Ամփոփագիր, ապրիլի 15-30, 2022թ․

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ապրիլի երկրորդ կեսին ընդունելություն է հայտարարել «Լոե Սարգսյան» կրթական ծրագրի համար՝ նպատակ ունենալով բարձրացնել ամերիկահայ երիտասարդների համայնքային հետաքրքրությունների մակարդակը և նրանց փոխանցել քաղաքական հիմնարար գիտելիքներ։

Ապրիլի 21-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ղեկավարները Լոս Անջելեսում մեծարման երոկո են կազմակերպել  հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջամարտիկ, հայանպաստ բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ և պաշտպան սենատոր Ռոբերտ Մենենդեսի պատվին, որը ներկայումս ղեկավարում է Սենատի առանցքային՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։

Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանության դասավանդման համար Կոնգրեսի գրադարանին 10 միլիոն դոլար հատկացնելու նախագիծը, որն առաջ էր մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից։ Վերջինիս ջանքերով Ներկայացուցիչների պալատի առավել քան հիսուն անդամներ միացել էին նախաձեռնությանը, որը ներկայացվել էր կոնգրեսականներ Ք․ Մալոնիի և Գ․ Բիլիրակիսի կողմից։

Օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է տասը միլիոն դոլարի հատկացում Կոնգրեսի գրադարանին՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Օսմանյան Թուրքիայում պետական բարձրագույն մակարդակում ծրագրված և իրականացված զանգվածային սպանությունների, տեղահանության, մշակութային բնաջնջման, ինչպես նաև հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեացիների և մարոնիտների աքսորի վերաբերյալ ամերիկացիներին կրթելու համար։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության մասին ամենամյա ուղերձի առիթով հայտարարություն էէ տարածել՝ մասնավորապես նշելով․ «Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ամերիկահայերն ակնկալում են Միացյալ Նահանգներից կոնկրետ քայլեր՝ Հայոց ցեղասպանության համար արդարություն ապահովման և երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար, որը բխում է Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական սպառնալիքներից և հարձակումներից»։ Անդրադառնալով նախագահ Բայդենի հայտարարությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Նախագահ Բայդենը, Կոնգրեսին առաջին անգամ միանալուց և Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելուց հետո, հաստատել է ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին։ ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող օգնությունը նյութապես ուժեղացնում և բարոյապես քաջալերում է նավթով հարուստ բռնապետական դժոխքը, որը հակված է ավարտին հասցնելու ցեղասպանությունը հայկական պետության նկատմամբ։ Նախագահ Բայդենի գրառումը, ցավոք, արտացոլում է ցեղասպանության ճանաչման տատըը, բայց ոչ իրական ոգին։ Ոչ մի առարկայական ճնշում Թուրքիայի վրա՝ հաշվի առնելու իր այսօրվա պարտականությունները, ոչ մի հակազդեցություն Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական բռնությանը, ոչ մի ուժային հակազդեցություն Անկարայի կողմից այս հանցագործության շարունակական ժխտման նկատմամբ, ոչ մի ակտիվ աջակցություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կրթական ծրագրերին: Նա կարող է և պարտավոր է ավելին անել»։

Ապրիլի 27-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի՝ կառավարության հետ կապերի պատասխանատու Թերեզա Երիմյանը Կոնգրեսին է ներկայացրել 2023թ․ ֆիսկալ տարվա շրջանակներում Հայ դատի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթությունները, որոնք վերաբերում են Հայաստանին և Արցախին ամերիկյան ֆինանսական օժանդակության շեշտակի ավելացմանը և Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության կասեցմանն ու «907-րդ բանաձևի» պահանջների կատարմանը։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թվով 46 անդամներ ապրիլի 28-ին նամակով դիմել են հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին, որպեսզի վերջիններս դիմագրավեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարուցված հումանիտար և անվտանգային ճգնաժամերը։ Այս երկու ուղղությունները Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից են, որոնց իրականացման համար տևական ժամանակահատված աշխատանք է իրականացվում նաև ԱՄՆ-ում գործող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների ներգրավմամբ։

Երկկուսակցական նամակում, օրենսդիրները, Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջնորդությամբ, բարձրաձայնել են, որ Արցախի ժողովուրդը շարունակում է բախվել ծանր դժվարությունների, որոնք առաջացել են ինչպես 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի, այնպես էլ անմեղ քաղաքացիների դեմ մինչ օրս շարունակվող սադրանքների պատճառով և, որ Արցախին հատկացվելիք 50 միլիոն դոլարի օժանդակությունը «կօգնի հայ փախստականներին տրամադրել օգնություն, բնակարան, պարենային անվտանգություն, առողջապահություն, վերականգնում և ականազերծում, ինչն անհրաժեշտ է իրենց համայնքները վերականգնելու, իրենց կյանքը վերակազմակերպելու համար»:

