Ամփոփագիր, հունվար 2022թ․

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

(հունվար 2022թ.)

Հայ դատի Կենտրոնական խորհուրդ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական խորհուրդը, հաշվի առնելով ՀՀ վարչապետի կողմից հունվարի 24-ի հարցազրույցում հնչեցված անհիմն պնդումները, հանդես է եկել հայտարարությամբ՝ հանգամանալից անդրադառնալով խնդրո առարկա հարցազրույցում տեղ գտած Հայ դատին, Հայոց ցեղասպանությանն ու Արցախյան հիմնախնդրին վերաբերող խեղաթյուրումներին։ Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանին և Արցախյան հիմնախնդրին վերաբերող իրավաքաղաքական շեշտադրումներն ընդգծելուց բացի, Կենտրոնական խորհուրդը նկատել է, որ ՀՀ իշխանությունները, փոխանակ օգտվելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական կողմի դիրքերն ամրապնդող օբյեկտիվ հանգամանքներից, ամբողջապես տրվել են ադրբեջանա­թուրքական թեզերի ամոթալի կրկնությանը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում բավարարել են թուրքական հայտնի նախապայմանները։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ադրբեջանին և Թուրքիային ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելուն  միտված աշխատանքների շրջանակում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համագործակցաբար հունական, հնդկական, քրդական համայնքային, ինչպես նաև քրիստոնեական կազմակերպությունների հետ, աշխատանք է տարել Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքը կանխելու ուղղությամբ։ Մասնավորապես, հիշյալ կազմակերպությունները համապատասխան արշավով դիմել են Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով միանալ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և հունական խմբի համանախագահ Գուս Բիլիրակիսի երկկուսակցական գրությանը, որը Բայդենի վարչակարգին կոչ է անում դադարեցնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի ծրագիրը։ Իբրև հիմնավորումներից մեկը նշվել է, որ Թուրքիան ամերիկյան ռազմական տեխնոլոգիաները լայնորեն կիրառել և պատերազմական հանցագործություններ է գործել Արցախում, Սիրիայում և Իրաքում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ուշադիր հետևում է հունվարի երկրորդ կեսից բռնկված սկանդալին, որի կիզակետում Կոնգրեսի ադրբեջանական խմբի համանախագահ Հենրի Քյուլերն է, որը Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից (FBI) կասկածվում է կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ։ Հատկանշական է, որ այս գործի հանրայնացումից անմիջապես հետո ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը շտապել էր հեռանալ Միացյալ Նահանգներից։

Եվրոպա

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և Բելգիայում ՀՀ դեսպանատան համատեղ ջանքերով հունվարի վերջին եռօրյա աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Այցի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ն ունեցել է մի շարք հանդիպումներ Եվրամիության և Բելգիայի Թագավորության գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ իրազեկելով Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից 2020թ․ սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ կարևոր հարցերի, հանգամանորեն ներկայացվել են փաստեր Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ, որն արդեն տասնամյակներ շարունակ ակտիվորեն խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով և արմատացած է նաև կրթության և մշակույթի ոլորտներում։ Փաստվել է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև հայ գերիների խոշտանգումներն, ըստ էության, ոչ թե առանձին երևույթներ են, այլ համակարգային, այլատյաց պետական քաղաքականության դրսևորումներ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, հետևելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վիրավորական պնդումներին, հունվարի 18-ին դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ կոչ անելով հստակ դիրքորոշում հայտնել անպատժելիությունից դրդված Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի նկատմամբ։ Գրասենյակը նկատել է՝ ադրբեջանական ավտորիտար ռեժիմի ղեկավարի վերջին ագրեսիվ հայտարարություններն անհարգալից և ապակառուցողական վերաբերմունք է նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նկատմամբ։ Հայ դատի գրասենյակը նաև ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը և լարվածություն  ստեղծում Հայաստանի Հանրապետության հետ շփման գծում՝ անօրինական ներխուժումներով Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական բանակը թիրախավորում է նաև Արցախի Հանրապետության բնիկ հայ բնակչությանը՝ ստեղծելով վախի մթնոլորտ։

Մեծ Բրիտանիա

Հունվարի երկրորդ կեսին հայությանը հետաքրքրող հարցեր են քննարկվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Նախ հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում ներկայացրել է 2021թ․ հոկտեմբերին Հայաստան կատարած իր հերթական այցի արդյունքները՝ Արցախում և Հայաստանի հարավում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պատերազմի ընթացում և դրանից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։ Ապա լեյբորիստ խորհրդարանական և Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆերյալ Քլարկը Միացյալ Թագավորության կառավարությանը հայտարարությամբ կոչ է արել վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը նամակով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահությունը ստանձնած երկրի և Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Լիբանանում հավատարմագրված դեսպաններին։ Հայ դատի մարմինը հանգամանորեն անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ Ալիևի վերջին վիրավորական արտահայտություններին և նկատել՝ համավարակը և բազմաթիվ պետությունների միջև լարվածության աճը դժվարին իրավիճակում է դրել Եվրոպային և ամբողջ աշխարհը, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է սպառնալ միջազգային անվտանգությանն ու տարածաշրջանային համակեցությանը՝ անպատիժ մնալով Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարած ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների համար։

Եգիպտոս

          ՀՅԴ Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը տեղեկացնում է՝ առաջիկայում Կահիրեում կայանալու է «Հայերը Նեղոսի ափերին» գրքի շնորհանդեսը։  Եգիպտացի   ուսումնասիրող  Մաժեթ Իզաթ  Իսրայիլի  հեղինակած  և հինգ գլուխներից բաղկացած գիրքն անդրադառնում է հայերի ներկայությանը Նեղոսի ափերին, նրանց կյանքին, Եգիպտոսի հայ համայնքի արմատներին, հայոց կոտորածներին ու գաղթերին,  նաև հայերի քաղաքական-հասարակական կյանքին։

Աշխատությունը նաև  լույսի տակ է առնում թե ինչպես հայերը քաղաքական պաշտոններ են զբաղեցրել հատկապես Պատր Ալ Դին Ալ Ժամալիի օրոք․ Եգիպտոսում Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում՝ Մուհամմեդ Ալի փաշայի օրերին, ինչպես նաև երկու համաշխարհային պատերազմների տարիներից մինչև օրս։

Ավստրալիա

          Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հունվարի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները խափանելու վերաբերյալ, շեշտելով Մինսկի խմբի գործընթացին պաշտոնական Կանբերայի համերաշխության մասին։

Հունվարի 24-ին Ավստրալիայի լիբերալ-երիտասարդական շարժումը միաձայն անցկացված բանաձևով ընդունել է 1915թ․ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Լիբերալ երիտասարդական շարժումը Ավստրալիայի Լիբերալ կուսակցության երիտասարդական թևն է։ Այդ կուսակցությունը երկրի երկու  խոշոր կուսակցություններից մեկն է և ղեկավարվում է վարչապետ Սքոթ Մորիսոնի կողմից։

Իրան

ՀՅԴ Հայ դատի Թեհրանի հանձնախումբը հունվարի 4-ին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին։ Հանձնախումբը ընդգծել է՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցը համազգային թեմա է, որի քննարկումը և հավանական կարգավորումը կարող է կայանալ բացառապես համազգային մակարդակով:

 

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

02.022022 թ.