտել է Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնի և Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի խնդրահարույց հայտարարությունները։ Գրասենյակը արձանագրել է,     որ ադրբեջանական կողմը, միջազգային սաստկացող ճնշումների և վերահաս պատժի անխուսափելիության հեռանկարի ֆոնին, ձեռնամուխ է եղել իր արարքների միջազգային լեգիտիմության պատրանքի ձևավորմանը` այդ գործում փորձելով ներառել հնարավորինս հնչեղ անուններ։ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակը միջազգային ամենատարբեր գործընկերներից և հոգևոր կառույցների պետերից ակնկալում է՝ իրենց իրավասությունների սահմաններում կանխել կարևոր հանգամանքներ զբաղեցնող անձանց ներգրավումն ադրբեջանական քարոզչամեքենայում։

 

Ամերիկայի Միացյալ նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործողությունների արդյունքում և Կոնգրեսմեն Ջիմ Կոստայի առաջնորդությամբ մի խումբ կոնգրեսականներ դիմել են նախագահ Բայդենին՝ Հայաստանին 5 մլն դեղաչափ պատվաստանյութ տրամադրելու համար, որպեսզի երկիրը կարողանա մեղմել համավարակի հետևանքները։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը  ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովներին կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտի և հարակից գործակալությունների նկատմամբ գործադրել կոնգրեսական վերահսկողության միջոցներ և հետաքննել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի և տարաշաշրջանային քաղաքականության համակարգային անհաջողությունները։ Համապատասխան գրությունը Հոկտեմբեր 7-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ Գրեգ Միքսին և առանցքային այլ հանձնաժողովների անդամներին է ուղարկել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ  Րաֆֆի Համբարյանը։ Հետաքննության արդյունքում պետք է կվերանայվի ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վարքագիծը՝ Հայաստանի հետ հարաբերություններում։

Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին հավանություն է տվել Արցախի ականազերծման ծրագրերի օժանդակմանը՝ 2022թ․ ֆիսկալ տարվա համար։

Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախումբը հոկտեմբերի 23-ին անցկացրել է ամենամյա ավանդական գալլա ընթրիք, որին մասնակցել են համայնքային կյանքում և հայության շահերի պաշտպանության գործում ակտիվություն դրսևորած հարյուրավոր մարդիկ։ Ընթրիքի ընթացքում կայացել է նաև մրցանակաբաշխություն և անցնող տարվա ընթացքում Հայ դատի պաշտպանության գործում կարևոր արդյունք արձանագրած գործիչները պարգևատրվել են։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և ԱՄՆ-ում գործող հունական, քրդական, հնդկական և մերձավորարևելյան կազմակերպությունները, հոկտեմբերի 28-ին համատեղ դիմել են ԱՄՆ Սենատի ղեկավարությանը՝ կոչ անելով արգելանք դնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F16 կործանիչների վաճառքի ծրագրի վրա։

 

Կանադա

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը ուրախությամբ տեղեկացնում է, որ Հայ դատի հանձնախմբի ջերմ բարեկամներ Մելանի Ջոլին և Մարի Էնջին նշանակվել են համապատասխանաբար Կանադայի արտաքին գործերի և տնտեսական բլոկի նախարարներ։ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է օգտագործել իր քաղաքական հարաբերությունների ամբողջ ներուժը՝ Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման և հայության շահերի պաշտպանության գործում։

Հայ դատի Կանադայի հանձնախումբը հաղորդում է, որ կանադական Telemus Systems ընկերությունը հայտարարել է իր սնանկացման մասին։ Սա այն ընկերությունն է, որի տեսանկարահանման և կրակի կառավարման համակարգերը կարևոր նշանակություն են ունեցել թուրքական «Բայրակթար» անօդաչուների արդյունավետության համար։ Անօդաչուների կիրառումից անմիջապես հետո, ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի ջանքերով կանադական կառավարությունը դադարեցրել է Թուրքիային ռազմական նշանակության արտադրանքի վաճառքը, ինչի արդյունքում էլ, փաստորեն, հիշյալ ընկերությւոնը սնանկացել է։

 

Եվրոպա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը հոկտեմբերի 26-ին հայտարարություն է տարածել, որով խստիվ դատապարտել է հայտնի թուրք իրավապաշտպան Օսման Քավալայի անօրինական ձերբակալությունը։ Կարապետյանն անընդունելի է համարել առանց դատական քննության Քավալային ահաբեկիչ անվանելու Էրդողանի քայլը և եվրոպական ղեկավարությանը կոչ արել վերջ տալ Թուրքիայում քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ հետապնդումների հարցում լռությանը։

 

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի քաղաքական հետաքրքրությունների շրջանակում գտնվող առանցքային հարցեր են քննարկվել Ավստրալիայի Խորհրդարանում, հոկտեմբերի երկրորդ կեսին։ Մասնավորապես, Արցախյան հիմնախնդրին են անդրադարձել խորհրդարանականներ Ջոն Ալեքսանդրը և Ջոել Ֆիցգիբոնը, ով Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարարն է և Հայաստան-Ավստրալիա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը։ Վերջինս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունների դեմ Ավստրալիայի կողմից հասարակական և պետական արձագանքի անհրաժեշտության մասին։ Ջոն Ալեքսանդրն էլ իր հերթին խորհրդարանին տեղեկություններ է ներկայացրել Արցախի վրա ադրբեջանական նախկին և հընթացս հարձակումների վերաբերյալ։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից նաև հաղորդում են, որ սենատոր Պետեր Վիշ Վիլսոնը հանդես է եկել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ֆեդերալ մակարդակով ճանաչման կոչով։

 

Լիբանան

Քաղաքական-հարաբերական աշխատանքների շրջանակում ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 6-ին, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի առաջին տարելիցի առթիվ, նամակներ է հղել Լիբանանում հավատարմագրված՝  ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահ երկրների և ԵԱՀԿ-ն նախագահող Շվեդիայի և այլ երկրների դեսպանություններին։ Ի թիվս այլնի՝ բարձրաձայնվել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության համապարփակ կարգավորման գրավական։

Նույն աշխատանքների շրջանակում Հայ դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լիբանանում Շվեդիայի դեսպանության առաջին քարտուղարի հետ։ Հայ դատի մարմնի ներկայացուցիչներն ընդգծել են Արցախյան հիմնախնդրի՝ լուծված չլինելու հանգամանքը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության և Հելսինկիի Եզրափակիչ ակտի խախտումները, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի աշխուժացման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։

 

Հայկական իրավական կենտրոն (ALC)

Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։ Դրանք վերաբերում են թվով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերության մեջ։ ALC-ն, համագործակցելով Երևանում գործող «Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնի» հետ, հիմնավոր ապացույցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից  նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադեպեր են, և Ադրբեջանը պարտավոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Միջազգային իրավունքի համաձայն՝ «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական հանցագործություն է, և որպես այդպիսին՝ այն տևում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի և գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվել։ ALC-ի ներկայացրած այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլև խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի համատարած հարձակումների դեպքերը:

Իրավական այս գործողությունների նպատակն է նաև ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին և մինչ այժմ չի ճանաչել նրանց գերությունը և այդ տեղեկությունները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:

 

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

01.112021 թ.