Ապրիլի վերջին շաբաթների ընթացքում ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել «907-րդ բանաձևի» մասով։ ԱՄՆ պետքարտուղար Էնթնի Բլինքենը, պատասխաելով սենատոր Մենենդեսի և կոնգրեսմեն Շերմանի հարցումներին, հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը ներկայումս վերանայում է «907-րդ բանաձևի» պահանջների չեղարկման գործընթացը։ Վերջին շուրջ քսան տարիների ընթացքում, ԱՄՆ նախագահները, տարվա այս ժամանակահատվածում, ստորագրում էին «907-րդ բանաձևի» պահանջների չեղարկման որոշումը, ինչը հնարավորություն էր տալիս ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին։ Հայ դատի Ամերիկայի հաձնախումբը շարունակելու է ծավալուն աշխատանքներ իրականացնել, որպեսզի «907-րդ բանաձևի» պահանջները կատարվեն և Ադրբեջանը զրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։

Ապրիլի 27-ին ԱՄՆ Կոնգրեսում, համակազմակերպմամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախմի, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառում։ Որպես կանոն նման միջոցառումներ անցկացվում են ամեն տարի, սակայն համաճարակով պայմանավորված, վերջին երկու տարիներին չէին անցկացվել։ Ձեռնարկին իրենց մասնակցությունն են բերել առավել քան երկու տասնյակը գերազանցող կոնգրեսականներ, ակադեմիական ու քաղաքական գործիչներ։

Ուրուգվայ

Ուրուգվայի Խորհրդարանի և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի համակազմակերպմամբ, ապրիլի 26-ին, Ուրուգվայի խորհրդարանում տեղի ունեցավ շուրջ 20 տարի ավանդաբար անցկացվող Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին երկրի նախագահ Լուիս Լագաժո Փոուն, փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը, խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը,  բազմաթիվ նախարարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման օրվա առթիվ ելույթ ունեցան Խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը, Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի կողմից՝ Գաբրիելա Մուժուքյանը։ Ներկաներին տեսաուղերձ էր հղել Հայաստան-Ուրորգվայ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, բարձր գնահատելով Ուրուգվայի կեցվածքը, մասնավորապես նշեց․ «Այսօր, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն իսկ իրողություն է, առանձնակի ակնածանքով ենք հիշում 1965-ին Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Դրանով Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որ համընդհանուր մոռացության միջից արդարության ձայն հնչեցրեց և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Մեր ժողովրդի հուշերում  ու հոգեկերտվածքում Ուրուգվայն ընկալվում է իբրև իրական և անշահախնդիր բարեկամ»։

Կանադա

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ՝ Հայ դատի Կանադայի հանձնախումբը հսկայածավալ աշխատանք է իրականացրել՝ Հայոց ցեղասպանության խնդիրը Կանադայի պետական-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում պահելու համար։ Նախ, ապրիլի 21-ին Կանադայի հայ համայնքին զորակցության նամակ է հղել կանադա-հունական կոնգրեսական կազմակերպությունը, ապրիլի 24-ին կանադահայ համայնքին զորակցության ուղերձներ հղեցին և Հայոց ցեղասպանությունը դատապարտեցին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, ինչպես նաև կանադական ընդդիմության առաջնորդ և պահանողական կուսակցության ղեկավար Քանդիս Բերգենը։ Օրեր անց խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթ է ունեցել Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Բրայան Մեյը։

Եվրոպա

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը՝ մասնավորապես նշելով․ «Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և մատուցում հարգանքի տուրք։ Ցավոք, 107 տարի անց ցեղասպանության հետևանքները շարունակում են վտանգել հայության հավաքական գոյությունը, ինչպես նաև խաթարել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Գրեթե մեկ դար անց, ողջ Արևմտյան Հայաստանի կորստից հետո, մենք կրկին կանգնած են հայրենազրկման լրջագույն վտանգի առաջ։

Թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի թիրախն Արցախն է՝ մեր հայրենիքի այն հատվածը, ուր մեր արմատներն ունեն 3000 տարվա պատմություն, ուր հայոց ինքնիշխանությունը կանգուն է եղել նույնիսկ ամենադժվարին ժամանակահատվածում։ Սակայն հստակ է, որ ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս թուլացնելն է։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ անպատիժ մնալու դեպքում ոճրագործը կրկնում է իր արարքը։ Թուրքիայի իշխանությունները ոչ միայն շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլն նաև 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց գործուն մասնակցությունն ունեցան Ադրբեջանի կողմից Արցախում բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու մեջ»։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը ապրիլի 24-ին խորը մտահոգություն է հայտնել առ այն, որ երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, ով մինչև վարչապետ դառնալը քանիցս հրապարակայնորեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, իր ապրիլքսանչորսյան ուղերձում խուսափել է օգտագործել ցեղասպանություն տերմինը, թեև կոտորածները բնորոշել է իբրև ժամանակակից պատմության մեծագույն հանցագործություններից մեկը:

Ավստրալիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչմանն են միացել ընդհանուր առմամբ շուրջ քսան խորհրդարանականներ, ապրիլի 26-ին տեղի է ունեցել առցանց միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմող զոհերի հիշատակին։

Ապրիլի 26-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի որոշմամբ Ռայդում բարձրացվել է Արցախի Հանրապետության դրոշը՝ ի համերաշխություն քույր քաղաք Ստեփանակերտի։ Ռայդում նաև ապրիլի 30-ին ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Կիպրոս

Ապրիլի 27-ին Արցախի բարեկամների Կիպրոսի խմբին է միացել կիպրոսյան բնապահպանական կուսակցության նախագահ, խորհրդարանական Խարալամպոս Թեոպեմբդուն։ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն հայտնելով խմբի նոր անդամին՝ պատրաստակամություն է հայտնել վերջինիս հետ, Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ, համատեղ աշխատանքներ իրականանցել։

Բելգիա

Ապրիլի 26-ին վանդալիզմի էր ենթարկվել Բրյուսելի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը։ Այդ առիթով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի կենտրոնական և Բելգիայի հանձնախմբերը տարածել են համատեղ հայտարարություն՝ Եվրոպական Միության ղեկավարությունից և Բելգիայի կառավարությունից պահանջելով անմիջապես և միանշանակորեն դատապարտել հակահայկական սարսափելի արարքը, անմիջապես կասեցնել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը, Բելգիայում և ԵՄ ամբողջ տարածքում իրականացնել հետաքննություն՝ բացահայտելու համար թուրքական ծայրահեղական ցանցերը, ինչպես նաև Բելգիայում ընդունել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենք։

Հայոց ցեղասպանության հուշարձանի վանդալիզմը լայնորեն քննարկվել է Բելգիայի հասարակական-քաղաքական շրջանակներում։ Ապրիլի 29-ին հանցագործությանն անդրադարձել ու այն կառավարության անունից դատապարտել է Բելգիայի փոխվարչապետը։ Նույն օրը, Բելգիայում Արցախի հետ բարեկամության ֆլամանախոս խմբի անդամները այցելել են Հայոց ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերին ու անգամ ևս դատապարտել վանդալիզմի դրսևորումը։

Մեծ Բրիտանիա

Ապրիլի 24-ին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը, որին ներկա են եղել խորհրդարանականներ Ռուպա Հուքը և Ջեյմս Մուրայը, Լոնդոնի Իլինգ շրջանի խորհրդի անդամ Պետեր Մասոնը և պաշտոնաթող խորհրդարանական Ստեփան Փաունդը։ Միջոցառումը կազմակերպվել էր եղել Մեծ Բրիտանիայի Հայկական համայնքի խորհրդի և դեսպանատան կողմից։

Հայոց ցեղասպանության հիշատակության օրվա առթիվ հայ ժողովրդին տեսաուղերձ է հղել նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Մերձավոր Արևելք

ՀՅԴ Հայ դատի Մերձավոր Արևելքի մարմինը, ՀՅԴ Հայ դատի՝ Արաբական երկրներում գործող հանձնախմբերի անունից, Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առթիվ, հայտարարություն է տարածել՝ ընդգծելով թուրքական վայրագությունները ինչպես ցեղասպանության տարիներին, այնպես էլ արդի ժամանակահատվածում։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Արցախում էթնիկ զտումների, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և պատկանելության խեղման հանցագործ քաղաքականությանը։

Լիբանան

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումների առթիվ ՀՅԴ Հայ դատի Լիբանանի հանձնախումբը այցելել է Բքերքե, ուր հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի առջև՝ ներկայությամբ հայ կաթողիկե համայնքի Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ Ասատուրյանի և մարոնիտների պատրիարքի տեղակալ Պուլոց Սայեահ եպիսկոպոսի։ Դրան հաջորդել է հանձնախմբի հյուրընակալությունը հոգևոր հայրերի կողմից, որտեղ ծավալուն անդրադարձ է կատարվել հայության շուրջ սստեղծված իրավիճակին և Թուրքիայի դերակատարությանը։

Սիրիա

Հայ դատի Սիրիայի հանձնախմբի և Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանի սաների կողմից Դամասկոսում ապրիլի 24-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման երեկո, որն ուղեկցվել է մշակութային ներկայացումներով և քաղաքական ելույթով՝ Հայ դատի Սիրիայի հանձնախմբի նախագահ Ծերուն Գահուճյանի կողմից, ով իր ելույթում, ի թիվս այլնի, ներկայացրել է Թուրքիայի ցեղասպան քաղաքականության արդի դրսևորումները։

Հայ դատի Սիրիայի հանձնախմբի կազմակերպմամբ՝ ապրիլի 29-ին տեղի է ունեցել «Հայ դատն ու հայ երիտասարդը» խորագրով խորհրդաժողով, որին մասնակցել են հալեպահայ թվով տասնհինգ միություններ և կազմակերպություններ։

Եգիպտոս

Ապրիլի երկրորդ կեսին Եգիպտոսի նախագահի բարձր հովանու ներքո Կահիրեում անցկացվել է գիտաժողով՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին։ Գիտաժողովին մասնակցության հրավեր է ստացել ՀՅԴ Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի նախագահ Արմեն Մազլումյանը։ Վերջինս հանդես է եկել ելույթով և ծրագրային առաջարկներ ներկայացրել Եգիպտոսում ահաբեկչության դեմ պայքարի և հատկապես դրա կանխարգելման ուղղությամբ։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

01.05.2022 թ.